Այսպիսի խորհուրդ տվեց Բելգիայի խորհրդարանի նախագահը
Եվրոպացիների համար հեշտ է ասել՝ հարեւաններին չեն ընտրում, բայց նրանց հետ հարկավոր է ապրել: Իբրեւ հարեւանի հետ ապրելու օրինակ՝ Բելգիայի խորհրդարանի նախագահ Հերման Դե Կրոոյը Արթուր Բաղդասարյանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ նույն խորհուրդը տվեց եւ իբրեւ օրինակ ներկայացրեց Բելգիայի եւ Գերմանիայի հարեւանությունը. «Բելգիան միայն անցած դարի ընթացքում երկու անգամ նվաճված է եղել Գերմանիայի կողմից: Եվ այդ ամենից վաթսուն տարի հետո Բրյուսելը հանդիսանում է Եվրոպայի մայրաքաղաք, եւ շրջանառության մեջ է մի դրամ, որը նույնն է, ինչ որ Գերմանիայի համար»: Բելգիան Հայոց ցեղասպանությունը ճանաչել է 1998-ին, իսկ խորհրդարանի նախագահը, թեպետ հարեւանության մասին լավ-լավ բաներ ասաց, բայց քաջածանոթ էր հայ-թուրքական եւ հայ-ադրբեջանական պատմությանը եւ հայտարարեց, որ խիստ հուզված էր, որ իր գլխավորած պատվիրակության անդամների հետ ցեղասպանության հուշահամալիրի այգում ծառ է տնկել:
Ի դեպ, պատվիրակության կազմում մի քանի ընդդիմադիր պատգամավորներ կան, բայց քանի որ նրանց ընդդիմությունը պառլամենտի աշխատանքները չի բոյկոտել, Բելգիայում նրանց մասին չեն բամբասում, «թե Բրյուսելում գործի չեն գալիս, բայց Հայաստան զբոսանքի են գնում»: Ընդհակառակը, պարոն Կրոոյը խիստ սիրալիր ներկայացրեց իրեն ուղեկցող ընդդիմադիրներին, վերջիններս էլ արժանապատվությամբ գլուխ տվեցին: Իսկ ընդհանրապես, նկատվեց, որ Բելգիայի խորհրդարանի նախագահը սիրում է խոսել, եւ փաստորեն այնքան խոսեց, որ հարցեր տալու ժամանակ չմնաց: Պարոն Կրոոյի պատկերացմամբ. «Հայաստանը մի նավ է, որը պատմության ալիքների վրա ունեցել է դժվար եւ ծանր կյանք»: Բելգիայի խորհրդարանի նախագահի համար այս տարածաշրջանը խիստ կարեւոր է թվում. «Հանդիպումների ժամանակ մենք հասկացանք, որ Հայաստանի իշխանությունները նպատակասլաց ուզում են լուծել հարեւանների հետ փոխհարաբերությունների հարցը: Բոլորս հասկանում ենք, որ երկխոսությունը միակ ձեւն է, միակ ուղին»: Իբրեւ օրինակ բերվեց ԵՄ-ի ձեւավորման պատմությունը. «Այն ստեղծվեց Ֆրանսիայի եւ Գերմանիայի միջեւ դաշինքի միջոցով, որպեսզի Երկրորդ համաշխարհայինի արհավիրքները չկրկնվեն»:
Արթուր Բաղդասարյանը, որը ասուլիսի ժամանակ մի քանի անգամ ցուցադրեց ֆրանսերենի իր իմացությունը, ասաց, որ մենք եվրոպական արժեքներ կրող ժողովուրդ ենք եւ խիստ կարեւորում ենք եվրոպական երկրների հետ մեր միջխորհրդարանական եւ բոլոր կապերը: Հյուրի հետ խոսվել է «Հայաստանի դեմոկրատական բարեփոխումների խորացման խնդիրների մասին, մեր հարեւաններին առնչվող խնդիրների, Ղարաբաղի հիմնախնդրի եւ այլ հարցերի մասին»:
Մ. Ե.