ՀՀԿ խմբակցության
պատգամավոր, «Վեդի Ալկո» ընկերության նախագահ Մանվել Ղազարյանի հետ զրուցեցինք առավել
իբրեւ երկրապահի, որ մասնակցել է Շուշիի ազատագրմանը եւ ռազմական այլ գործողությունների:
– «Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիր. կարգավորման ուղիները» թեմայով խորհրդարանական
լսումների ընթացքում ազդարարվեց պաշտոնական տեսակետը, թե «անվտանգության գոտի» կազմող
տարածքները եւ ընդհանրապես՝ որոշ զիջումներ կարելի է անել այն պայմանով, որ ադրբեջանական
կողմը տա պատերազմի չվերսկսման հստակ երաշխիքներ: Ինչպե՞ս եք վերաբերվում «տարածքներ՝
խաղաղության դիմաց» մոտեցմանը: – Ես այս խնդրի լուծումը միշտ դիտարկել եմ
ոչ իբրեւ գործարար, այլ առաջին հերթին՝ իբրեւ նախկին զինվոր, մարդ, որ կորցրել է
բազմաթիվ ընկերներ, որի աչքի առջեւ են բազմաթիվ ծնողազուրկ ընտանիքներ, պատերազմի
հաշմանդամներ, որդեկորույս մայրեր եւ վերջապես՝ Եռաբլուրը: Բայց պիտի նշեմ,
թե զիջումներին նախ պիտի պատրաստ լինի հասարակությունը: Վերհիշենք ոչ վաղ անցյալի՝
1997-ի դեպքերը եւ մեր առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հոդվածը: Միշտ այն կարծիքին
եմ եղել, որ նա՛ չպետք է գրեր նման հոդված. նա պիտի իր ցանկացած քայլն աներ իբրեւ
երկրի նախագահ: Իսկ նրա փոխարեն փոխզիջումների անհրաժեշտության մասին կարող էին հոդվածներ
գրել հասարակական գործիչները, մտավորականները կամ այլ խավերի ներկայացուցիչները:
– Սակայն նման հոդված գրելու համար պետք էր որոշակի պատկերացում ունենալ բանակցային
գործընթացի մասին, իսկ Ձեր թվարկած գործիչները, մեղմ ասած՝ լավատեղյակ չեն գործընթացի
նրբերանգներին, առկա վտանգներին, որոնց մասին զգուշացնում էր առաջին նախագահը: –
Կային, չէ՞, որոշ մարդիկ, որոնք որոշ չափով տեղյակ էին: Կամ ոմանք էլ կարող էին տեղեկացվել
այդ ամենի մասին: Եվ հասարակության գիտակցության մեջ պիտի մտցվեր այդ գաղափարը, թե
հարկավոր է պատրաստ լինել փոխզիջումների: Թե չէ միանգամից այլընտրանք առաջարկվեց՝
պատերա՞զմ, թե՞ խաղաղություն, եւ նա վտանգեց իր նախագահական դիրքը: – Սակայն
այսօր Լեւոն Տեր-Պետրոսյանի հոդվածի որոշ դրույթները կրկնում են ե՛ւ արտգործնախարարը,
ե՛ւ պաշտպանության նախարարը: Եվ անգամ առաջին նախագահի ոխերիմ հակառակորդ ՀՅԴ Բյուրոյի
անդամն է հանդես գալիս հօգուտ փուլային կարգավորման, ճիշտ է՝ ի տարբերություն նշելով,
թե առաջին փուլում պետք է լուծվի ԼՂ կարգավիճակի հարցը: Ինչպե՞ս եք մեկնաբանում այս
իրողությունը: – Մենք իշխանության ենք եկել այլ՝ տարածքները չվերադարձնելու
եւ որեւէ փոխզիջման չգնալու կարգախոսներով: Եվ մենք այսօր իրավունք չունենք բարձրաձայն
խոսելու փոխզիջումների մասին: Պետք է ամեն ինչ անենք մեր նվաճումները պաշտպանելու
համար: Եվ հարկավոր է ոչ թե հիասթափություն ու հուսալքություն առաջացնել, այլ ժողովրդի
գիտակցության մեջ ամրապնդել այն համոզմունքը, թե հայրենիքի զավակների արյամբ են ձեռք
բերված այդ նվաճումները եւ դրանք պետք է պահպանվեն: Ես այլ կերպ չեմ պատկերացնում:
– Սակայն հիմա պիտի հարց ուղղեմ իբրեւ գործարարի՝ մի՞թե Ձեր գործունեության
վրա չի անդրադառնում Ղարաբաղի հակամարտության չկարգավորված վիճակը: Եվ արդյոք տեսանելի՞
չէ, որ փոխզիջումների միջոցով խնդրի լուծումն ուղղակի անհրաժեշտություն է Հայաստանի
տնտեսության համար: – Փաստ է, որ այլոց պես՝ մենք չունենք համապատասխան հաղորդակցական
ուղիներ արտերկրի հետ շփվելու համար: Փաստ է նաեւ, որ դրանից տուժում է մեր տնտեսությունը:
Եվ ինքս, որպես գործարար, ամեն անգամ դա զգում եմ իմ «մաշկի» վրա: Ասենք, Մոլդովան
Մոսկվա խմիչք ուղարկելու համար պիտի ծախսի ընդամենը 700-1000 դոլար, իսկ մեզ համար
պահանջվում է 4-5 անգամ ավելին: Այնպես որ՝ վիճակն անհամեմատելի է: Սակայն
չպետք է խառնենք ազգային արժանապատվությունն ու արժեքները, մեր ռազմավարական կարեւորագույն
խնդիրը տնտեսական շահերի հետ: Եթե այս պահից արդեն մտածում ենք փոխզիջումների մասին՝
մեր մեջ «կոտրում ենք» մի մեծ եւ սկզբունքային արգելակ, որից հետո զիջումները կարող
են դառնալ անընդհատ: Ինչո՞ւ այսօր Թուրքիան, որ հզոր եւ մեծ երկիր է դարձել՝ չի ցանկանում
որեւէ բան զիջած լինել եւ չի համաձայնում առանց նախապայմանների բանակցել Հայաստանի
հետ եւ անգամ չի ճանաչում իբրեւ պետություն: – Ադրբեջանի նախագահն էլ վերջերս
երկրի ներքին զորքերի ձեւավորման 13-րդ տարեդարձի միջոցառումների ընթացքում հայտարարեց,
թե Ղարաբաղի հարցում Բաքվի կողմից չի կարող լինել փոխզիջում, ավելի ուշ էլ՝ թե Ադրբեջանի
եւ Հայաստանի միջեւ պատերազմ հնարավոր է ամեն պահի: Եվ քարոզչական այս ֆոնին է, որ
մեր պաշտպանության նախարարը հանդես է գալիս փոխզիջումների մասին հայտարարություններով:
Իսկ միգուցե սրանք առավել արտաքին աշխարհի՞ն հասցեագրված ուղերձներ են կամ որոշակի
նախապատրաստությո՞ւն նախագահական ընտրություններին՝ Արեւմուտքին որպես ընդունելի
թեկնածու ներկայանալու համար: – Ընդհանրապես քաղաքականության կանոնները թույլ
են տալիս, որ նման քննարկումներում արտահայտվեն այսպիսի գաղափարներ հենց թեկուզ միջազգային
հանրությանն ինչ-որ բան ապացուցելու համար՝ թե մենք պատրաստ ենք փոխզիջումների, բայց
մեր հարեւանը համաձայն չէ: Կամ գուցե այս հայտարարությունների հասցեատերը մեր ժողովրդի
այն հատվածն է, որի ականջին ավելի հաճելի՞ է փոխզիջումների գաղափարը: Համենայնդեպս՝
ինձ համար ընդունելի չեն այդ գաղափարները: Մենք կարող ենք պահանջել, որ մի փոքր էլ
Ադրբեջանը պատրաստակամություն հայտնի զիջումների եւ ընդունի ԼՂ անկախությունը: Հարցազրույցը
վարեց ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆԸ