Հիմա էլ մշակութային լիգա Ստեղծվել է նոր կառույց Հանրապետության ստեղծագործական միությունների շարքերը համալրվեց եւս մեկով՝ «Մշակույթի գործիչների համահայկական լիգայով», որի նախաձեռնող խմբում են կոմպոզիտոր Ռոմեն Դավթյանը, խմբավար Դավիթ Ղազարյանը, ռեժիսոր Միքայել Նիգարյանը, ջութակահար Հովհաննես Մուրադյանը եւ այլք: Օրերս կայացավ լիգայի շնորհանդեսը: Ի դեպ, նորաստեղծ լիգայի վարչության որոշմամբ աշխարհահռչակ հայ արվեստագետներին, ինչպես նաեւ արտերկրում ստեղծագործող հայ եւ օտարազգի մշակույթի գործիչներին՝ Գոհար Գասպարյանին, Էդվարդ Միրզոյանին, Ալեքսանդր Հարությունյանին, Էդվարդ Իսաբեկյանին, Հակոբ Հակոբյանին, Շառլ Ազնավուրին, Արմեն Ջիգարխանյանին, Մստիսլավ Ռոստրոպովիչին, Վլադիմիր Սպիվակովին եւ Վալերի Գերգիեւին, առաջին անգամ շնորհվեցին «Հայ արվեստի ասպետ» շքանշաններ: «Առավոտը» զրույցի հրավիրեց լիգայի նախագահ, Երեւանի պետկոնսերվարտորիայի պրոֆեսոր Դավիթ Ղազարյանին: Նա տեղեկացրեց, որ լիգան իր առջեւ առաջնային խնդիր է դրել միավորել մեկ կազմակերպության մեջ մշակույթի եւ արվեստի հայ գործիչներին, որոնք ապրում եւ գործում են աշխարհի տարբեր երկրներում: Համախմբել նրանց մեկ ազգային գաղափարի շուրջ, համագործակցելով հանրապետության բոլոր ստեղծագործական միությունների, ընկերությունների հետ: «Լիգան լինելով հասարակական-մշակութային կամավոր սկզբունքով գործող կազմակերպություն, նպատակ ունի աշխարհին ներկայացնել հայ արվեստը հնագույն ժամանակներից մինչեւ մեր օրերի նվաճումները»,- ասաց պարոն Ղազարյանը:- Ունենք երեք տարվա համար մշակած նախագծեր, ինչ խոսք, կանցկացնենք սիմպոզիումներ, փառատոներ: Երեւի թե դեռ վաղ է, բայց կուզեի բարձրաձայնել մեկ նախագծի մասին, որի առաջին նախաձեռնողն ու իրականացնողը կհանդիսանա լիգան, այն է՝ համահայկական միացյալ երգչախմբի, սիմֆոնիկ նվագախմբի գաղափարը»: Զրուցակիցը տեղեկացրեց նաեւ, որ լիգան պատրաստվում է մասնաճյուղեր հիմնել ՌԴ-ում, ԱՄՆ-ում, ԱՊՀ հայաշատ երկրներում, ինչպես նաեւ Արցախում: Կանխելով մեր վերջին հարցը, պարոն Ղազարյանն ասաց. «Մենք հուսով ենք, որ կգտնվեն բարերարներ, որոնք կնպաստեն լիգայի կողմից ձեռնարկվող ծրագրերի իրականացման՝ միանշանակ պատվաբեր գործին»: Մշակույթի գործիչներից հետաքրքրվեցինք, թե ինչպե՞ս են վերաբերվում ստեղծագործական նոր կառույցի ստեղծմանը, մանավանդ որ արդեն կա նախագահին, ԱԺ համապատասխան հանձնաժողովին կից մշակույթի խորհուրդ: Լեւոն Անանյան, ԳՄ նախագահ- Մշակույթի ոլորտում ամեն նոր փորձ, քայլ խրախուսում եմ, միայն թե փորձը չդառնա փորձանք: Ինչ խոսք, ժամանակը ցույց կտա՝ անհրաժե՞շտ էր լիգան: Կարեն Աղամյան, Նկարիչների միության նախագահ- Յուրաքանչյուր արվեստագետ ցանկություն ունի ստեղծել նորը: Ճիշտ է, ունենք մշակույթի տարբեր ոլորտները կոորդինացնող միություններ, բայց թե ինչ են մտածում կամ ինչպես են մտածում լիգայի վարչության անդամները՝ քիչ բան գիտեմ: Տա Աստված, մտածեն ի շահ ու ի բարօրություն մեր մշակույթի: Սերգեյ Սարաջյան, Երեւանի պետկոնսերվատորիայի ռեկտոր- Գտնում եմ, որ մշակութային նոր միությունների ու նման կառույցների երեւան գալով միայն խթանվի արվեստագետների գործունեությունը եւ, բնականաբար, կշահի մշակույթը: Արամ Իսաբեկյան, Գեղարվեստի պետական ակադեմիայի ռեկտոր- Կցանկանամ, որ լիգան իրական գործով ցույց տա, որ ինքը հերթական կառույց չէ, ինչում արդեն համոզված եմ, ելնելով նրա անդամների ներկայացուցչական կազմից: Հակոբ Ղազանչյան, ռեժիսոր- Իհարկե, կարելի էր նաեւ չունենալ ստեղծագործական այս կառույցը, քանի որ գործող մշակութային միությունները տարիներ շարունակ ունեն իրենց խնդիրները: Բայց համոզված եմ, որ լիգան հայաստանյան «խայտաբղետ» մշակութային կյանքում համագործակցության կտանի բոլոր ստեղծագործական միություններին: Գուցե նաեւ ձեւավորի մեկ՝ «համահայկական» կարծի՞ք: Ս. ԴԱՆԻԵԼՅԱՆ