Եվրահարեւանի հոգսերը 2004թ. հունիսից Հայաստանը, Ադրբեջանն ու Վրաստանը Եվրոպական հանձնաժողովի որոշմամբ ընդգրկվեցին ԵՄ-ի «Եվրոպական հարեւանության քաղաքականություն (ԵՀՔ)» ռազմավարական ծրագրում, ինչով, կարելի է ասել, դրվեց Հարավային Կովկասի եվրաինտեգրման առավել ինտենսիվ եւ կանոնակարգված գործընթացի սկիզբը: Այդուհանդերձ, ԵՀՔ-ն ամենեւին էլ դեպի Եվրամիության լիարժեք անդամություն տանող ճանապարհը չէ, եւ դրա իրագործումը բնավ չի ենթադրում, որ հարեւան հռչակված երկրները ինչ-որ մի պահի անպայմանորեն մուտք կգործեն ԵՄ: Ավելին, անգամ կարծիքներ կան, որ, այսպես կոչված, «նոր հարեւանության» սահմանագծումով Եվրոպական հանրակցությունը վերջնականապես հասկացնել է տալիս արդեն իսկ ընդլայնված սահմաններն այլեւս չփոփոխելու իր մտադրությունը: Ըստ այդմ, ԵՄ-ն ձեռնամուխ է եղել իր ներկայիս սահմանների շուրջ անվտանգության եւ կայունության բուֆերային գոտիներ ձեւավորելու գործին՝ ելնելով բացառապես սեփական անվտանգության հետ կապված մտահոգություններից: Որքանո՞վ է ընկալելի ԵՀՔ-ն Հայաստանում՝ մասնավորապես, եւ տարածաշրջանում՝ ընդհանրապես: Ի՞նչ չափով է Հայաստանի հանրությունն այսօր պատրաստ ինտեգրվելու եվրոպական արժեքային դաշտին եւ պատրա՞ստ է արդյոք: Ի՞նչ դեր ունեն նշյալ գործընթացներում ԶԼՄ-ները. արդյո՞ք հենց նրանց է վերապահված լոկոմոտիվի դերը ԵՀՔ-ի ու առհասարակ՝ եվրաինտեգրման գործընթացներում: Այս հարցերն էին ընկած ապրիլի 1-3-ը Ծաղկաձորում կայացած սեմինարի ընթացքում ծավալված քննարկումների հիմքում, որը «Ֆրիդրիխ Էբերտ» հիմնադրամի աջակցությամբ կազմակերպել էր Երեւանի մամուլի ակումբը: Զեկուցողներից մեկի արձանագրմամբ, ԵՄ հարեւանության ծրագիրը ենթադրում է անհատական մոտեցում հարեւաններից յուրաքանչյուրի նկատմամբ: Սա նշանակում է, որ ինտեգրման աստիճանը պայմանավորված է լինելու տվյալ երկրի ցանկություններով ու հնարավորություններով: Ասել է թե՝ չի գործելու ԵԽ-ի կողմից գործադրվող «պարիտետի արատավոր սկզբունքը», ուստի՝ առավել ուժգին ձգտումներ ունեցող երկիրը ԵՄ-ի հետ առավել խոր համագործակցության հնարավորություն կունենա: Մեկ այլ դիտարկման համաձայն, հարեւանության ծրագիրը դրանում ողջ հասարակության ներգրավվածության կարիքն ունի, քանզի միայն այդ կերպ հնարավոր կլինի իրականացնել բոլոր այն տնտեսական, սոցիալական եւ կառուցվածքային բարեփոխումները, որոնք նախանշված են ԵՀՔ-ով: Մասնակիցներից շատերի համոզմամբ, Եվրոպայի հարեւանության ծրագիրը Հայաստանի ողջ բնակչության համար կենսական նշանակություն ունի եւ, մինչ այժմ իրականացված շատ ծրագրերի օրինակով, դրա «իմիտացիան» ուղղակի կործանարար կլիներ մեզ համար: Քննարկումների մի ամբողջ բաժին նվիրված էր ԵՀՔ համատեքստում հարավկովկասյան հակամարտությունների, մասնավորապես՝ ԼՂ հակամարտության հետագա ճակատագրին: ԵՄ-ի կողմից որդեգրված սկզբունքների լույսի տակ դիտարկվեցին հակամարտության կարգավորման մի քանի հավանական մոդելներ: Եզրահանգումը մեկն էր՝ լիարժեք եվրաինտեգրումը հնարավոր է միայն տարածաշրջանային մասշտաբով: Տ. ԱՎԵՏԻՍՅԱՆ