Լրահոս
Օրվա լրահոսը

Փոխադարձ արգելանքներ

Ապրիլ 05,2005 00:00

Ռիելթորներն իրար հետ լեզու չեն գտնում

Անցած ամռանը «Ռիելթորների եւ գնահատողների ազգային ասոցիացիայի» հիմնադիր անդամ Հակոբ Բաղդասարյանը, առանց խորհրդի անդամներին եւ վերստուգիչ հանձնաժողովին տեղյակ պահելու, վերցրեց ասոցիացիայի հաշվապահական փաստաթղթերը ու հեռացավ՝ պատճառաբանելով, որ ունի որոշակի կասկածներ միության գործադիր տնօրենի ազնվության առնչությամբ:

2004-ի սեպտեմբերի 10-ին «Ռիելթորների եւ գնահատողների ազգային ասոցիացիայի» իրավաբանական անձանց միության լիազոր ներկայացուցիչ Արա Զորաբյանը դիմեց ՀՀ տնտեսական դատարան՝ պահանջելով վերականգնել ասոցիացիայի իրավունքի խախտումը եղած դրությունը, պարտավորեցնելով «Ակցեռն» ՍՊ ընկերությանը՝ ի դեմս Հակոբ Բաղդասարյանի, վերադարձնել միության հաշվապահական փաստաթղթերը՝ ներառյալ հրամանների, դրամարկղի գրքերը, անդորրագրերը եւ այլն: Ընդ որում, իբրեւ հայցի ապահովման միջոց, միության լիազոր ներկայացուցիչ Ա. Զորաբյանը խնդրել էր դատարանին վերոնշյալ փաստաթղթերը պահպանել ԱՆ ԴԱՀԿ ծառայությունում՝ «հաշվի առնելով այն հանգամանքը, որ միության սեփականությունը հանդիսացող հաշվապահական փաստաթղթերը, մնալով պատասխանողի մոտ, կարող են դիտավորյալ կամ անզգուշությամբ կորչել, վնասվել, ինչով կվատթարանա փաստաթղթերի վիճակը, կդժվարանա դատական ակտի կատարումը»: ՀՀ տնտեսական դատարանը, Կարեն Մաթեւոսյանի նախագահությամբ, քննության դնելով վերոնշյալ հայցադիմումը՝ մասնակի բավարարեց միջնորդությունը՝ արգելանքի տակ թողնելով միայն կանոնադրության բնօրինակները, միության անդամների ընդհանուր ժողովների, նիստերի արձանագրությունը, հրամանագիրքը:

Չանցած երկու օր նույն դատարանը, որպես հայցի ապահովման միջոց, արգելանք դրեց հաշվապահական փաստաթղթերի, հրամանագրքի, դրամարկղի գրքի, չեկերի եւ հաշվետվության վրա՝ դրանք ԱՆ ԴԱՀԿ ծառայությունում պահպանելու միջոցով: Տնտեսական դատարանի մեկ այլ դատավոր՝ Կարեն Չիլինգարյանը 2004-ի նոյեմբերի 2-ին վարույթ է ընդունում «Ակցեռն» ՍՊԸ-ի դիմումը՝ ԱՆ պետական ռեգիստրի գործակալության կողմից «Ռիելթորների եւ գնահատողների ազգային ասոցիացիայի» իրավաբանական անձանց միության պետական գրանցումը (2001թ.) անվավեր ճանաչելու պահանջով: Տնտեսական դատարանը բավարարեց «Ակցեռն» ՍՊԸ-ի դիմումը՝ անվավեր ճանաչելով վերոնշյալ միության գրանցումը: Հաշվի չառնվեց նաեւ «Բարս» ՍՊԸ-ի լիազոր ներկայացուցչի առարկությունները, ըստ որի՝ «դիմողը մտադրություն ուներ միայն միությանը վնաս պատճառել, հակառակ դեպքում կփորձեր դիմել միությանը՝ կանոնադրության փոփոխության խնդրանքով»: Ա. Զորաբյանը վկայակոչել էր ՀՀ քաղօրի 67 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետը, ըստ որի՝ «իրավաբանական անձը կարող է լուծարվել դատարանի կողմից իրավաբանական անձի գրանցումը անվավեր ճանաչելու դեպքում՝ կապված այն ստեղծելու ժամանակ թույլ տրված օրենքի խախտումների հետ: Ընդ որում, լուծարման դեպքում նրա գործունեությունը դադարում էր առանց իրավունքները եւ պարտականությունները իրավահաջորդության կարգով այլ անձանց հանձնելու»:

Ռ. ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել