Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՐՀԱՄԱՐՀԱՆՔԻ ՎԿԱՅՈՒԹՅՈՒՆ

Ապրիլ 05,2005 00:00

«Արդարության» պատգամավորները երեկ մասնակցեցին «Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիր: Կարգավորման ուղիներ» թեմայով լսումներին, իսկ Ալբերտ Բազեյանը, Ստեփան Զաքարյանը, Շավարշ Քոչարյանն ու Հրանտ Խաչատրյանը նաեւ հանդես եկան զեկույցներով: Այնուամենայնիվ, լսումների սկզբում տեղի ունեցավ մի միջադեպ, որն ստիպեց «Արդարության» քարտուղար Վիկտոր Դալլաքյանին դուռն ուժգին շրխկացնելով հեռանալ նիստերի դահլիճից:

Նա հիշեցրեց, որ Սահմանադրության համաձայն՝ հանրապետության նախագահն է ներկայացնում Հայաստանը միջազգային հարաբերություններում եւ իրականացնում «արտաքին քաղաքականության ընդհանուր ղեկավարում»: Եվ հետաքրքրվեց, թե արդյոք այդ քաղաքականության պատասխանատուն՝ Ռոբերտ Քոչարյանը հրավիրվե՞լ է լսումներին, թե՞ ոչ: Նաեւ փորձեց պարզել, թե ինչո՞ւ է լսումների կազմակերպիչը՝ արտաքին հարաբերությունների հանձնաժողովը սահմանել այնպիսի ընթացակարգ, ըստ որի՝ հիմնական զեկուցողներին հարցեր կարող են տրվել միայն գրավոր: Հանձնաժողովի նախագահ Արմեն Ռուստամյանն ի պատասխան ասաց, թե լսումների հարցը մի քանի անգամ քննարկել են Ռոբերտ Քոչարյանի հետ, եւ նպատակահարմար է համարվել, որ պաշտոնական տեսակետները ներկայացնեն Վարդան Օսկանյանն ու Սերժ Սարգսյանը: «Արդարության» քարտուղարն առաջարկեց արձանագրել քաղաքական այն փաստը, որ 1998-ից ի վեր «Ռոբերտ Քոչարյանը որեւէ անգամ չի բարեհաճել գալ խորհրդարան եւ ներկայացնել իր տեսակետը»:

Գրավոր հարցերը պրն Ռուստամյանը հիմնավորեց այն փաստարկով, որ հասցնեն լսել նախատեսված 70-ից ավելի զեկույցները: Ինչին արձագանքելով՝ պրն Դալլաքյանը հայտարարեց, թե չի ցանկանում ժամանակ խնայել՝ լսելու այնպիսի անհայտ մարդկանց ելույթներ, ինչպիսիք, ասենք, Համատիրությունների նախագահների ասոցիացիայի ներկայացուցիչ Արամ Գրիգորյանինն է (ի հավելումն նշենք, որ այսօր զեկույցով հանդես է գալու նաեւ «Հայլուրի» թղթակից Հայկարամ Նահապետյանը): Սրան ի պատասխան՝ ՀՀԿ խմբակցության անդամ Համլետ Հարությունյանը հայտարարեց, թե Վիկտոր Դալլաքյանը կապ չի ունեցել Ղարաբաղյան շարժման հետ, դրա համար էլ չի ճանաչում այդ մարդկանց: Վերջինս դուրս եկավ դահլիճից, իսկ հետո «Առավոտին» ասաց. «Նման ընթացակարգով լսումներ կազմակերպելը ցույց է տալիս, որ ԱԺ-ն դարձել է 3-րդական կարգի ինստիտուտ… Սա արհամարհական վերաբերմունք է խորհրդարանի նկատմամբ»:

Ա. Ի.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել