Եվրահարեւանի
հոգսերը 2004թ. հունիսից Հայաստանը, Ադրբեջանն ու Վրաստանը
Եվրոպական հանձնաժողովի որոշմամբ ընդգրկվեցին ԵՄ-ի «Եվրոպական հարեւանության քաղաքականություն
(ԵՀՔ)» ռազմավարական ծրագրում, ինչով, կարելի է ասել, դրվեց Հարավային Կովկասի եվրաինտեգրման
առավել ինտենսիվ եւ կանոնակարգված գործընթացի սկիզբը: Այդուհանդերձ, ԵՀՔ-ն ամենեւին
էլ դեպի Եվրամիության լիարժեք անդամություն տանող ճանապարհը չէ, եւ դրա իրագործումը
բնավ չի ենթադրում, որ հարեւան հռչակված երկրները ինչ-որ մի պահի անպայմանորեն մուտք
կգործեն ԵՄ: Ավելին, անգամ կարծիքներ կան, որ, այսպես կոչված, «նոր հարեւանության»
սահմանագծումով Եվրոպական հանրակցությունը վերջնականապես հասկացնել է տալիս արդեն
իսկ ընդլայնված սահմաններն այլեւս չփոփոխելու իր մտադրությունը: Ըստ այդմ, ԵՄ-ն ձեռնամուխ
է եղել իր ներկայիս սահմանների շուրջ անվտանգության եւ կայունության բուֆերային գոտիներ
ձեւավորելու գործին՝ ելնելով բացառապես սեփական անվտանգության հետ կապված մտահոգություններից:
Որքանո՞վ է ընկալելի ԵՀՔ-ն Հայաստանում՝ մասնավորապես, եւ տարածաշրջանում՝
ընդհանրապես: Ի՞նչ չափով է Հայաստանի հանրությունն այսօր պատրաստ ինտեգրվելու եվրոպական
արժեքային դաշտին եւ պատրա՞ստ է արդյոք: Ի՞նչ դեր ունեն նշյալ գործընթացներում ԶԼՄ-ները.
արդյո՞ք հենց նրանց է վերապահված լոկոմոտիվի դերը ԵՀՔ-ի ու առհասարակ՝ եվրաինտեգրման
գործընթացներում: Այս հարցերն էին ընկած ապրիլի 1-3-ը Ծաղկաձորում կայացած սեմինարի
ընթացքում ծավալված քննարկումների հիմքում, որը «Ֆրիդրիխ Էբերտ» հիմնադրամի աջակցությամբ
կազմակերպել էր Երեւանի մամուլի ակումբը: Զեկուցողներից մեկի արձանագրմամբ, ԵՄ հարեւանության
ծրագիրը ենթադրում է անհատական մոտեցում հարեւաններից յուրաքանչյուրի նկատմամբ: Սա
նշանակում է, որ ինտեգրման աստիճանը պայմանավորված է լինելու տվյալ երկրի ցանկություններով
ու հնարավորություններով: Ասել է թե՝ չի գործելու ԵԽ-ի կողմից գործադրվող «պարիտետի
արատավոր սկզբունքը», ուստի՝ առավել ուժգին ձգտումներ ունեցող երկիրը ԵՄ-ի հետ առավել
խոր համագործակցության հնարավորություն կունենա: Մեկ այլ դիտարկման համաձայն, հարեւանության
ծրագիրը դրանում ողջ հասարակության ներգրավվածության կարիքն ունի, քանզի միայն այդ
կերպ հնարավոր կլինի իրականացնել բոլոր այն տնտեսական, սոցիալական եւ կառուցվածքային
բարեփոխումները, որոնք նախանշված են ԵՀՔ-ով: Մասնակիցներից շատերի համոզմամբ, Եվրոպայի
հարեւանության ծրագիրը Հայաստանի ողջ բնակչության համար կենսական նշանակություն ունի
եւ, մինչ այժմ իրականացված շատ ծրագրերի օրինակով, դրա «իմիտացիան» ուղղակի կործանարար
կլիներ մեզ համար: Քննարկումների մի ամբողջ բաժին նվիրված էր ԵՀՔ համատեքստում հարավկովկասյան
հակամարտությունների, մասնավորապես՝ ԼՂ հակամարտության հետագա ճակատագրին: ԵՄ-ի կողմից
որդեգրված սկզբունքների լույսի տակ դիտարկվեցին հակամարտության կարգավորման մի քանի
հավանական մոդելներ: Եզրահանգումը մեկն էր՝ լիարժեք եվրաինտեգրումը հնարավոր է միայն
տարածաշրջանային մասշտաբով: Տ. ԱՎԵՏԻՍՅԱՆ