Լրահոս
Օրվա լրահոսը

ՍԱՏԱՆԱՅԻՆ ՔԱՀԱՆԱՅԻ ՀԱԳՈՒՍՏՆ ԷԼ ՉԻ ՕԳՆԻ

Ապրիլ 05,2005 00:00

Ցցված
ականջները, միեւնույն է, կմատնեն – Օրերս ԱՄՆ-ի հեղինակավոր վերլուծական կենտրոն
«Stratfor»-ն իր ինտերնետային էջում հրապարակել էր Հայաստանին վերաբերող նյութեր,
որոնցից կարելի էր հետեւություն անել, որ Ռ. Քոչարյանը եւ Ս. Սարգսյանը որդեգրելով
ընդգծված արեւմտամետ քաղաքականություն՝ կարող են պահպանել իրենց տակ երերացող «աթոռները»:
Այս հարցին ի պատասխան «Ազգային Միաբանություն» կուսակցության նախագահ Արտաշես Գեղամյանը
տվեց հետեւյալ մեկնաբանությունը: – Ռ. Քոչարյանը եւ Ս. Սարգսյանը, իհարկե,
անզոր են իշխանությունը պահել, անգամ իսկ, եթե ձեւ անեն, թե ավելի արեւմտամետ են,
քան իրենք՝ արեւմտյան հայտնի ժողովրդավարությունները: Ի՞նչ է նշանակում վարել ընդգծված
արեւմտամետ քաղաքականություն: Դա առաջին հերթին նշանակում է պետականորեն հովանավորել
արեւմտյան արժեքների արմատավորումը մեր կյանքի բոլոր բնագավառներում: Այն է՝ ավտորիտարիզմի
գրկում հայտնված Հայաստանի Հանրապետությունում անշրջելի դարձնել ժողովրդավարացումը
ներքին եւ արտաքին քաղաքականության ոլորտներում: Մղել անողոք պայքար կոռուպցիայի
եւ կաշառակերության դեմ, մարդու իրավունքների, օրենքների ոտնահարմանը հակադարձել
օրենքի գերիշխանությունը: Կլանային, մենաշնորհային տնտեսությունը փոխարինել օրենքով
հավասար, մրցակցային պայմաններում գործող տնտեսվարմամբ: Ապահովել դատական իշխանությունների՝
գործադիրից անկախ գործունեությունը, հասնել չորրորդ իշխանության լիակատար ազատությանը
եւ անկախությանը: Այսինքն՝ ձերբազատվել բոլոր այն արատներից, որոնց կրողներն ու հովանավորն
են այս իշխանությունները, որոնք անընդունելի են արեւմտյան քաղաքակրթության համար:
Հակառակ դեպքում, պատկերավոր ասած, դա կլինի նույնը, եթե սատանային հագցնեն
քահանայի զգեստներ եւ փորձեն խցկել դրախտ: Բա այդ դեպքում որտե՞ղ են դրախտի դարպասների
պահապան հրեշտակները… Դրախտի սպասավորներին սատանայական արքունիքից չէ, որ զինվորագրում
են: Եթե ավտորիտար իշխանազավթիչները, հռչակելով արեւմտամետություն, կարողանան երկարաձգել
սեփական արատավորված վարչակարգերը, ապա իրականություն կարող են դառնալ ամերիկացի
հայտնի քաղաքական գործիչ (90-ականների սկզբին ԱՄՆ նախագահի թեկնածու) Պատրիկ Բյուկենենի
«Արեւմուտքի մահը» բեստսելլերում շարադրված մտքերը: R

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել