Լրահոս
Օրվա լրահոսը

ԽՂՃՈՎ

Ապրիլ 02,2005 00:00

ԽՂՃՈՎ ԵՎ ՎԱՐԿՈՎ ՊԱՀՎՈՂ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆ Կարեւորը «պրոցեսն» է Սուրբ Թերեզայի անվան բժշկական համալսարանում սովորում է մոտ 350 ուսանող: «Մի 100 հատ հայ ունենք, մի 250 էլ՝ արաբ: Հայերի գլուխը կերան կլանները: Շատերը կլանների ժերտվա գնացին. 98-ին 2000 հայ ունեինք»,- պատմում է համալսարանի ռեկտոր Լարիսա Համբարձումյանը: Նա հավաստիացնում է, որ բուհն արտասահմանցիներին չի էլ հրավիրում. ոչ բրոքերներ ունեն, ոչ հատուկ գրասենյակներ, որտեղ հավաքագրվեն ցանկացողները. «Նրանք վահանակը տեսնում են, մտնում: Ցանկություն էլ չունեի Սիրիայից ուսանող ընդունելու, որովհետեւ պատկերացնում էի, որ դա թույլ գոտի է, թվում էր, որ մակարդակն էլ այն չի, բայց հետո պարզվեց, որ լավ էլ խելացի երեխեք կան, լավ էլ սովորում են»,- շարունակում է Լ. Համբարձումյանը: Վերջինիս տեղեկացրինք մեր դիտարկումները, որ բուհի միջանցքներում հանդիպել ենք 2-3-րդ կուրսի ուսանողների, որոնք ոչ ռուսերենին էին տիրապետում, ոչ անգլերենին՝ իբրեւ ուսուցման լեզուներ: «Ունենք սիրիացի, որ թարգմանում է արաբերեն, հաստիքով պահում եմ, զուգահեռ սինխրոն թարգմանում է»: Մեր հարցին, թե արդյո՞ք այդ մի հոգին ինչպես է հասցնում տարբեր կուրսերում եւ դեռ պրակտիկայի ժամանակ էլ սինխրոն թարգմանություն անել բոլորի համար, տիկին Համբարձումյանը հաստատական պատասխան տվեց: Բուհն ունի առանձին շենք՝ քաղաքի կենտրոնում, բարվոք վիճակում է եւ վերանորոգման աշխատանքներն էլ դեռ շարունակվում են: Սակայն, պարզվում է, այս բոլոր ծախսերն ամենեւին էլ բուհի շահույթից չեն արվում, ավելին, ըստ ռեկտորի, բուհը շահույթ չունի, որովհետեւ «դեռ մեկը չկա, որ ստաբիլ 500 դոլար մուծի, 100-150 դոլար են մուծում, մուծումներն ամբողջը զեղչային համակարգով է: 100-ից ավելի երեխաներ անվճար են սովորում այստեղ»: Ի դեպ, այդ 100-ից 50-ն են միայն հայ: Ռեկտորի տվյալներով, բուհում անվճար է սովորում ճիշտ նույնքան արաբ: Իսկ ի՞նչ աղբյուրներից է սնվում բուհը եւ ինչպե՞ս է, հենց թեկուզ, վերանորոգվում. «Հենց այսօր տոկոսով վարկ եմ վերցրել՝ 5000 դոլար,- մեզ հետ զրույցի ժամանակ ասաց տիկին Համբարձումյանը,- Աստված մի դուռ բացում է, օգնիր եւ օգնություն կգտնես: Մեր համալսարանում խիղճը շատ լավ աշխատում է: Ամեն ուսանող ինքնառեկլամ է, որ մեզ հնարավորություն է տալիս, որ մեր համալսարանը դուրս գա շուկա: Մենք այսքան գումար չենք ծախսում, որ նստենք, իրար երես նայենք: Մենք չպետք է վախեցնենք, ոչ էլ հուշտ անենք էդ եկողներին, շուկան պետք է աշխատի, Ֆրանսիան էլ լի է արաբներով, ընդհակառակը պետք է օգնենք, որ իրենք անլիարժեքության կոմպլեքս չունենան, եւ գան իրոք կրթվեն»: Բուհի առանձին բաժիններ հավատարմագրվել են դատարանով, եւ բուհը խնդիր ունի լիովին հավատարմագրվելու. «Մեր խնդիրն այն է, որ պրոցեսը լինի, դասերի գան, որովհետեւ ներդրում ենք անում: 2000-ին ատեստավորում չեղավ, 2003-ին դատարանով վերականգնեցինք (խոսքը «ստոմատոլոգիա» մասնագիտության գծով հավատարմագրման մասին է – Հ. Բ.)»: Այնուհետեւ 2004-ին բուհը դարձյալ դատարանով հավատարմագրեց իր երկու՝ «դեղագործություն» եւ «բուժական գործ» մասնագիտությունները: Ճի՞շտ է համարում, արդյոք, բուհի ռեկտորը դատարանով հավատարմագրումը: «Դատարանով ճիշտ է հավատարմագրվել, եթե մեր շահերը ոտնահարվում են: 2000-ին ինչո՞ւ ինձ չատեստավորեցին, եւ ատեստավորեցին նույն կարգավիճակով մի քանի այլ բուհերի: Չմտնեի՞ դատարան, մահանա՞ր համալսարանը: Դատարանը պետք էր, որպեսզի իմ շահերը պաշտպաներ: Ես դեմոկրատիայի խոցելի մի ճյուղ եմ եղել, որտեղ խիստ կարիք կար, որ իմ շահը որեւէ մեկը պաշտպաներ, որովհետեւ պատասխանատու անձինք օբյեկտիվ չեն մոտեցել այդ հարցին: Այսքան ծախս ենք անում, մահանա՞ր ստոմատոլոգիայի ֆակուլտետը»: Ուրեմն՝ ստացվում է, որ ով ինչպես կարողանում է՝ հավատարմագրվում է եւ կրթության դաշտում սկզբունքներ չեն գործում. «Ով ինչպես կարող չէ, դատարանը միակ ստրուկտուրան է, որ պաշտպանում է անճարների շահերը, ում կողքին կռիշա չկա, իսկ իմ կողքին չկա: Ես կռիշա հասկացությունն էլ չեմ ընդունում: Ես շատ հայրենասեր աղջիկ եմ, անապատում եմ այս ամենը ստեղծում ու ինձ պետք չի կռիշ: Ես ուժ չունեմ կլան պահեմ իմ ուսին, ոչ էլ հնարավորություն ունեմ՝ կռիշա պահեմ: Եթե իմ շահերը չեն պաշտպանում՝ օրենքն է, օրենքի դաշտը, կոնկրետ՝ դատարանը: Եվ ես կարծում եմ, որ ճիշտ ենք արել, որ դատարանով ենք մեր շահը պաշտպանել: Դատարանը իմ նման անճարների տեղ է»: Թեեւ, ըստ ռեկտորի, մեղքը ոլորտի նախկին պատասխանատուներինն է, եւ հիմա ինքը ԿԳՆ լիցենզավորման վարչության հետ որեւէ խնդիր չունի: Սակայն հիշեցրինք, որ միայն վերջերս՝ ներկա պատասխանատուների օրոք է դարձյալ դիմել դատարանի օգնությանը: Տիկին Համբարձումյանն այս դեպքում էլ ասում է, որ պարզապես նախարարությունը չուներ համապատասխան չափորոշիչներ, իսկ իրենք սպասել չէին կարող, բուհը կկործանվեր: «Մենք լիցենզավորման վարչության հետ խնդիր չունենք, խնդիրը նախկիններին է վերաբերում»: Հիշեցնենք, որ մի քանի ամիս առաջ դատարանում պատկան մարմինները բուհին առաջարկեցին սկսել հավատարմագրման գործընթաց՝ ըստ պատշաճ կարգի, ինչին չհամաձայնեց ռեկտորը՝ ասելով, որ բուհը ուսանողների արտահոսք է ունեցել, եւ եւս մեկ տարին նշանակում է, որ «բուհը կմահանա»: Այսքան ջանքերից հետո էլ, սակայն, Լարիսա Համբարձումյանը խոստովանում է, որ «Մեր (բուհի-Հ. Բ.) քույրերը (շրջանավարտները- Հ. Բ.) այստեղ (Հայաստանում-Հ. Բ.) պահանջարկ չունեն. նրանց լուրջ չեն վերաբերվում այստեղ»: Լ. Համբարձումյանը «թեթեւակի» լսել է արաբական մամուլի հրապարակումների մասին, որտեղ ասվում է, որ հայաստանյան ոչ պետական բժշկական բուհերում, մեղմ ասած, հեշտ է դիպլոմ ձեռք բերելը: «Մեր քննություններին մարդիկ անձնագրով են մասնակցում, շատ ժոստկիա դրված մեզ մոտ»: Ռեկտորը որեւէ այլ բուհի անուն էլ խուսափեց նշել: «Խնդիրն այն է, որ բոլոր ուսանողները պարտավոր են դասի նստել, սիստեմատիկ հաճախել եւ հանձնել քննություն, սա է մեր խնդիրը, մենք դրան ենք հասնելու, եւ այսօր որ ես դնում եմ հեռացման հարցը, իմ համար մեկ է՝ հայ կլինի, արաբ կլինի»: Ի դեպ, ըստ ռեկտորի, վերջին շրջանում մոտ 10 ուսանողի հեռացման պատճառը բնավ էլ ԿԳՆ ստուգումները չեն, «մենք պարբերաբար հեռացնում ենք»: Փաստորեն՝ առանց վախենալու արտահոսքից եւ նրանից, որ բուհը կարող է մահանալ: ՀԱՍՄԻԿ ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել