Լրահոս
Օրվա լրահոսը

Ապրիլի 13-ի եւս մեկ տուժած

Ապրիլ 02,2005 00:00

Ապրիլի 13-ի եւս մեկ տուժած Բռնություններ՝ գումարած կոռուպցիա Ընդդիմությունը արդեն մեկ տարի շարունակ պահանջում է, որ պատժվեն ապրիլի 12-ի լույս 13-ի գիշերը խաղաղ ցուցարարների դեմ բռնություններ եւ ապօրինություններ կատարած անձինք, սակայն ակնհայտորեն իշխանությունները նման մտադրություն չունեն: Մարտունիում ՀԺԿ նախագահ, «Արդարություն» դաշինքի ղեկավար Ստեփան Դեմիրճյանի հետ հանդիպման ժամանակ բացահայտվեց այդ դեպքերի հետեւանքով եւս մեկ տուժած: Մինչ Ստեփան Դեմիրճյանը հավաքվածներին բացատրում էր, որ իրենք վճռական են այս իշխանություններին հեռացնելու, երկրում սահմանադրական կարգը խաղաղ ճանապարհով վերականգնելու հարցում, մարտունեցի Սերյոժա Խաչատրյանը, իր պատմությունը ներկայացնելուց առաջ, զայրույթով հարցրեց՝ իսկ ինչո՞ւ իշխանությունները մեզ հետ խաղաղ չվարվեցին: Եթե իշխանության համապատասխան օղակները ցանկություն ունենան մեկն ու մեկին պատժել խաղաղ ցուցարարների դեմ վայրի հարձակման համար, կարող են օգտվել նաեւ այս պատմությունից: Իսկ պատմությունը հետեւյալն էր. «Ապրիլի 12-ի խաղաղ ցույցից հետո, երբ մարդիկ իրարից բաժանվեցին եւ ցրվեցին իրենց տները, ես էլ բաժանվեցի, նստեցի երթուղային տաքսին՝ տուն գնալու համար: Իմ նստելուն պես մի կանաչ «Ժիգուլի» մոտեցավ, միջից իջան երեք հոգի եւ ինձ բռնեցին՝ պարտադրելով նստել իրենց մեքենան: Նստեցի եւ հարցրի՝ տղա ջան, ո՞ւր եք տանում: Ոչինչ չեն բացատրում, հրում են՝ թե նստի, տանում ենք: Տարան-հասցրին Շահումյանի միլիցիայի բաժանմունք, բաժանմունքում մինչեւ գիշերվա երկուսը տանջեցին, չարչարեցին, ժամը երեքին բերին Շահումյանի դատարան: Դատավորը նստած գրում-կարդում էր, գրեց-գրեց, բա՝ երեք հազար դրամ վճարիր, որ քեզ բաց թողնենք: Այնտեղ բավականին մարդիկ կային, որոնց էլ ինձ նման բերել էին, ու ոչ ոք հնարավորություն չուներ գոնե զանգել հարազատին, որ գային՝ տիրություն անեին, սոված-ծարավ, ծեծված հանեին-տանեին: Նորից երկու մայոր վերցրին «Ժիգուլով» ինձ տարան Բանգլադեշի 2-րդ՝ «Բ» թաղամաս, այստեղ ինձ ասացին՝ երկու հազարը մուծի, ամեն մեկիս էլ հինգ հազար պտի տաս, որ քեզ բաց թողնենք, եթե ոչ՝ կտանենք ժամանակավոր պահպանման մեկուսարան»: Ոստիկանները Սերյոժա Խաչատրյանին այնքան են ծեծել, որ կողերը կոտրվել են, ու այսօր նա փաստորեն հաշմանդամ է: Եվ խոսելու պահին էլ շարունակ վախ ուներ՝ «Հիմա ես էստեղ խոսում եմ, դուրսը կանգնած են, որ գան, ինձ տանեն: Դրա համար էլ ասում եմ՝ մենք խաղաղ՝ պատրաստ ենք, բայց էդ Հայկ Հարությունյանին, զինված ուժերին չե՞ք ասում՝ ժողովուրդը խաղաղ կանգնած է, ինչո՞ւ եք այդպիսի բաներ անում»: ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել