«ԱԺ-ՈՒՄ ՊԱԿԱՍԵԼ Է ՀԱՐԳԱՆՔԸ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԻ ՆԿԱՏՄԱՄԲ» Ասում է ԱԺ փոխնախագահ, Եվրոպական կառույցներին ինտեգրման հարցերի ժամանակավոր հանձնաժողովի նախագահ Տիգրան Թորոսյանը: ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Ռաֆիկ Պետրոսյանը հայտարարել էր, թե Սահմանադրության բարեփոխումը վտանգված է՝ դժգոհելով, որ շարունակվում է քննարկվել կոալիցիայի փոփոխությունների հին նախագիծը, թեեւ արդեն իսկ իրականացվում են բարեփոխումներ՝ Վենետիկի հանձնաժողովի առաջարկների հիման վրա. «Զգում եմ, որ Սահմանադրության ընդունումն արդեն իսկ ձախողելու տրամադրություն կա»,- ասել էր նա՝ հնարավոր համարելով, որ ՄԱԿ խմբակցության պես՝ «Ժողպատգամավոր» խումբը նույնպես կհրաժարվի կոալիցիայի նախագծի ներքո դրված իր ստորագրությունից: Մեր հարցին, թե ինչպե՞ս է վերաբերվում այս հեռանկարին՝ Տիգրան Թորոսյանը պատասխանեց. «Ինչքան էլ ցավալի է ինձ համար, կարծում եմ, որ պրն Պետրոսյանը հերթական անգամ խառնում է հարցերը: Եվ բոլորովին այլ հասցե է ընտրել այս պարագայում: Եթե ինքն ինչ-որ անբավարարվածություն ունի նախագծի կամ իր առաջարկների առնչությամբ՝ դրանք պիտի հայտնի կոալիցիայի իր գործընկերներին, նախագծի հեղինակներին եւ նրանց հետ քննարկի, թե ինչն է ընդունելի, ինչը՝ ոչ: Ինձ համար շատ զարմանալի է, որ պրն Պետրոսյանն արդեն 2 տարի աշխատելով պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ՝ չգիտի, որ գլխադասային հանձնաժողովը չէ, որ ընդունում կամ մերժում է առաջարկությունները: Դա անում են նախագծի հեղինակները: Եվ ինքն էլ է նախագծի հեղինակ ու Եվրոպական կառույցներին ինտեգրման հարցերի հանձնաժողովում սահմանադրական քննարկումներին մասնակցում է իբրեւ համահեղինակ, չնայած ժամանակ առ ժամանակ մոռանում է եւ սկսում խոսել մեր հանձնաժողովի անունից: Ես արձագանքել եմ իր այդ շեղումներին»: Ընդմիջեցինք՝ հիշեցնելու համար, թե բավական բարձր տոնով էր ընդհատում Ռաֆիկ Պետրոսյանին: «Այո՛, ցավոք սրտի: Քանի որ մի քանի անգամ առիթ եղել էր զգուշացնելու,- ասաց պրն Թորոսյանը:- Կարծում եմ, անկախ նրանից, որ նկատելի է, թե Ազգային ժողովում, դժբախտաբար, ավելի ու ավելի է պակասում հարգանքը կանոնակարգի նկատմամբ՝ այնուամենայնիվ, այն խորհրդարանական աշխատանքի համար պատգամավորների «Սուրբ գիրքն» է եւ պետք է կատարվի անվերապահորեն»: Մեր ենթադրությանը, թե այսինքն համարում է, թե ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահն այնքան էլ չի տիրապետում այդ Սուրբ գրքին՝ ԱԺ փոխնախագահն այսպես արձագանքեց. «Դա ինքը կիմանա: Բայց ժամանակ առ ժամանակ խախտումներ արվում են՝ նկատի ունեմ մեր հանձնաժողովի նիստը, երբ պրն Պետրոսյանը մի պահ սկսեց գնահատականներ տալ հանձնաժողովի անունից, իսկ հետո իր կամ «Ժողպատգամավորի» առաջարկները ներկայացնել ընդհանրապես հեղինակների անունից: Այլ խնդիր է, թե այդ առաջարկները լավն էին կամ վատը: Բայց ի վերջո՝ կարգ կա, եւ նախագիծը պետք է ներկայացվի հեղինակների՛ անունից»: Տիգրան Թորոսյանը նաեւ անդրադարձավ այն կշտամբանքին, թե հանձնաժողովը շարունակում է քննարկել կոալիցիայի հին նախագիծը, թեեւ արդեն իսկ համաձայնեցված են որոշ փոփոխություններ. «Կարծում եմ, պարոն Պետրոսյանը նորից, ցավոք, խառնում է ամեն ինչ: Դա հանձնաժողովի խնդիրը չէ: Ցանկացած նախագիծ երբ ներկայացվում է՝ զեկուցողը կարող է ասել, թե ահա սա է նախագիծը, բայց հետեւյալ հարցերը մենք քննարկել ենք եւ պատրաստվում ենք անել այս կամ այն փոփոխությունները: Սակայն պրն Պետրոսյանը ներկայացնում էր «Ժողպատգամավորի» տեսակետը… Իհարկե, շատ կարեւոր է այդ խմբի, ինչպես նաեւ՝ ցանկացած այլ խմբակցության տեսակետ: Բայց երբ ներկայացվում էր այս նախագիծը՝ պետք էր ներկայացնել ընդհանո՛ւր տեսակետը: Եթե «ԺՊ»-ի մեր գործընկերները որոշել են, թե իրենք շատ հարցերում ունեն տարբեր տեսակետներ՝ իրենց եւ կոալիցիայի գործընկերների հետ քննարկելու խնդիրն է, եւ բացարձակապե՛ս կապ չունի հանձնաժողովի հետ: «Ժողպատգամավորը» կհրաժարվի՜-չի՜ հրաժարվի այդ նախագծի համահեղինակ լինելուց՝ հանձնաժողովը բացարձակապես որեւէ առնչություն չունի սրա հետ»: ՄԱԿ-ն արդեն իսկ հրաժարվել է կոալիցիայի նախագծից ու հիմա էլ «Ժողպատգամավորն» է սպառնում մենակ թողնել կոալիցիային: Հիշեցրինք, որ ԵԽ Վենետիկի հանձնաժողովի եզրակացության մեջ ընդգծված էր, «թե որքան կարեւոր է, որ Հայաստանի բոլոր քաղաքական ուժերը եւ քաղաքացիական հասարակությունը պատշաճ կարգով եւ ժամանակին մասնակցեն Սահմանադրության բարեփոխման գործընթացին»: Տիգրան Թորոսյանն ի պատասխան ասաց, թե իր մոտեցումն է, որ ունենանք մի նախագիծ, որը կբավարարի բոլոր պահանջներին: Նա դարձյալ հույս հայտնեց, թե հնարավոր կլինի բոլոր հեղինակներին միավորել մի միացյալ նախագծի շուրջ. «Ավելի՛ն ասեմ. անգամ դեռեւս հույսը չեմ կորցրել, որ երբ վերջնականորեն ձեւավորվի նախագիծը՝ դրական արձագանքներ կլինեն նաեւ ընդդիմությունից»: ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ