Ասում
է Միքայել Պողոսյանը 15 տարի է՝ դերասանը ոչ մի կազմակերպությունում չի աշխատում
եւ կարծես չի ստեղծագործում: «2002-ին ստեղծված «Երեւան ջան» ֆիլմը ձեր վերջի՞ն աշխատանքն
է» հարցին Մ. Պողոսյանը պատասխանեց. «Անցյալ տարի իմ կլոր տարեդարձն էր եւ ցանկություն
առաջացավ հավաքել խաղացածս բոլոր պերսոնաժները՝ սկսած 93-ից, դրվագներ ֆիլմերից,
իմ երգերը, մտորումները, որոնք ԱՄՆ-ում ամփոփվեցին մեկ DVD-ի մեջ: Այն կոչվեց «Միքայել,
առաջ՝ դեպի ետ»: «Երեւան ջանը» մեր քաղաքի հետ կապված առայժմ վերջին աշխատանքն է,-
պատմեց Մ. Պողոսյանը:- Նկարահանումները կատարվել են հիմնականում Բուզանդի փողոցում
(նախկին Սվերդլով): Այժմ փորձում են քանդել, եվրոպականացնել այն: Ցավում եմ, որ այդպես
է: Այդ վայրը ինձ համար շատ հոգեհարազատ է՝ այնտեղ է նկարահանվել իմ «Օվսաննա» տեսահոլովակը:
Մեծ ընտրություն չկա մեր ոչ հեռու անցյալը՝ պատմական Երեւանը ցույց տալու: Գոնե այդ
փողոցում պահպանված են հին Երեւանի շունչն ու հոտը: Մեր քաղաքը մենք ենք՝ մարդիկ:
Թող կորչեն այստեղից բոլոր նրանք, ովքեր սիրել չգիտեն, կարոտել ու ներել չգիտեն:
Թող կորչի Երեւանից լկտիությունը, խաչագողությունը, դավաճանությունը: Կարծում եմ,
որ քաղաքը, որի մարդիկ ներողամիտ չեն, զբաղվում են ուրիշի գործով, ազնիվ չեն՝ դառնում
է անդեմ: Չնայած Երեւանում ապրում են այնպիսի երեւույթներ, որ փառք ու պատիվ են բերում
քաղաքին, բայց, դժբախտաբար, այդ մարդիկ ուժ չեն հանդիսանում: Ամեն մեկը իր խցում
ստեղծագործում է, իսկ ավելի շատ լռում կամ փնթփնթում է, բայց չի ձգտում մեկ դառնալու:
Ավելի շատ ուշադրություն ենք դարձնում կենցաղի մանր խնդիրներին: Էներգիա ենք վատնում,
հաճախ՝ անտեղի: Իմ ճշմարտությունը ես փնտրում եմ մտերիմներիս մեջ: Գտնում եմ, որ
մեզ նեղություն պիտի տանք, որ դիմացինին լավ լինի: Երեւի դա է ընկած ընկերության
հիմքում»: Դերասանը իր վարպետությունն ու փորձը ուղղակիորեն չի հաղորդում
ոչ ոքի: Գտնում է, որ եթե ունենար մի «պինդ» պրոդյուսեր, գուցե մտածեր թատրոն կամ
ստուդիա ունենալու մասին: «Ես չեմ դասավանդում որեւէ տեղ,- ասում է նա,- որովհետեւ
գտնում եմ, որ ինքս դեռ սովորելու շատ բան ունեմ: Եթե ուզում են՝ թող սովորեն իմ
գործերից, բայց որեւէ մեկին դաս տալ, ասել, թե որն է լավ կամ որը վատ՝ ճիշտ չեմ համարում»:
Իսկ Երեւանում գործող թատրոնների մասին Մ. Պողոսյանը կարծում է, որ հայկական թատրոնի
դեմքը ուրվագծված չէ: Կան հաջողված ինչ-ինչ պոռթկումներ, դրվագներ, իսկ հիմնական
մտածողությունը, էներգիան, որ գալիս է բեմից հանդիսատեսին՝ նրան չի բավարարում: Իսկ
թե ինչո՞ւ ինքը բեմում հանդես չի գալիս՝ գաղտնիքը բացեց. «Ես թաքնվել եմ էկրանի հետեւում:
Դա կապված է իմ հոգեբանական, ստեղծագործական դժվարությունների հետ: Բեմը ինձ համար
շատ լուրջ տարածք է: Ես մեծ պատասխանատվությամբ եմ վերաբերվում ներկայացում կոչվող
արարողությանը: Զուտ ստեղծագործական տագնապ ու վախ կա, որ չեմ կարողանում հաղթահարել:
Գուցե պատճառներից մեկն էլ այն է, որ չեմ տեսնում այն ռեժիսորին, որի հետ կկարողանամ
աշխատել բեմում»: ՌՈՒԶԱՆ ԱՎՈՅԱՆ