Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ ես այրեցի նրան

Ապրիլ 02,2005 00:00

Երեկ լրացավ քաղբանտարկյալ Ռազմիկ Զոհրաբյանի
ծննդյան 55-ամյակը: Ստորեւ ներկայացվող հրապարակումը հնչել է «Ազատություն» ռադիոկայանով
ուղիղ 30 տարի առաջ: Այն ճանաչվեց ներգուլագային շրջանակներում տարվա լավագույն էսսե:
Տպագրվում է առաջին անգամ: Ես 25 տարեկան եմ, ծնվել եմ աշխատավորի ընտանիքում
եւ նույնպես համարվում եմ աշխատավոր: Ես հայրենասեր եմ եւ ընդհատակյա ԱՄԿ-ի անդամ:
1974թ. հունվարի 20-ին Լենինի հրապարակում ես այրեցի 16,5×8,5 մ չափի ցուցապաստառի
վրա պատկերված Լենինի լուսանկարը: Դա այն օրերին էր, երբ Գրոմիկոն ժամանել էր Երեւան՝
Ժողովուրդների բարեկամության շքանշան հանձնելու: Իմ արարքը բողոքի նշան էր, որն ուղղված
էր Մոսկվայի կողմից իրագործվող հակահայկական ներքին եւ արտաքին քաղաքականության եւ
հայ հայրենասերների եւ այլախոհների բռնության դեմ: Չարաշահելով ռուս ժողովրդի նկատմամբ
հայ ժողովրդի բարյացակամությունն ու համակրանքը՝ Մոսկվան դեռեւս ցարական ժամանակներից
մութ գործարքների մեջ էր մտնում Հայաստանի եւ հայ ժողովրդի դեմ: Սպիտակ նախարարները
երազում էին «առանց հայերի Հայաստանի մասին»՝ միեւնույն ժամանակ լինելով կայսրության
ընդարձակման ջատագովներ: Խորհրդային իշխանության ժամանակ Լենինը, հաշվի չառնելով
հայ ժողովրդի շահերը, Բրեստի պայմանագրի համաձայն, Թուրքիային ճանաչեց մեր հողերի
տիրակալ: Թուրքիային տրամադրվեց զենք, ոսկի, ինչն օգտագործվեց մեր երկիրը զավթելու,
հայ բնակչությանը ոչնչացնելու համար: 1921թ. մարտին եւ սեպտեմբերին Մոսկվան կրկին
վաճառեց Ադրբեջանին մեր հողերը, մեր մի քանի շրջանները՝ Ղարաբաղը, Նախիջեւանը՝ հարեւան
ժողովուրդների միջեւ թշնամությունը հավերժացնելու նպատակով: Ճնշամիջոցները դարձան
մեր ազգի լավագույն որդիների մշտական ուղեկիցը, ընդհուպ մինչեւ ֆիզիկական ոչնչացումը:
Ուրալն ու Սիբիրը դարձան աքսորի, բանտարկության խորհրդանիշներ: Հայ ժողովրդի ազգային
հարցը լուծված չէր: Խորհրդային հայերի 40%-ը իր կամքին հակառակ ապրում է Հայաստանի
սահմաններից դուրս: Հայաստանն ի վիճակի չէ ընդունել բոլոր ցանկացողներին եւ հայրենիք
վերադառնալու հնարավորությունից զրկվածներին: Հայաստան էին ուղարկվում ռուս ազգի
վատագույն ներկայացուցիչները, Հայաստանի նկատմամբ փաստացի վերահսկողություն սահմանելու
համար՝ ՊԱԿ-ի նախագահին, ԿԿ երկրորդ քարտուղարին եւ այլոց: 1964-1965թթ.
սկսվեցին ազգային ինքնագիտակցության եկած հայ երիտասարդների եւ այլախոհների զանգվածային
հետապնդումները: Դատական դաժան պատիժները դարձան սովորական երեւույթ: Տնտեսական,
բարոյական եւ ֆիզիկական տեռորի նպատակն էր սարսափ տարածել հայոց ազգի ազատասեր եւ
ազատամիտ որդիների մեջ, բայց զուր են հույսերը. չի կարելի սպանել անկախության, ազատության
ոգին, ժողովրդավարական գաղափարները: Բռնության զոհ դարձած փառապանծ փոքրամասնությունը
տանջահար է լինում («դաստիարակվում») քաղցից, ցրտից, քամահրանքից: Այս բարբարոսական
արարքները 1915թ. ցեղասպանության շարունակությունն են, հայ ժողովրդի յուրօրինակ քաղաքական
սպանդը, որը պետք է որակել որպես հանցագործություն մարդկության դեմ: Ոտնահարելով
ՄԱԿ-ի սկզբունքները, Մարդու իրավունքների հռչակագիրը, տարրական համամարդկային եւ
իրավական նորմերը՝ Մոսկվան ցանկանում է ետ շրջել պատմության անիվը: Զուր են ջանքերը:
Ազգերի վերածնունդն ու առաջընթացը սահմանված են ի վերուստ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել