Լրահոս
Օրվա լրահոսը

«ՀԱՆՐԱՔՎԵՆ ՀԱԿԱՍՈՒՄ Է ԱԴՐԲԵՋԱՆԻ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ»

Ապրիլ 02,2005 00:00

Ադրբեջանական մամուլը՝ ՀՀ ԱԺ-ում տեղի ունեցած լսումների մասին

Երեկ ու նաեւ նախորդ օրը ադրբեջանական ԶԼՄ-ները շարունակում էին վերլուծել օրերս ՀՀ ԱԺ-ում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ կազմակերպված լսումների ժամանակ ՀՀ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի արած հայտարարությունները:

Ի շարս այլ դիտարկումների՝ մասնավորապես ադրբեջանական «Էխոն» չի բացառել, որ Ս. Սարգսյանի ելույթը պայմանավորված է ՀՀ ներքաղաքական զարգացումներով եւ հավանական «թավշյա հեղափոխությունը» կանխելու ու հասարակական ուշադրությունը ներքաղաքականից ԼՂ հիմնախնդրի վրա շեղելու ցանկությամբ: Թերթի գնահատմամբ, եթե նախագահ Քոչարյանը փորձի համաձայնության գալ Արեւմուտքի հետ կամ հայտնվի քաղաքականապես սնանկ վիճակում, հենց Սերժ Սարգսյանը կարող է դառնալ նրա հավանական փոխարինողը ՀՀ նախագահի պաշտոնում: ՀՀ պաշտպանության նախարարին համարելով «մոսկվայամետ թեկնածու»՝ «Էխոն» միաժամանակ հիշեցնում է, որ «Սարգսյանի ղեկավարած գերատեսչությունն է առանցքային դեր խաղում ռուսական զենքի վերաարտահանման գործարքներում»:

Ադրբեջանական «Զերկալոն» էլ իր հերթին անդրադարձել է Ս. Սարգսյանի այն հայտարարությանը, թե Հայաստանի կողմից արդեն զիջում է այն, որ նա ձեռնպահ է մնացել ԼՂՀ անկախությունը պաշտոնապես ճանաչելուց:

«Զերկալոյի» գնահատմամբ, Ս. Սարգսյանը երկու սենսացիոն հայտարարություն է արել իր ելույթի ժամանակ: Մեկն այն է, որ, նրա ասելով, «դեռ 1987-ին ԽՄԿԿ ԿԿ ղեկավարությունը Ղարաբաղի հայերին խորհուրդ է տվել ինքնորոշման իրավունքի խնդիր բարձրացնել, իսկ Ադրբեջանի իշխանություններին ասվել է տարածքային ամբողջականությունը պաշտպանելու անհրաժեշտության մասին»:

Մյուս սենսացիոն հայտարարությունն, ըստ «Զերկալո» թերթի, այն է, որ, ըստ Ս. Սարգսյանի, «1988-ին Սումգայիթում եւ 1990-ին Բաքվում տեղի ունեցած ջարդերը սանձազերծվել են նախկին ԽՍՀՄ իշխանությունների գիտությամբ»:

Միաժամանակ, թերթի գնահատմամբ, չնայած, որ սույն հայտարարություններն, իրոք, սենսացիոն էին, բայց «դժվար թե շատ անսպասելի էին: Ավելի հետաքրքիր էին հայ նախարարի խոսքերը ղարաբաղյան հակամարտության կարգավորման սկզբունքների մասին, չնայած, որ այս դեպքում էլ Ս. Սարգսյանն առանձնապես որեւէ գաղտնիք չբացեց կարգավորման բանակցությունների մասին»: Թերթը հատուկ ուշադրություն է հրավիրել Ս. Սարգսյանի՝ ԼՂ կարգավիճակը հետագայում հանրաքվեով որոշելու վերաբերյալ արած հայտարարությանը:

«Որ բանակցությունների ընթացքում կողմերը քննարկել են այդ տարբերակը, մամուլն ու «Զերկալոն» գրել են բազմաթիվ անգամ՝ վկայակոչելով դիվանագիտական իրենց աղբյուրները: Ավելին, նույն աղբյուրներից հայտնի է դարձել, որ որպես փոխզիջում՝ Երեւանը նույնիսկ պատրաստ է այդ հարցը ԼՂ տարածքում հանրաքվեի դնել մոտավորապես 5 տարի հետո: Ադրբեջանում ամեն կերպ խուսափում են այդ տեղեկությունները պաշտոնապես մեկնաբանելուց, ինչը, թերեւս, վկայում է այն մասին, որ այդ տարբերակը լրջորեն քննարկվում է խաղաղ բանակցությունների սեղանի շուրջ»:

Ըստ «Զերկալո» թերթի, այդ տարբերակը լավագույնն է «համ ոչխարներին կուշտ պահելու, համ գայլերին սոված չթողնելու» տեսանկյունից, որովհետեւ «իրականում դա կնշանակի խաբել եւ հայ, եւ ադրբեջանցի հասարակությանը: Նման քայլի կողմերը կարող են գնալ ներքաղաքական ճգնաժամ թույլ չտալու համար: Սակայն դեպքերի նման զարգացման պարագայում Ադրբեջանն ապագայում կարող է բախվել լուրջ հիմնախնդիրների հետ, նախ՝ այն պատճառով, որ նման հանրաքվեի անցկացումը հակասում է Ադրբեջանի Սահմանադրությանը: Ըստ այդմ, երկրի տարածքային ամբողջականության հարցը հանրաքվեի դրվել չի կարող: Այսինքն՝ հանուն պատեհապաշտական քաղաքական օգուտներ քաղելու՝ պաշտոնական Բաքուն կարող է ստանձնել անիրագործելի պարտավորություններ, որոնց իրականացման համար անհրաժեշտ է լինելու ընդունել նոր Սահմանադրություն»:

Ադրբեջանական մամուլի ուշադրությունից չի սպրդել նաեւ Ս. Սարգսյանի՝ ԼՂ եւ Կոսովոյի հակամարտությունների միջեւ, ըստ ադրբեջանցի վերլուծաբանների՝ «ոչ պատահականորեն» անցկացրած համեմատությունը:

Վերջիններս այդ համատեքստում հիշեցնում են, որ «տառացիորեն վերջերս ԵՄ անդամ երկրներից մեկի ներկայացուցիչը, քննարկելով ԵՄ-ին Հարավային Կովկասի երկրների հնարավոր ինտեգրացման մասին, նույնպես հիշել էր Կոսովոն: Նրա խոսքերով, ԵՄ-ում գտնում են, որ վաղ թե ուշ Կոսովոն անկախ պետության կարգավիճակով դառնալու է ԵՄ անդամ»:

ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել