Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԹՈՒՐՔԻԱՅԻ ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԵՄ-ԻՆ՝
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՕԳՏԻՆ Է

Ապրիլ 02,2005 00:00

Կարծում է Դավիթ
Շահնազարյանը «Պուտինի այցը Հայաստան՝ PR ակցիա էր»,-այս կարծիքին է ՀՀՇ վարչության
անդամ Դավիթ Շահնազարյանը: Պարոն Շահնազարյանը գտնում է, որ ՌԴ -ն այդպիսով հերթական
փորձն է անում Հայաստանը եւ հայկական գործոնն օգտագործելով՝ ճնշումներ գործադրել
Վրաստանի վրա: Այդ մասին նա հայտարարեց Բաթումում՝ «Ֆրիդրիխ Նաումանի» հիմնադրամի
նախաձեռնած սեմինարի ժամանակ: Այն, որ ռուսական ռազմաբազաները պետք է դուրս բերվեն
հարավկովկասյան տարածաշրջանից, պարոն Շահնազարյանը կասկած չունի եւ այդ համատեքստում
դատապարտում է Սամցխե-Ջավախքում տեղի ունեցող իրադարձությունները: Նրա տեղեկություններով,
այժմ այնտեղ եւս մեկ ցույց է նախապատրաստվում: Որ այդ շրջանում ծանր սոցիալական խնդիրներ
կան՝ Դ. Շահնազարյանը չի վիճարկում: Ավելին, գտնում է, որ վրաց իշխանությունները
պետք է հատուկ մոտեցում ցուցաբերեն այդ շրջանին: Իսկ ընդհանրապես, նա այն կարծիքին
է, որ ՌԴ-ի համար ռազմաբազաների գոյությունն այժմ միայն դրոշի խնդիր է, քանի որ գոյություն
ունեցող զենքն ու զինամթերքն արդեն իրենց դարն ապրել են: Խոսելով տարածաշրջանի
կայունության եւ ապագայի մասին, ՀՀՇ վարչության անդամը հատուկ է ընդգծում ՌԴ-ի բացասական
ազդեցությունը, որն իր հետ բերում է նաեւ նահանջ ժողովրդավարությունից եւ «կառավարելի
անկառավարելիություն», ինչը տարիներ շարունակ հարմար էր նաեւ Արեւմուտքին: Վրացական
զարգացումները, պարոն Շահնազարյանի համոզմամբ, Արեւմուտքին ցույց տվեցին, որ այդ
«կայունության» վրա չարժե հույս դնել: Իսկ Վրաստանի մասով նա նկատեց. «Վրաստանում
հաղթեցին դեմոկրատները, բայց ոչ դեմոկրատիան: Մնացածը ցույց կտան հետագա զարգացումները»:
Դրան հետեւած ուկրաինական եւ ղրղզական զարգացումները, բանախոսի կարծիքով, հետխորհրդային
երկրների համար, բացառությամբ բալթյան երկրների, օբյեկտիվ անհրաժեշտություն են. «Ցավոք,
ժողովրդավարական զարգացման միակ ճանապարհը»: Տարածաշրջանի զարգացման ճանապարհը
նա համարում է դեմոկրատական կառույցների կայացումը, դրա արդյունքում կոնֆլիկտների
խաղաղ լուծումը եւ այն փաստի գիտակցումը, որ մենք ավելի շատ ընդհանուր շահեր ունենք,
քան առկա տարաձայնություններն են. «Ոչ մի հանրապետությունում իշխանությունը չի փոխվել
հերթական ընտրությունների արդյունքում, մեզ մոտ նախ գալիս են իշխանության, ապա՝ ձեւակերպում
այն»,- ասում է Դ. Շահնազարյանը: Ինչ վերաբերում է կոնֆլիկտների լուծմանը. «Վերջին
մեկ տարին Վրաստանի իշխանությունները կոնֆլիկտների լուծման քաղաքականություն են տանում,
իհարկե, որոշ սխալներ եղան: Եվ ակնհայտ է, որ Թբիլիսին գործ ունի ոչ թե Ցխինվալիի
կամ Սուխումի հետ, թեպետ աբխազական վերջին զարգացումները հույս են ներշնչում, այլ՝
ՌԴ-ի: Ցավոք, առայժմ հաջողություններ չկան: Ռուսաստանի քաղաքականությունն է այդպիսին»:
Իսկ ղարաբաղյամ կոնֆլիկտը նա համարում է տարածաշրջանի ելակետային հարցը եւ այն համոզմանն
է, որ հասարակությունները պատրաստ են հարցի՝ խաղաղ ճանապարհով լուծմանը, բայց երկու
երկրների իշխանություններն էլ չեն ցանկանում հարցի լուծում: Դրանով է նա բացատրում
վերջին շրջանում սահմանում կրակոցները՝ «դրանք միջազգային հանրությանը ճնշումներից
ետ պահելու միջոց են, իբրեւ հասարակությունները անպատրաստ են»: Խոսելով ՌԴ-ի
դերի մասին, նա ուշադրություն է հրավիրում հայ-թուրքական հարաբերությունների վրա՝
փաստելով, որ դրանց բացակայությունն ավելի է ամրապնդում Ռուսաստանի դերը տարածաշրջանում:
Ուստի, կարեւորում է Թուրքիայի անդամագրումը ԵՄ-ին՝ «Նախ՝ այդպիսով մենք կդառնանք
ԵՄ-ի անմիջական հարեւան, ապա՝ Թուրքիան կդառնա կանխատեսելի երկիր: Ես չեմ ընդունում
եվրոպական այն երկրների դիրքորոշումը, որոնք Թուրքիային ԵՄ ընդունելու նախապայման
են դնում հայկական հարցը: Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը տարածաշրջանը
զարգացման նոր ուղու վրա կդնի: Հայաստանին դա անհրաժեշտ է ճիշտ այնքան, որքան Վրաստանին
եւ Ադրբեջանին»,- ասում է նա: Իսկ սահմանի բացման համար մեղադրում է Հայաստանի իշխանություններին,
որոնք հանդիսանալով Ռուսաստանի ուղեկցորդը, գործնական քայլեր չեն անում այդ ուղղությամբ:
ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել