Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԻՍԿ ՎԱՂԸ ԵՂԵՌՆ ԷՐ…

Ապրիլ 02,2005 00:00

Ինչ
էր նախորդել Հայոց ցեղասպանությանը: Հարցազրույց պատմական գիտությունների դոկտոր
Էմմա Կոստանդյանի հետ: – Ինչպե՞ս կարելի է ձեւակերպել Հայկական հարցի բովանդակությունը:
– Հայկական հարցը օտարների լծից ազատագրման, Հայկական բնաշխարհում հայկական
պետականության վերստեղծման համար մղված ազգային-ազատագրական պայքարի հիմնահարցերի
մի ամբողջություն է: – Ե՞րբ եւ ի՞նչ պայմաններում առաջացավ Հայկական հարցը:
– Հայկական հարցի սկզբնավորումն ունի իր ներքին եւ արտաքին բովանդակությունը:
Արտաքինը՝ թուրքերի հայրենիք ստեղծելու մտադրությունն էր, եվրոպական պետությունների
միջամտությունը, միջազգային դիվանագիտությունը: Հիշենք, որ թուրք-սելջուկները անհայրենիք
քոչվոր ցեղեր էին, որ ասպատակելով եւ ավերելով ճանապարհին եղածը, եկել էին Չինաստանի
հյուսիսից, եւ 1299թ. Փոքր Ասիայում ստեղծել օսմանյան պետությունը: Այնուհետեւ օգտվելով
եվրոպական պետությունների պառակտումից, գրավել Հունաստանը, Բալկանները, հասել մինչեւ
Վիեննայի դարպասները: Կոտորածներով եւ ավերներով՝ անհայրենիք թուրքերը ստեղծեցին
մի հսկա կայսրություն: Հարցի ներքին կողմը հայերի ազատագրության խնդիրն էր,
արեւմտահայերի՝ մարդկային արժանապատվությամբ ապրելու պահանջը, ինչը թուրքական բռնապետության
պայմաններում անհնար էր: Տեղի տալով միջազգային հանրության պահանջներին, 1839 եւ
1856թթ. Թուրքիան ընդունեց բարենորոգումների ծրագիր (Թանզիմաթ), եւ դրա շրջանակներում
թուրքական կառավարությունը թույլատրեց հայերին կազմել սեփական Ազգային ժողով: Հայերի
սահմանադրական շարժումը պսակվեց հաջողությամբ: 1860 թվականին Կ.Պոլսի Ազգային ժողովի
կողմից ընդունված սահմանադրությունը սուլթանը հաստատեց միայն 1863թ.՝ Նալբանդյանի
արտահայտությամբ՝ «թլպատելուց» հետո: Դա ավելի շուտ կանոնադրություն էր, թե ինչպես
պետք է արեւմտահայերը վարեին իրենց ներքին գործերը: Կ.Պոլսից դուրս ավելի ծանր էր
հայերի վիճակը՝ անօրինական հարկահանություն, բռնի կրոնափոխում, սպանություններ…
Սակայն Հայկական հարցի առաջացումը կապում ենք 19-րդ դարի ռուս-թուրքական պատերազմների
հետ: 19-րդ դարի առաջին կեսին, քսանամյա պայքարի արդյունքում Հունաստանը ազատվեց
թուրքական լծից: Հունաստանից հետո իրենց ազատագրական շարժումները սկսեցին սլավոնական
ցեղերը՝ սերբերը, խորվաթները, չերնոգորցիները… Վերջում, 1876-ին ապստամբեց Բուլղարիան,
որը «խեղդվեց արյան բաղնիքում»: Ի վերջո, թուրքերը լրիվ արտաքսվեցին Եվրոպայից: Եվրոպական
պետությունները Թուրքիային համեմատում էին մահամերձ հիվանդի հետ, որի ժառանգության
վրա աչք էին դրել բոլորը: – Ինչո՞ւ է Հայկական հարցի առաջացումը կապվում ռուս-թուրքական
պատերազմների հետ: – Դեռեւս 1856-ին, Ղրիմի պատերազմի ավարտին, եվրոպական
երկրների ճնշմամբ Ռուսաստանը Թուրքիայի հետ կնքել էր Փարիզի հաշտության ամոթալի պայմանագիրը,
որով նրա բոլոր նվաճումները ի դերեւ էին ելնում: Եվ 1877-ին սլավոնական ազգերի ապստամբությունները
Ռուսաստանի համար ռեւանշի հնարավորություն ստեղծեցին: Չնայած պատերազմի նվաճողական
բնույթին, այն ներկայացվեց իբրեւ քրիստոնյաների ազատագրության նպատակ հետապնդող:
Ալեքսանդր Երկրորդը, եվրոպական սլավոններին օգնելու պատրվակով, սկսեց 1877-78թթ.
ռուս-թուրքական պատերազմը: Ռուսական բանակի շարքում ծառայում էին բազմաթիվ հայազգի
գեներալներ, բարձրաստիճան սպաներ: Լորիս-Մելիքովը կովկասյան ռազմաճակատի հատուկ կորպուսի
60000-անոց զորքի հրամանատարն էր: Պատերազմն ընթանում էր երկու ճակատներով՝ բալկանյան
ու կովկասյան: Բալկանյանը գլխավորում էր ցարի եղբայրը՝ Նիկոլայ Նիկոլաեւիչը, իսկ
կովկասյանը՝ ցարի մյուս եղբայրը՝ Միխայիլ Ռոմանովը: Ռուսական զորքերը 78-ին մտան
Սոֆիա, ապա Ադրիանապոլիս, որը Պոլսի մատույցներում էր: Կովկասում գրավեցին Կարսը,
Բայազետը, իսկ Էրզրումը զինադադարից հետո առանց դիմադրության հանձնվեց: Սուլթանը
ստիպված հաշտություն խնդրեց: Զինադադար կնքվեց Ադրիանապոլսում: – Այդ ժամանակ
հայերի դրությունն ինչպիսի՞ն էր: – Թուրքերը պատերազմը առիթ դարձրին եւ շատ
մեծ կոտորածներ կազմակերպեցին: Մինչ պատերազմը՝ Վանի վաճառական շուկան էր հրդեհվել:
Պատերազմական գործողություններն օգտագործելով, Սուլթան Համիդը շեյխ Ջալալեդինի հրոսակների
ձեռքով կոտորել տվեց Ալաշկերտի հովտի 23 հայկական գյուղեր: Երբ Ներսես Վարժապետյանը՝
Պոլսի պատրիարքը, բողոքեց Սուլթան Համիդին, նա կեղծ ցավակցություն հայտնեց եւ կատարվածը
բացատրեց պատերազմական իրադրությամբ: Եվ որպեսզի լռեցնի պատրիարքին, նրա պարանոցը
գցեց Օսմանե առաջին կարգի շքանշանը: Նույն րոպեին հնչեց Խրիմյանի սթափեցնող կանչը.
«Ոչխարների ոսկորներից մանյակ հյուսեցին եւ գցեցին հովվի վիզը»: Ոչխարները՝ Ալաշկերտի
գյուղերի անմեղ զոհերն էին, հովվապետը՝ Վարժապետյանը: – Ադրիանապոլսի զինադադարը
հայերի համար նպաստավո՞ր էր: – Զինադադարին պետք է հաջորդեր հաշտության պայմանագիրը,
որը կնքվելու էր Պոլսի մերձակա Սան-Ստեֆանո ավանում: Հայերը դիմեցին ռուս դիվանագետներին՝
խնդրելով իրենց հարցը եւս բարձրացնել: Ռուսները, ինչպես միշտ՝ միայն խոստանում էին:
Նրանք ուզում էին ոչ թե ինքնավարություն տալ, այլ միացնել իրենց: Չէ՞ որ Արեւելահայաստանը
միացնելու ժամանակ էլ էին խոստացել պետականությունը վերականգնել, բայց այդ խոստումը
չէին կատարել: Ադրիանապոլսի զինադադարը կնքվեց 1878թ. հունվարին, իսկ մեկ ամիս անց
կնքվեց Սան-Ստեֆանոյի հաշտության պայմանագիրը, որի 16-րդ հոդվածը նվիրված էր Արեւմտյան
Հայաստանին: Սան-Ստեֆանոյում հաղթանակած ռուսներն իրենց պայմանները թելադրեցին պարտված
Թուրքիային, որով Արեւմտահայաստանի մի մեծ տարածք անցնում էր Ռուսաստանին՝ Կարսը,
Բայազետը, Ալաշկերտը, Արդահանը եւ այլն: Պայմանագրի 16-րդ կետը վերաբերում էր հայերին:
Այդ փաստաթղթում առաջին անգամ միջազգային դիվանագիտության մեջ արձանագրվեց Հայաստան
բառը: Ու թեեւ փաստաթուղթը հայերին չէր բավարարում, բայց նրանում խոսվում էր Հայաստանում
բարենորոգումներ եւ բարվոքումներ անցկացնելու, հայերի անվտանգությունը քրդերից ու
չերքեզներից պաշտպանելու մասին: – Առաջին անգամ Սան-Ստեֆանոյո՞ւմ բարձրացվեց
Հայկական հարցը: – Այո, այդպես է: Սակայն Եվրոպան ամենեւին գոհ չէր Սան-Ստեֆանոյի
պայմանագրից: Հատկապես՝ Անգլիան, որի շահերին հակասում էր Ռուսաստանի դիրքերի ուժեղացումը
տարածաշրջանում: Մի քանի ամսից հրավիրվեց Բեռլինի վեհաժողովը, որը պետք է քննարկեր
Սան-Ստեֆանոյի պայմանագիրը: Հայերն էլ ուրախացան, թե չենք բավարարվի Սան-Ստեֆանոյով,
կպահանջենք Հայաստանի ինքնավարությունը: Կազմակերպվեց պատվիրակություն, որը պիտի
գնար Բեռլին եւ Պետերբուրգ, որպեսզի համոզեր մեծ տերություններին՝ հայերին ինքնավարություն
տալ: Միամիտ հայերը կարծում էին, թե դա անում են թուրքական կառավարությունից գաղտնի,
այնինչ այդ ամենը արվում էր ոչ միայն թուրքերի գիտությամբ, այլեւ՝ ուղղորդմամբ: Քանզի
թուրքերին եւ նրանց թիկունքում կանգնած Անգլիային պետք էր մեծ Բուլղարիայի ստեղծմանը
խանգարել եւ բուլղարական հարցին հակադրել հայկականը, եւ ավելի ձեռնտու էր հայերին
ինքնավարություն ստանալու հույսեր տալը: – Ո՞վ մեկնեց Բեռլին: – Պատվիրակության
կազմում էր Մկրտիչ Խրիմյանը, որը հրաշալի գիտեր Արեւմտյան Հայաստանի ամբողջ ցավերը,
սակայն շատ հեռու էր դիվանագիտությունից: Երբ Խրիմյանին հարցրին՝ Հայրիկ, ոչ մի եվրոպական
լեզվի չես տիրապետում, ինչպե՞ս պիտի խոսես նրանց հետ, ասաց՝ «Ես նրանց հետ պիտի խոսեմ
լեզու մը, որ համամարդկային է: Ես պիտի լամ»: Հիմա արդեն հեգնանք եւ կարեկցանք է
առաջացնում այդ միամտությունը: Խրիմյանի այդ պատրանքը մի քանի ամիս տեւեց, եւ Բեռլինից
վերադառնալով՝ նա արդեն լրիվ փոխել էր իր մտայնությունը: – Ի՞նչ կատարվեց
Բեռլինում: – Բեռլինում հավաքվել էին վեց մեծ պետություններ՝ Իտալիան, Ֆրանսիան,
Անգլիան, Ավստրո-Հունգարիան, Գերմանիան եւ Ռուսաստանը: Ռուսաստանից ուզում էին կորզել
հաղթանակի արդյունքները: Ապստամբած ժողովուրդներին թույլատրվեց մասնակցել իրենց հարցերի
քննարկմանը՝ բուլղարներին, սերբերին, չերնոգորցիներին եւ այլն, իսկ հայերին թույլ
չտվեցին: Վեհաժողովում պարզվեց անգլո-թուրքական գաղտնի պայմանագիր կնքելու փաստը,
որով Անգլիան Թուրքիայից վերցրել էր Կիպրոս կղզին՝ խոստանալով իր պաշտպանությունը
Ռուսաստանի դեմ: Իմանալով այդ մասին, Ֆրանսիան որոշեց իր զորքերը ուղարկել Կիպրոս,
բայց արդեն ուշ էր. այնտեղ կանգնած էր անգլիական մեծ նավատորմը, Գերմանիայի կանցլեր
Բիսմարկը Ֆրանսիային դրդեց, որ նա էլ իր նավատորմն ուղարկի եւ գրավի Թունիսը, Մարոկկոն:
Նույն խորհուրդն է տալիս նաեւ Իտալիային, որպեսզի Ֆրանսիան եւ Իտալիան իրար հետ կռվեն
եւ Ֆրանսիայի պահանջը՝ Գերմանիայից ետ ստանալ Էլզասն ու Լոթարինգիան, մոռացվի: Այդպիսի
պայմանների մեջ հայերը զգացին, որ իրենք ոչ մեկին չեն հետաքրքրում: Եվ ամենավերջիններից
մեկը քննարկվեց Սան-Ստեֆանոյի պայմանագրի 16-րդ հոդվածը: – Բեռլինի պայմանագի՞րն
էր ավելի նպաստավոր մեզ համար, թե՞ Սան-Ստեֆանոյինը: – Ճակատագրի հեգնանքով
Սան-Ստեֆանոյի պայմանագրի 16 հոդվածը Բեռլինում փոխակերպվեց 61-ի, որն ավելի վատն
էր: Այնտեղ ասվում էր, թե հայաբնակ շրջանների բարենորոգումների մասին թուրքական կառավարությունը
պետք է տեղյակ պահի վեցնյակին, իսկ Սան-Ստեֆանոյի պայմանագրում նշված էր, որ այդ
բարեփոխումները պետք է կատարվեն մինչեւ ռուսական զորքերի դուրսբերումը այդ տարածքներից:
61-րդ հոդվածից դուրս թռավ Հայաստան անվանումը: Իսկ Հայաստանի անվտանգությունը քրդերից
եւ չերքեզներից պահպանելու թուրքական խոստումը խորամանկ քայլ էր՝ նրանց հայերի դեմ
լարելու համար: Ականավոր գործիչ Գրիգոր Օտյանը շուտ հասկացավ Բեռլինի պայմանագրի
61-րդ հոդվածի էությունը: Նա ասաց. «61-րդ հոդված մը շահեցանք, իցի՜վ թե կարողանայինք
ջնջել զայն»: Այնինչ՝ Խրիմյանի հետ Բեռլին մեկնած անփորձ երիտասարդ Մինաս Չերազը
գրում է. «Պեռլինի կոնգրեսեն ոսկե հանք մը շահեցանք, մեզ անկե խիզախիլ եւ այդ ոսկին
հանիլ»: Իսկ Խրիմյանը Բեռլինից վերադառնալուց հետո Պոլսի եկեղեցիներում քարոզում
էր. «Բեռլինում մեծ կաթսայով հարիսա էին եփում: Այն ազգերը, որոնք ապստամբել էին,
եկան, իրենց երկաթե շերեփով հարիսան առան, գնացին: Մենք աղերսագրով ու թղթով էինք
գնացել, այդ թուղթը խրեցինք, մնաց ամանում, բերաններս բան չմտավ: Սիրելի եւ օրհնյալ
հայաստանցիներ, գավառացիներ, երբ Հայաստան վերադառնալու լինեք, ձեր հարազատներին
տարեք մի-մի հրացան: Զենք առեք եւ դարձյալ զենք: Ժողովուրդ, ամենեն առաջ քո ազատության
հույսը քո վրա դիր, քո խելքին եւ քո բազկին ուժ տուր, մարդ ինքնիրմեն պիտի աշխատի,
որ փրկվի: Ազատությունը առանց արյունի չի լինում»: Այդ խոսքերը դարձան հետագա սերունդների
գործելակերպի դրույթներ: Այդ ժամանակ էր, որ ստեղծվեցին հայկական գաղտնի կազմակերպությունները՝
Վասպուրականում «Սեւխաչը», Էրզրումում՝ «Պաշտպան հայրենյացը», Փոքր Հայքի կազմակերպությունները,
առաջացավ ֆիդայական շարժումը, ապա ստեղծվեցին հայ ազգային դասական կուսակցությունները,
որոնք գտան, որ միայն զենքով է ժողովրդի փրկությունը: ՄԵԼԱՆՅԱ
ԲԱՐՍԵՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել