Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«ԼՂՀ հարցի լուծումը չպետք է թողնել եկող սերնդին»

Ապրիլ 02,2005 00:00

Ֆրիդրիխ Նաումանի հիմնադրամի՝ Բաթումում կազմակերպած սեմինարի ժամանակ նման համոզմունք արտահայտեց ադրբեջանական «Սահմանադրության հիմնադրամ» հասարակական կազմակերպության նախագահ Իլհամ Մուստաֆաեւը:

Համոզմունքը հիմնվում է այն տրամաբանության վրա, որ «մենք միասին ապրել ենք. հարեւաններ ենք եղել, նույն դպրոցն ենք հաճախել եւ հանուն այդ տարիների պետք է քաջություն ու պատասխանատվություն ունենանք՝ հարցին լուծում տալու»,- ասում է նա: Այն, որ վերջին շրջանում հայ-ադրբեջանական սահմանագծում սրացումներ, իսկ դրանց հետեւանքով զոհեր եղան, պարոն Մուստաֆաեւի համոզմամբ, խոսում է այն մասին, որ երկու երկրների իշխանություններն էլ փորձում են պատասխանատվությունը դնել հասարակությունների ուսերին: Այդ քարոզչական մեքենան, նրա համոզմամբ, ապակողմնորոշում է երիտասարդ սերնդին՝ փակելով նրանց ճիշտ ինֆորմացիա ստանալու հնարավորությունները եւ մշտապես թշնամանք է «ներարկում» միմյանց նկատմամբ: «Մենք չպետք է բաց թողնենք այս հնարավորությունը, պետք է նայենք առաջ՝ ինչպես են մարդիկ ապրում Եվրոպայում: Ես գտնում եմ, որ մեր հասարակությունը պատրաստ է շրջանցել անցյալը»,- ասում է մեր զրուցակիցը: «Հայաստանի ներկայիս իշխանությունը՝ Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ, այն ուժն է, որ իշխանության եկավ հենց այդ հարցի հիմքով: Քոչարյանն Ադրբեջանի քաղաքացի է, նա իշխանության եկավ որպես պատերազմի հաղթող: Ադրբեջանի այսօրվա իշխանությունը ղարաբաղյան հակամարտության հետ, ըստ էության, կապ չունի, որդի Ալիեւը իշխանության չի եկել այդ ալիքի վրա: Ես չգիտեմ՝ ինչ է մտածում հայ հասարակությունը, բայց ելնելով վերոասվածից՝ կարծում եմ, որ հայաստանյան իշխանությունը կոմպլեքսավորված է, նրանց համար ավելի բարդ է, այսպես ասած, շեմն անցնել: Ուստի առաջին քայլը հենց Քոչարյանը պետք է անի»,- կարծում է մեր զրուցակիցը: Իսկ «առաջին քայլ» ասվածը, բնականաբար, ենթադրում է «օկուպացված տարածքների գոնե մի մասի ազատագրում, որը փոխվստահություն կներշնչի կառավարությունների եւ հասարակությունների միջեւ»:

Պարոն Մուստաֆաեւը դատապարտում է Իլհամ Ալիեւի եւ Արկադի Ղուկասյանի հայտարարությունները՝ ռազմական գործողությունների վերսկսման հնարավորությունների մասին. «Այդ ձգանը քաշելը բավականին հեշտ գործ է, բայց մինչ այդ արժե, որ հարց տանք՝ իսկ պե՞տք է մեզ այդ, թերեւս, անիմաստ պատերազմը, որը մեծ ցնցումներ կբերի»: Իր կողմից պարոն Մուստաֆաեւը հավելում է. «Ղարաբաղի բնակչությանը ոչինչ չի սպառնում, նրանք հանգիստ կարող են ինտեգրվել, մենք պատրաստ ենք կիսել նրանց հետ մեր տնտեսական ձեռքբերումները եւ նրանց մեր երկրի լիիրավ քաղաքացիներ համարել: Այս հարցերում ես կիսում եմ Ալիեւի տեսակետները»:

Ինչ վերաբերում է աշնանը Ադրբեջանում կայանալիք խորհրդարանական ընտրություններին, Ի. Մուստաֆաեւը արձանագրում է, որ ադրբեջանական հասարակությունը դեռ չի եկել այն գիտակցության, որ իրենց ձայներով իրենց իսկ ճակատագիրն է որոշվում: Ուստի նա հիացած է ուկրաինական ընտրություններով: Ընդդիմադիրների միավորումը նրան առանձնապես չի ոգեւորում, քանզի միավորվածների մեջ չի տեսնում այն լիդերին կամ ուժին, որին արժեր, որ հասարակությունը վստահեր: Նրա տվյալներով, վերջին չորս տարիներին Ադրբեջանում ընտրողների 50 տոկոսը չի մասնակցել ընտրությունների: Նրանցից մի մասը արտագաղթել է երկրից, մյուս մասը խոր հիասթափության մեջ է:

Ն. ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել