Ասում
է տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքները համակարգող նախարար Հովիկ Աբրահամյանը
– Հանրապետության նախագահը ձեզ՝ որպես համակարգող նախարարի, հրահանգեց հետեւել
ՏԻՄ ընտրությունների արդար եւ օրինական անցկացմանը, սակայն գաղտնիք չէ, որ 2003-ի
ընտրությունները նույն իշխանությունները ոչ միայն կեղծեցին, այլեւ մինչ այսօր ապօրինությունների
համար չի պատժվել ոչ մեկը: Արդյոք կարո՞ղ է այս իշխանությունը անցկացնել արդար ընտրություններ:
– Նախ ես չեմ ընդունում ձեր միանշանակ գնահատականը, թե 2003-ի համապետական
ընտրությունները կեղծվել են։ Որոշակի անձանց կողմից թույլ տրված ապօրինությունները
դեռ չեն նշանակում կեղծված ընտրություններ, եւ, բացի դա, դուք չեք կարող նշել որեւէ
եվրոպական երկիր, որտեղ ընտրությունների ժամանակ որոշակի ապօրինություններ եւ թերություններ
չեն եղել։ Պարզապես պետք է խոսել չափի մասին, իսկ 2003-ի ընտրությունների արդյունքի
վրա ձեր նշած ապօրինությունները որեւէ ազդեցություն չեն ունեցել: Երկրի նախագահը
մեր առաջ խնդիր է դրել ապահովել ազատ եւ արդար ընտրություններ, եւ մենք ամեն ինչ
անելու ենք՝ սպասվող ՏԻՄ ընտրություններն ազատ ու արդար անցկացնելու համար։ Եվ եթե
որեւէ տեղ օգտագործվեն գործադիրի լծակները, ապա միմիայն հնարավոր ընտրախախտումները
նվազագույնի հասցնելու համար՝ ապացուցելու հասարակությանը, որ ազատ եւ թափանցիկ ընտրություններ
անցկացնելը կախված է յուրաքանչյուրի կամքից: Մարդիկ պետք է հնարավորություն ունենան
իրենց ընտրական կամքն ազատորեն արտահայտելու: Մենք այժմ ընտրացուցակների ճշգրտումներով
ենք զբաղված, ոստիկանությունը մաքրում է ընտրացուցակները, որպեսզի որեւէ համայնքապետ
իր ցանկությամբ չկարողանա ընտրացուցակներն օգտագործել ի նպաստ իր նախընտրելի թեկնածուի:
Ցանկացած քաղաքական ուժ պետք է օգտվի քարոզչությունից եւ օրենքով հասանելի բոլոր
միջոցներից՝ իր թեկնածուին ներկայացնելու համար, բայց ես երաշխավորում եմ, որ որեւէ
թեկնածու չի կարողանալու օգտագործել մարզպետարանի, քաղաքապետարանի կամ այլ ադմինիստրատիվ
լծակներ, որոնք կարող են ազդել ընտրությունների արդյունքների վրա։ Նախագահն ընտրական
հանձնաժողովներում իր երեք տեղերը չի տրամադրելու որեւէ կուսակցության, դրանք կտրվեն
պրոֆեսիոնալների, որոնք ազատ կլինեն կուսակցական պարտադրանքից։ – Սակայն Իջեւանի
քաղաքապետի ընտրությունների ժամանակ այդ լծակներն արդեն օգտագործվեցին, եւ, փաստորեն,
իշխանության ներկայացուցիչները աշխատեցին գործող քաղաքապետի օգտին: – Ամենայն
պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ իշխանական որեւէ լծակ Իջեւանի գործող քաղաքապետի
օգտին չի աշխատել։ – Սակայն ՀՀԿ խորհրդի նախագահ, վարչապետ Անդրանիկ Մարգարյանը
չթաքցրեց, որ իր գլխավորած կուսակցությունը պաշտպանելու է գործող քաղաքապետին: –
Ցանկացած քաղաքական ուժ, այդ թվում եւ ՀՀԿ-ն, իրավունք ունի սատարել ցանկացած թեկնածուի,
եւ այդտեղ արտառոց որեւէ բան չեմ տեսնում։ Սակայն եթե խոսքը գործող քաղաքապետի օգտին
իշխանական լծակների կիրառման մասին է, ապա Իջեւանում որեւէ ադմինիստրատիվ ռեսուրս
չի օգտագործվել եւ, ի դեպ, դրա անհրաժեշտությունն էլ չի եղել։ Մի շարք կուսակցություններ
եւ մեկ պատգամավորական խումբ էլ հայտարարեցին, որ սատարում են այլ թեկնածուի, եւ
ընտրությունների օրը տասից ավելի պատգամավորներ եղել են Իջեւանում։ Ի դեպ, ձեր թերթն
էլ գրեց, որ իբր ես եւս եղել եմ Իջեւանում, որը բացարձակ ապատեղեկատվություն էր:
Այնպես որ, ցանկացած քաղաքական ուժ ազատ է իր հայտարարությունների մեջ։ –
Ականատեսները պնդում են, որ Իջեւանում առաջին անգամ փորձարկվեց կաշառված ընտրողների
կողմից բջջային հեռախոսով քվեաթերթիկը նկարելու տեխնոլոգիան, որը կկիրառվի նաեւ ՏԻՄ
մյուս ընտրություններում: – Նման փաստեր ինձ հայտնի չեն։ Հակառակը, որքան
տեղյակ եմ, ընտրություններից հետո մյուս կողմը հայտարարել է, որ ընտրություններն
անցել են հավուր պատշաճի։ Այնպես որ, իմաստ չունի փնտրել մի բան, որը պարզապես չկա:
Ժողովուրդն իր համայնքապետին վստահել եւ վերընտրել է, ուստի չի կարելի վիրավորել
ժողովրդի ընտրությունը։ – Անցնենք այլ թեմայի, ձեր՝ սուպերնախարար նշանակվելու
մասին լուրերն արդեն մի քանի ամիս շրջանառվում են, բայց նշանակում դեռ չկա։ Որքանո՞վ
է ձեզ համար կարեւոր այդ նշանակումը, երբ առանց այդ էլ դուք բազմաթիվ ոլորտներ եք
կարգավորում։ – Համաձայն եմ ձեզ հետ, առանց այն էլ ես այսօր ի պաշտոնե համակարգում
եմ բոլոր այդ ոլորտները, որոնք լինելու են ստեղծվելիք նախարարության կազմում։ Այո,
պատասխանատվությունը դե յուրե ավելանալու է, բայց դե ֆակտո ես արդեն ունեմ այդ պատասխանատվությունը։
Ինձ համար դա որոշակի ծանրաբեռնվածության ավելացում է ենթադրում, սակայն երկրի եւ
կառավարության առաջ ծառացած խնդիրները լուծելու համար երեւի թե այդ ոլորտները մեկ
նախարարության մեջ համատեղելն ավելի արդյունավետ է համարվել։ – Պարոն Աբրահամյան,
ձեր՝ սուպերնախարար կամ նույնիսկ վարչապետ դառնալու մասին լուրերը շրջանառության
մեջ են դրվում այն պահերին, երբ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը բացակայում է հանրապետությունից։
Որքանո՞վ է դա տեղավորվում էթիկայի սահմաններում։ – Ձեր նման պրոֆեսիոնալ
լրագրողի համար պետք է ակնհայտ լինի, որ նման լուրերը ոչ թե ես եմ դնում շրջանառության
մեջ, այլ մարդիկ եւ ուժեր, ում ձեռնտու չեն իմ եւ վարչապետի լավ հարաբերությունները:
Ուղղակի որոշ ուժեր փորձեցին պահն օգտագործել եւ ինձ վերագրել բաներ, որ ես չեմ ասել:
Թե՛ վարչապետի եւ թե՛ ինձ համար որոշների այս ձեռագիրն արդեն հայտնի է, եւ նման սադրանքները
չեն կարող որեւէ կերպ խաթարել մեր հարաբերությունները։ – Հոկտեմբերից սկսվող
ՏԻՄ ընտրությունների ժամանակ ի՞նչ համամասնությամբ են կոալիցիոն ուժերի միջեւ բաժանվելու
տեղերը, մանավանդ՝ արդեն ակնհայտ է, որ ոչ մի ուժ հակված չէ զիջելու իր դիրքերը հանուն
գործընկերոջ, ամեն մեկը ձգտելու է առավելագույնը ձեռք գցել: Այս «կռվի» արդյունքում
հերթական անգամ երկիրը չի՞ վարկաբեկվի: – Մենք ամեն ինչ անելու ենք, որ կոալիցիայի
երեք ուժերը միմյանց հետ խնդիրներ չունենան: Գործնականում դա հնարավոր է, եթե կողմերը
գան համաձայնության, որ այս կամ այն համայնքապետի ընտրության դեպքում գործելու է
ոչ թե թեկնածուի կուսակցականությունը, այլ պրոֆեսիոնալիզմը։ Կոալիցիայի կուսակցությունների
համար որեւէ թեկնածուի սատարելու նախապայմանը պետք է լինի բացառապես տվյալ թեկնածուի
մասնագիտական որակը, այլապես ես ընդունում եմ, որ կուսակցական շահերի բախումներ կարող
են եւ լինել։ Ուստի, եթե արդեն ընտրությունների գնալու կոալիցիոն ուժերի հայտարարությունները
իսկապես ազնիվ են, ապա սպասվող ընտրություններում կուսակցական շահը պետք է մղվի ետին
պլան։ – Սակայն չե՞ք տեսնում, որ ժողովուրդը իշխանություններին չի վստահում։
– Ես ամենեւին էլ այդ կարծիքին չեմ։ Իրոք, կա որոշակի անվստահություն, բայց
չի կարելի ասել, թե իշխանությանը միանշանակ չեն վստահում։ Այսօր իշխանությունը լավ
է աշխատում, եւ ժողովուրդը դա իսկապես զգում է: Ես կարող եմ դա վստահորեն պնդել,
որովհետեւ երկար եմ աշխատել գործադիրում եւ հիշում եմ նպաստների, աշխատավարձերի տեւական
պարտքերը ժողովրդին, որ այժմ արդեն մոռացված անցյալ է։ Կենսաթոշակներն ու աշխատավարձերը
զգալի բարձրացել են, տրվում են առանց ուշացումների: Ուստի ինչպե՞ս կարելի է ասել,
որ իշխանությանը չեն վստահում, եւ հետո, այդ ո՞ր երկրում է ժողովրդի վիճակը միանգամից
բարելավվել: Ի վերջո, հայտնի խոսք կա՝ այն ժողովուրդը, որը ուրանում է իր
համար արված թեկուզ աննշան բարի գործը, ապագա չունի։ Ես կարծում եմ, որ մեր ժողովուրդն
ապագա ունի։ Հարցազրույցը՝ ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆԻ