Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ֆիլյան փոշմանել է

Ապրիլ 01,2005 00:00

Ֆիլյան փոշմանել է Իսկ Հայաստանում հակառակն են պնդում Մարտի 24-ին շուրջ 30 երիտասարդական կազմակերպություններ, ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության նախաձեռնությամբ, նամակ-բողոք էին հղել Ֆիլիպ Կիրկորովի համերգների կազմակերպիչներին, նաեւ միջոցառմանն աջակցող Երեւանի քաղաքապետարանին, պահանջելով չեղյալ հայտարարել համերգները: Սակայն փոխքաղաքապետ Արման Սահակյանը մինչեւ երեկ պնդում էր, իսկ ասուլիսին մատ թափ տալիս, որ անկախ ամեն ինչից համերգը կկայանա, «մենք էլ իրավասու չենք արգելել Կիրկորովին գալ Հայաստան»: Նա լրագրողներին խորհուրդ էր տալիս «քաղաքական աստառ չտալ մշակույթին»՝ ասելով, որ ժամանակ գտնելու դեպքում ինքը կգնա համերգին: Սակայն փոխքաղաքապետը երեկվա ասուլիսում հանկարծ հայտարարեց, որ քաղաքապետարանը ոչ մի առնչություն չունի Ֆիլիպ Կիրկորովի հյուրախաղերի կազմակերպման հետ, իրենք ոչ մի լումայով չեն աջակցել համերգի կազմակերպմանը, իսկ «Մանուկյան» ՍՊԸ-ն ամեն ինչ էլ կարող է հայտարարել»: Նաեւ ասաց, որ իբր քաղաքապետարանը արձագանքելով բուհերի ուսանողական խորհուրդների խնդրանքին՝ «Մանուկյան» ՍՊԸ-ին հորդորել է հանել համերգներն ու անխափան կազմակերպել տոմսերի վերադարձը: Իրականում, ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, Ֆիլիպ Կիրկորովն ինքն է հրաժարվել հայաստանյան համերգներից: «Ես նույնիսկ չէի էլ ենթադրում, որ այդքան նշանակալի անձնավորություն եմ Հայաստանում: Կարծում էի՝ կգնամ Երեւան, հաճույք կպատճառեմ հանդիսատեսին… Բայց պարզվում է, ինձ չի կարելի ժամանել Հայաստան, առավել եւս՝ Հայոց ցեղասպանության 90-ամյակի նախաշեմին: Իսկ եթե ինչ-որ սարսափելի բան տեղի ունենա՞, չէ՞ որ ինձ են մեղադրելու: Ուստի որոշեցի չբորբոքել կրքերը, այլ պարզապես մի կողմ քաշվել՝ փորձանքից հեռու: Այնպես որ, ես չեմ գնա Երեւան»,- ըստ ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի՝ հայտարարել է երգիչը: Երեկ ասուլիս էր հրավիրել նաեւ «Մանուկյան» ՍՊԸ-ն, որը մինչեւ վերջ պնդում էր, որ ոչ թե Ֆիլիպ Կիրկորովն է հրաժարվել երեւանյան համերգներից, այլ իրենք են խնդրել համերգները հանել՝ հաշվի առնելով ստեղծված իրավիճակը: «Մանուկյան» ՍՊԸ-ի մամլո պատասխանատու Թեհմինե Հայրումյանը ասաց, որ իրենք տեղի են տվել ոչ թե բոյկոտող «երիտասարդների արկածախնդրության առաջ, այլ հարգել են Երեւանի քաղաքապետարանի կարծիքը»: «Մենք խոսել ենք Կիրկորովի պրոդյուսերի հետ, նրանց ասվել է, որ Ֆիլիպի այցը Հայաստանում գնահատում են որպես քաղաքական սխալ, մեզ էլ համարում են դավաճաններ: Ասացինք, որ ձեզ այստեղ չեն ուզում տեսնել: Ներկայացվել է նաեւ իրավիճակը եւ ասվել, որ Հայաստանում անվտանգ չէ իր համար»,- պարզաբանեց Թ. Հայրումյանը: Անդրադարձ եղավ նաեւ համերգը բոյկոտած Շուշան Պետրոսյանի հետեւյալ հայտարարությանը՝ «Եթե Հայաստանում թասիբով տղամարդիկ կան՝ համերգը չի կայանա»: «Թասիբով տղամարդիկ կան, բայց թասիբը չպետք է խոսի միայն Կիրկորովի անունը լսելիս: Թասիբը պետք է արթնանա նաեւ այն ժամանակ, երբ հայ աղջիկները Թուրքիայում մարմնավաճառությամբ են զբաղվում, իսկ հայ տղամարդիկ չեն արձագանքում»,- համարյա ճչաց Հայրումյանը: Ընդհանրապես, ողջ ասուլիսի ընթացքում տպավորությունն այնպիսին էր, կարծես համերգի կազմակերպիչները եկել էին լրագրողների հետ բանավիճելու եւ ոչ թե պարզաբանումներ տալու Կիրկորովի չկայանալիք համերգների մասին: ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆԼՈՒՍԻՆԵ ՕՀԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել