Լրահոս
Օրվա լրահոսը

ԿՈՎԿԱՍՅԱՆ

Ապրիլ 01,2005 00:00

ԿՈՎԿԱՍՅԱՆ ԻՆՏԵԳՐԱՑԻԱՆ՝ ՕՐՎԱ ՀՐԱՄԱՅԱԿԱՆ «Կովկասյան քաղաքականության բացակայությունը խոշորագույն բացթողում է, որն այսօր սպառնալիք է դարձել մեզ համար»,- երեկ հայտարարեց Սոցիալիստական ուժերի միավորման քաղաքական քարտուղար Աշոտ Մանուչարյանը Քաղաքացիական ազգային նախաձեռնության հրավիրած՝ «ՀՀ արտաքին քաղաքականություն. հին իրողություննե՞ր, թե՞ նոր հրամայականներ» թեմայով քննարկման ժամանակ: Պարոն Մանուչարյանի համոզմամբ, Կովկասում ԱՄՆ-ի վարած երկիմաստ քաղաքականությունը Հայաստանին սպառնում է մղձավանջով՝ «Վրաց-թուրքական խոր համագործակցության շրջանակում Հայաստանը կարող է շրջապատված լինել թուրքական տարածքով, երբ Հայաստանին սահմանակից վրացական շրջանները դառնում են թուրքաբնակ: Հայաստանյան կովկասյան ինտեգրացիոն քաղաքականության բացակայության պայմաններում սա կդառնա իրականություն»,-ասում է նա: Բանախոսի համոզմամբ, միայն կովկասյան ինտեգրացիան Հայաստանին հնարավորություն կտա աշխարհում կարեւոր միավոր դառնալ: «Մինչեւ 93-ը Հայաստանն այդ ինտեգրման լիդերն էր, սակայն 93-ին պարոն Թելբոթի (ԱՄՆ պետքարտուղարի այն ժամանակվա օգնական- Ն. Գ.) Հայաստան կատարած այցից հետո կովկասյան բոլոր ծրագրերը այստեղ կանգնեցվեցին: Ըստ իս, ԱՄՆ-ի պահանջը հիմնված էր կեղծ գնահատականի վրա, որ Հայաստանը ՌԴ-ի գործիքն է տարածաշրջանային քաղաքականության համար: Սակայն այդ շրջանում ՌԴ-ն ավելի կցված էր Հայաստանին՝ ելնելով Կովկասում նրա ազդեցությունից»,- ասում է նա: Պարոն Մանուչարյանը նաեւ ընդգծում է, որ այդ ինտեգրացիան նույնքան կարեւոր է նաեւ կովկասյան մյուս պետությունների համար, քանզի իր կոմունիկացիոն նշանակությամբ այն այժմ դարձել է ԱՄՆ-ի, Եվրոպայի եւ ՌԴ-ի շահերի բախման կիզակետը: Այս համատեքստում ինչ վերաբերում է ղարաբաղյան խնդրին՝ «Մինսկի խումբը արեւմտյան քաղաքակրթության գործիքն է՝ վերահսկողության տակ պահելու տարածաշրջանային գործընթացները եւ թելադրելու նրանց զարգացումը: Այդ գործընթացն իր մեջ չի պարունակում ղարաբաղյան խնդրի կարգավորման բանալին»,- համոզված է Ա. Մանուչարյանը: Նա գտնում է, որ այս հարցի լուծման արդյունքում հաղթողները լինելու են «Մինսկի պրոցեսի վարողները», իսկ պարտվողները լինելու են Ադրբեջանը, Հայաստանը, ԼՂՀ-ն: Այս առումով Ա. Մանուչարյանը նույնպես կարեւորում է կովկասյան ինտեգրացիան: Ն. Գ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել