Սադրվում ենք ՌԴ նախագահ Պուտինի երեւանյան ասուլիսին վերջինս մի ուշագրավ արտահայտություն «թռցրեց»: Նշելով, թե ԱՊՀ-ն այլեւս մի ակումբ է, որտեղ անդամ երկրները կարող են զրուցել փոխադարձաբար միմյանց հուզող հարցերի շուրջ, իբրեւ այդպիսի օրինակ, վկայաբերեց փախստականների հարցը: Հետաքրքիրն այն է, որ ՌԴ նախագահը, շրջանցելով փախստականի բոլոր հնարավոր ու հայտնի տիպերը, ընդգծեց հատկապես Վրաստանից սպասվող հայ փախստականների հավանականությունը: Պարզվում է, որ ասվածը սոսկ օրինակ չէր, եւ, ցավոք, հերթական անգամ գործ ունենք ռուսական ապակայունացնող գործոնի հետ: Թերեւս հենց այս տրամաբանության մեջ պետք է դիտարկել վերջին շրջանում Ջավախքում տեղի ունեցող բավականաչափ տագնապալի իրադարձությունները: Երեկ մոտ 3000 մարդ դարձյալ հանրահավաք են անցկացրել Ախալքալաքում: Նրանք քննադատել են Վրաստանի կառավարությանը եւ, ի թիվս այլ հարցերի, պահանջել են չհանել Ախալքալաքում տեղակայված ռուսական ռազմակայանը: Թվում էր, թե այս խնդիրը պետք է վաղուց կարգավորված լիներ հայ-վրացական տարբեր մակարդակի պաշտոնական փոխշփումների շրջանակներում: Խոսքը, բնականաբար, ռուսական ռազմակայանը Ջավախքում թողնելու երիցս անհեթեթ պահանջի կամ ավելի ճիշտ՝ այդ պահանջը ժամանակ առ ժամանակ չբարձրացնելու անհրաժեշտության մասին է: Այսինքն՝ ՀՀ իշխանությունները պետք է բավարար ողջամտություն ունենային՝ Ջավախքի վրա ունեցած իրենց ազդեցությունը ճիշտ հունով օգտագործելու եւ նման աբսուրդ ու վտանգավոր պահանջները կանխելու համար: Մինչդեռ տեսնենք, թե ինչ է կատարվում: Ախալքալաքից եւ առհասարակ ողջ Վրաստանից ռուսական ռազմակայանների դուրսբերման հեռանկարը վաղուց կանխորոշված է ԵԱՀԿ ստամբուլյան գագաթաժողովի եզրափակիչ փաստաթղթերով, որոնց տակ, ի դեպ, Վրաստանից բացի, ստորագրել են նաեւ Ռուսաստանն ու Հայաստանը: Այն, որ ռուսական ռազմակայանները պետք է Վրաստանից դուրս բերվեն, չի վիճարկում անգամ Մոսկվան: Վերջինս, սակայն, պաշտոնական Թբիլիսիի հետ անհամաձայնություններ ունի՝ կապված դուրսբերման ժամկետների հետ: Եվ ահա, ռուս-վրացական անհամաձայնության ֆոնին հերթական անգամ խաղարկվում է հայկական գործոնը, ինչը կողքից բավականաչափ տգեղ, եթե չասենք՝ անհեթեթ տեսք ունի: Ստացվում է, որ ջավախահայերը Վրաստանի կառավարությունից պահանջում են մի բան, ինչի դեմ Թբիլիսին վաղուց կատաղի պայքար է մղում, եւ ինչը, փաստորեն, նույնքան վաղուց դուրս է Մոսկվայի իրավասության, իսկ հիմա արդեն՝ նաեւ հնարավորության շրջանակներից: Մնում է միայն գուշակել, թե օրավուր բարդացող ղարաբաղյան խնդիր ունեցող Հայաստանի համար ինչ հետեւանքներ կարող է ունենալ տարածաշրջանում լարվածության նոր օջախի ստեղծումը, հատկապես հաշվի առնելով, որ այն ակնհայտորեն հրահրվում է Մոսկվայից եւ այն էլ՝ երեւանյան ամբիոնի օգտագործմամբ: ՏԻԳՐԱՆ ԱՎԵՏԻՍՅԱՆ