ՄԱՐՏՈՒՆԵՑԻՔ ՈՒԶՈՒՄ ԵՆ ՂՐՂԶԵԼ Ստեփան Դեմիրճյանից հեղափոխական լուծում են պահանջում Ըստ Մարտունու բնակիչների, Գեղարքունիքի մարզի Մարտունու տարածաշրջանում արտագաղթը մեծ թափով շարունակվում է։ Այսօր Մարտունիում ավելի շատ ինքնաթիռի տոմսեր վաճառող գրասենյակներ կան, քան մանկապարտեզում՝ երեխաներ: Նախկինում հարյուր հազարից ավելի բնակիչ ունեցող այս տարածաշրջանում դրա կեսն էլ չի մնացել: Սակայն ՀԺԿ նախագահ, «Արդարություն» դաշինքի ղեկավար Ստեփան Դեմիրճյանի հետ հանդիպման եկած մարտունեցիները, որոնք ՀԺԿ նախագահին ընդունեցին հին օրերի ջերմությամբ, ոչ թե սոցիալական խնդիրներից էին խոսում, ինչպես սովորաբար լինում էր նախկինում նման հանդիպումների ժամանակ, այլ բավականին կոնկրետ պահանջ էին ներկայացնում՝ ե՞րբ է լինելու հեղափոխությունը: Մարտունեցիները առարկություն չընդունող տոնով պահանջում էին. «Դու մեզ առաջնորդիր, մենք քո քամակին կանգնած ենք»: Իսկ թե ե՞րբ է պատրաստվում Ստեփան Դեմիրճյանն առաջնորդել հեղափոխական ոգով տոգորվածներին՝ առայժմ պարզ չէ համենայնդեպս, կրկին ժամ ու ժամանակ չկոնկրետացվեց, բայց ասվեց, որ փոփոխություններն անխուսափելի են, եւ դրանք ժողովրդի հետ միասին իրականացվելու են սահմանադրական ճանապարհով: «Մենք ձեզ հետ պատրաստ ենք գնալ մինչեւ վերջ, միայն խնդրում ենք մեզ առաջնորդեք, որ այս երկիրը տանենք դեպի ժողովրդավարություն»,- ասում էին առավել ուսյալ մարտունեցիները եւ միաժամանակ խնդրում. «Թող էդ սահմանադրական ճանապարհը մի քիչ վերանայվի, էդ ո՞նց է, որ ղրղզների մոտ էլ ստացվեց, մենք պակա՞ս կղրղզենք»: Հանդիպման էին եկել հիմնականում այն մարտունեցիները, ովքեր այլեւս հույս չեն կապում իշխանությունների կողմից իրականացվելիք փոփոխությունների հետ, նրանք, իրենց ասելով, «կուշտ» են այս իշխանություններից. «Մարդիկ եկել են սովետի ժամանակվա շորերով, բա սա կյա՞նք է»,- ասում էին իսկապես հուսահատվածները: Հանդիպման ընթացքում կոալիցիայի անդամ կուսակցությունների հասցեին մարտունեցիք այնպիսի բանահյուսական հատուկ ժանրի արտահայտություններ էին հնչեցնում, որոնք, բնականաբար, թերթում տպագրվելիք չեն։ Կարելի է ենթադրել, որ նախագահի հետ ավանդական հանդիպումների ժամանակ որեւէ մարզպետ կամ քաղաքապետ չի ներկայացնում իրականությունը, այլ ասում է թվեր, միայն թվեր, որոնք երբեք չեն բացահայտում մարդկանց իրական վիճակը, իսկ այն ծայրաստիճան վատ է: Խորհրդարանի մասին մարտունեցիների կարծիքը թերեւս կարելի է ներկայացնել. «Այս խորհրդարանը «քույրիկ» է, ոչ մի բանի ընդունակ չէ»: Հանդիպման ընթացքում «Արդարություն» դաշինքի ղեկավարին ուղղված հարցերը միայն մեկ ուղղություն ունեին՝ ի՞նչ է պետք անել՝ մենք պատրաստ ենք: «Մենք ամպագոռգոռ հայտարարություններ չենք անելու, մենք եղել եւ լինելու ենք հետեւողական եւ սկզբունքային, մեր երկրում պետք է վերականգնվի սահմանադրական կարգը, եւ մենք հասնելու ենք դրան: Այսօր հեղափոխություն բառը տեղի-անտեղի շատ է շահարկվում, լուրջ չէ հայտարարել, թե այսօր կամ վաղը կլինի: Մենք մեր անելիքը գիտենք: Առանց մեծ-մեծ խոսելու մենք կանենք՝ ինչ որ պետքն է»,- մարտունեցիներին վստահեցրեց ՀԺԿ նախագահը: «Այ, երբ դուք առաջնորդեք մեր պայքարը, մենք կտեսնենք, որ դուք ձեր արածն արեցիք, ե՞րբ պիտի դա լինի»,- չէին հանգստանում գյուղացիները։ «Կճանապարհենք բոլորին, մի անհանգստացեք, միասին կվռնդենք»,- նույն ոգով շարունակում էր Ստեփան Դեմիրճյանը: Մարտունու Կոմկուսի շրջկոմի առաջին քարտուղար Ռադիկ Հարությունյանը երեկ հայտարարեց. «Մարտունիում 2003-ից էս կողմ բացվել է չորս դագաղի խանութ, 16 աերոպորտի կասսա, 15 դեղատուն: Սա նշանակում է, որ մարդիկ մեխանիկորեն մահանում են, ամեն բժիշկ իր դեղատունն ունի: Մարտունու միակ բաղնիքը վաճառեցին, Մարտունիում բաղնիք չկա, ճի՞շտ ա, ժողովուրդ («Այո»,- արձագանքում էր ժողովուրդը- Մ. Ե.), միակ կաթսայատունը Մարտունու քաղաքապետը չնչին գումարով տասը օր առաջ վաճառեց պարսիկներին: Պետք է այս ամենի դեմն առնել, Մարտունիում անիշխանություն է, որովհետեւ ղեկավարում է ՀՀԿ քաղաքապետը, մարզպետն էլ ՕԵԿ-ից է, իրար պաս են տալիս: Խոսելով հարցը չի լուծվի, խոսելով դագաղների խանութները չեն պակասի, եկեք գործ անենք: Օրինակ վերցրեք ղրղզներից, վրացիներից»: ՀԺԿ նախագահի հետ «հեռակա» հանդիպման էին եկել նաեւ ոստիկանության աշխատակիցները, որոնք հեռվից հետեւում էին դահլիճ մտնող մարդկանց: Մեզ հաջողվեց պարզել, որ ընդդիմադիր խմբակցության ղեկավարի եւ պատգամավորների հետ այս հանդիպման համար Մշակույթի պալատի դահլիճը տրամադրած քաղաքապետին «խիստ նկատողություն» են տվել «վերեւներից»: ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ