Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը աշխարհի 2006 թվականի
գավաթի խաղարկության նախընտրական փուլի հերթական տուրում Էյնդհովենում 0:2 հաշվով
զիջեց հոլանդիայի ընտրանուն: Դաշտի տերերը հաշիվը բացեցին արդեն
երրորդ րոպեին (աչքի ընկավ Կաստելենը), իսկ Ռուդ Վան Նիստելրոյը 34-րդ րոպեին այն
կրկնապատկեց: Պարտությունը, անխոս, տխրեցնող է, սակայն ամենեւին էլ մեր ֆուտբոլիստներին
արդարացնելու կամ պաշտպանելու մտադրություն չունենալով, նշենք, որ դա ինչ-որ տեղ
նաեւ օրինաչափ էր, քանի որ մրցակիցը աշխարհի ուժեղագույն հավաքականներից մեկն էր,
որը ՖԻՖԱ-ի վարկանիշային դասակարգման վերջին ցուցակում զբաղեցնում է 7-րդ հորիզոնականը
(Հայաստանը 120-րդն է): Հաղթանակից հետո Հոլանդիան պահպանեց 1-ին խմբի առաջատարի
դիրքերը եւ շատ մոտ է եզրափակիչ մրցաշարի ուղեգիր նվաճելուն: Նույն օրը մեր խմբում
Մակեդոնիան սեփական հարկի տակ 1:2 հաշվով տանուլ տվեց Ռումինիային, իսկ Չեխիան հյուրընկալվելիս
չորս անպատասխան գնդակ անցկացրեց Անդորրայի դարպասը: Հերթական տուրից հետո 1-ին խմբի
մրցաշարային աղյուսակն այսպիսի տեսք ստացավ. Հոլանդիա 6 5 1 0 14-3 16 Չեխիա 6 5
0 1 14-5 15 Ռումինիա 7 4 1 2 12-8 13 Ֆինլանդիա 6 3 0 3 13-10 9 Մակեդոնիա 7 1 2
4 7-9 5 Հայաստան 7 1 1 5 4-15 4 Անդորրա 7 1 1 5 3-17 4 Հայաստանի ազգային հավաքականը
հաջորդ հանդիպումն անցկացնելու է հունիսի 14-ին: Այդ օրը մեր ընտրանին Երեւանում
հյուրընկալելու է Մակեդոնիային, որին անցած տարվա օգոստոսի 18-ին նրա դաշտում զիջել
է 0:3 հաշվով: Այդ խաղն անչափ կարեւոր նշանակություն է ունենալու մերոնց համար, քանի
որ հաջողության հասնելու դեպքում Հայաստանը մրցաշարային աղյուսակում կշրջանցի Մակեդոնիային:
Նախորդ օրը Հայաստանի երիտասարդական հավաքականի հանդիպումը հոլանդացի իրենց հասակակիցների
հետ ավարտվել էր 0:0 հաշվով: Ա.ՀԱԿՈԲՅԱՆ