Այսօր
ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Խորեն Աբրահամյանը կդառնար 75 տարեկան Հայի մտախառնվածք
է՝ «Գնա մեռի, արի սիրեմ»: Խորեն Աբրահամյանի պարագային նույնպես, թեպետ նա ժամանակին
արժանացավ խորհրդային հնարավոր բոլոր տիտղոսներին, հասավ ճանաչման ու փառքի: Ոսկերչորեն
մշակած իր հուժկու տաղանդի եւ հագեցած գործունեության շնորհիվ: «Նա իմ ճանաչած հազվագյուտ
արվեստագետն է, որը գնահատեց իր տաղանդը». մահվան առիթով գործընկերոջ՝ Սոս Սարգսյանի
խոսքը ճշտորեն է արտահայտում իրողությունը: Արտաքին եւ ներքին առանձնաշնորհներ, օբերտոններով
հարուստ անշփոթելի ձայն, բեմական մեծ բնազդ, իր մարմնի կենսամեխանիկային տիրապետելու
կարողություն, հիրավի պրոֆեսիոնալ: Սակայն Խորեն Աբրահամյանը տարաբախտ բախտավոր արվեստագետ
էր: Եվ այստեղ ոչ մի պարադոքս չկա… Այսօր հավանորեն քչերը գիտեն մի տխրագին
իրողության մասին, որը եթե չխաթարեց, ապա էականորեն փոխեց ստեղծագործական հասունացման
եւ ինքնուրույնության փուլ մտած արվեստագետի ուղին: 1983 թվականին, արդեն երեք տարի
Գ. Սունդուկյանի անվան թատրոնի գեղարվեստական ղեկավար կարգված եւ բարձրակարգ բեմադրությունների
(«Հացավան», «Ջոն արքա», «Անավարտ մենախոսություն» եւ այլն) հեղինակին անսպասելի
պաշտոնանկ արեցին: Գործեց ֆունկցիոների «պարտականությունը իրավունք է» կամայական
հրամանը՝ կողքից արված նախանձադավ «քար գցումով», ինչ է թե արտիստ-ռեժիսորը մերժում
էր միջակ պիեսը: Պաշտոնական վարկածը թատրոնի 60-ամյակի առիթով Խ. Աբրահամյանի՝ հանրությանը
դեռեւս չներկայացրած «Պեպո»-ի նոր բեմադրության շուրջ ծամծմվող եւ ասեկոսեի մակարդակից
չբարձրացող կեղծ տագնապն էր. մեր ամենադասական, մեր ամենից փայփայելի հերոսը ենթարկվել
է զավեշտի՝ ջինսով է, գերժամանակակից՝ իր ամեն բանով: Եվ ոչ միայն… Իսկ ինչ էր
եղել իրականում: Միշտ ժամանակակից, շարունակ պրպտող Խ. Աբրահամյանը, որի գեղագիտական-ստեղծագործական
հայեցակարգում թատրոնը երբեք գավառագիտական թանգարան չէր, այլ մշտատեւ նորացվող,
արդիաշունչ արվեստ, պիեսն «ընթերցել» էր յուրովի, իրեն քաջածանոթ իդեալականացված
գլխավոր հերոսի եւ հակադրության մյուս կողմում հանդես եկող «գիշատիչ» բուրժուայի
կերպարներին հաղորդել էր հիրավի ժամանակակից, ավելի հավաստի գծեր՝ վերաիմաստավորելով
կերպարների սոցիալական վարքագիծը: Եվ դա՝ բեմադրական կուռ տրամաբանությամբ, ցայտուն
բեմավիճակներով: Ճակատագրի հեգնանք. այդ նույն բեմում, այդ նույն Պեպոն, որը տարիներ
առաջ Վ. Աճեմյանի հանրահայտ բեմադրության մեջ հիանալի անձնավորման շնորհիվ արտիստին
փառք էր բերել, կասեցրեց նրա ստեղծագործական սլացքը, եթե չասենք դարձավ «գերեզմանափորը»…
Հաղթական գավաթի ակրատը ֆունկցիոներն ու նրա «խորհրդականները» վայելեցին ցմրուր…
Իր թատրոնից հեռացվեց Արտիստը, ընդհատվեց թռիչքը: Եվ Խ. Աբրահամյանը, իբրեւ մեծ զիջողություն,
հայտնվեց Գյումրիի դրամատիկ թատրոնում: Իրականացրեց տպավորիչ բեմադրությունների մի
ամբողջ շարք («Թիկունք», «Մաուգլի», «Անավարտ մենախոսություն», «Ոճրագործի ընտանիքը»,
«Վերջին հանգրվանը», «Արջը» եւ այլն): Սակայն միայն իրեն, ստեղծագործողին հասկանալի
ներհայեցումով խախտված էր ստեղծումի օրգանականությունը: 1989-ին Խ.Աբրահամյանը վերստին
Գ. Սունդուկյանի անվան թատրոնում էր: Թվում էր՝ ամեն ինչ բնականոն ընթացքի մեջ է.
ստեղծվեցին գեղարվեստորեն տարարժեք մի քանի բեմադրություններ՝ «Մեռնիլը որքան դժվար
է», «Քինը», «Կարուսել», «Դոկտոր Շտոկման» եւ այլն: Ապա նոր ժամանակին բնորոշ գայթակղությունը՝
հյուրախաղեր, երկարատեւ հանգրվան՝ օվկիանոսից այն կողմ… Վերադարձ: Սակայն ոչ թատրոն:
Եվ արտիստը նեղացած-նեղսրտած ամենքից, գուցե նաեւ իրենից, գնաց «Ջին» խաղալու…
Դա վերջն էր… Պարկինսոնիզմ ծնող անհատի ճակատագիրը, անձը որոշող ֆունկցիոներական
կամայականությունը, ցավոք, ժառանգված է նաեւ նորանկախ Հայաստանում, միայն այն տարբերությամբ,
որ նորերն ավելի անպատժելի են: Ոլորտը սիրողական մակարդակից էլ ցածր պատկերացնող,
իրենց պիջակից խրտնող, մշակույթի տեր ու տնօրեն կարգված, մշակույթը միջոցառման հետ
շփոթող չտես պաշտոնյաները արվեստագետներին վերաբերվում են ինչպես աղյուսագործների:
Եվ գորշուկի գորշությամբ ասպարեզից հեռացնում են պրոֆեսիոնալների (Օհան Դուրյան,
Տիգրան Լեւոնյան եւ այլք), վաշխառուի գոհությամբ ծախում պետական թատրոնի շենք, մշակույթի
տուն: Ֆունկցիոներներից հուսահատ, արվեստագետներին մնում է մտածել փիլիսոփայի պես
եւ սպասել. գուցե կգա այն պահը, երբ կապիկը խելքը կթռցնի, որ մարդ դառնա… ՀԱԿՈԲ
ՄԱՐՏՈՒՆԻ