Լրահոս
Օրվա լրահոսը

Փաստաբանները կրկին բաժանվեցին

Ապրիլ 01,2005 00:00

Երեկ
Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանում, դատավոր Ռուբեն Ներսիսյանի
նախագահությամբ սկսվեց Հայաստանի փաստաբանների հայցերի քննությունները: Բարձրագույն
իրավաբանական կրթություն էր պետք՝ հասկանալու, թե ո՞վ էր պատասխանողը, ովքե՞ր էին
հայցվորները եւ ինչո՞ւ ներկայացված 5 առանձին հայցերը քննարկվում էին մեկ վարույթում:
Վիճաբանության նյութը առնչվում էր մարտի 19-20-ին տեղի ունեցած փաստաբանների ընդհանուր
ժողովում ընտրված նոր պալատի նախագահի ընտրություններին, հաշվիչ հանձնաժողովի գործունեությանը,
Հանրային պաշտպանի գրասենյակի, կարգապահական ու որակավորման հանձնաժողովների ընտրությունների
արդյունքների վիճարկմանը: Հետաքրքիր է, որ փաստաբանների ընդհանուր ժողովին մատների
վրա կարելի էր հաշվել ընտրություններին հետեւող լրատվամիջոցների թիվը: Երեկ այնքան
լրատվամիջոց ու այնքան փաստաբան էր մասնակցում այս վեճի քննությանը, որ դահլիճում
նույնիսկ կանգնածներ կային: Պալատի նախագահի ընտրությունները վիճարկող փաստաբաններն
էին նախագահի պարտված թեկնածու (ըստ հաշվիչ հանձնաժողովի) Ռուբեն Սահակյանի ներկայացուցիչները,
մասնավորապես՝ Արա Զոհրաբյանը, Կարեն Մեջլումյանը, Արգիշտի Կիվիրյանը: Չորրորդ ներկայացուցիչ
Մասիս Ղազանչյանը չէր ներկայացել նիստին: Պալատի նախագահ ընտրված (դարձյալ՝ ըստ հաշվիչ
հանձնաժողովի) Ենոք Ազարյանի ներկայացուցիչներն էին Ռոբերտ Գրիգորյանը, Կրոմվել Գրիգորյանը,
Էդիկ Չինարյանը, Վարդան Սաֆարյանը: Հայցեր էին ներկայացրել Ռ. Սահակյանի կողմնակիցներ
Լիպարիտ Սիմոնյանը, Հայկ Ալումյանը, Սոս Գրիգորյանը, Լուսինե Սահակյանը: Տեղ-տեղ
իբրեւ երրորդ անձ հանդես էին գալիս Ե. Ազարյանի ներկայացուցիչները՝ Լեւոն Բաղդասարյանը,
Կարեն Քամալյանը: Մի խոսքով՝ փաստաբանների դեֆիցիտ չէր զգացվում: Մինչ «բիրիք» հայցերի
քննության սկսվելը, դատարանը փորձեց ճշտել, թե արդյոք փաստաբանները հաշտության կգնա՞ն:
Հայցվորները, բնականաբար, մերժեցին, իսկ պատասխանողները պատրաստակամություն հայտնեցին
քննարկել կողմի ցանկացած առաջարկություն: Դատարանը մերժեց Ե. Ազարյանի կողմնակիցների
երկու միջնորդությունները՝ գործի վարույթը կարճելու, ապա մարտի 24-ի նույն այս դատարանի
արգելանքի որոշումը վերացնելու, ըստ որի, որպես հայցի ապահովման միջոց, արգելանք
էր դրվել պալատի նախագահի գործունեության վրա: Վերջին դեպքում փաստաբանները նկատեցին,
որ դրանով կասեցվել է ողջ պալատի գործունեությունը: Իսկ Ռ. Սահակյանի կողմնակիցները
գտան, որ կա հայցային պահանջ, ըստ որի, ամբողջ ընտրություններն են վիճարկվում եւ
որ այդ որոշման միջնորդությունը բավարարելու դեպքում, արդյունքում կունենանք բացասական
հետեւանքներ, այն է՝ «ապօրինի նախագահի կողմից ստորագրված փաստաթղթեր, ակտեր»: Ռ.
Սահակյանի ներկայացուցիչ Արա Զոհրաբյանը գտնում էր, որ ընտրությունների ժամանակ չի
հաստատվել դրանց անցկացման, կազմակերպման, քվեարկության արդյունքների ամփոփման կարգը
եւ որ փաստաբանների ընդհանուր ժողովի առաջին օրը չի ձեւավորվել հաշվիչ հանձնաժողով
եւ չի ապահովվել որոշումների կայացման ժամանակ փաստաբանների ձայների հաշվարկը: «Բազմաթիվ
փաստաբաններ չեն գրանցվել մատյաններում, սակայն մասնակցել են ընտրություններին: Գրանցվել
են, սակայն չեն մասնակցել կամ էլ շատերը չեն իմացել, թե երբ է քվեարկությունը, հետեւաբար
բացակայել են քվեարկությունից»,- շարունակեց Ա. Զոհրաբյանը եւ հանդես եկավ միջնորդությամբ՝
կապված 12 փաստաբանի՝ իբրեւ երրորդ անձ դատական այս գործընթացին ներգրավելու համար:
Այս 12 փաստաբանները՝ Կարինե Հարությունյանը, Նարինե Սարգսյանը, Աշոտ Թադեւոսյանը,
Վահագն Դանիելյանը, Գագիկ Ավագյանը, Վահագն Աղասյանը, Վեդիկ Գաբրիելյանը, Հասմիկ
Ջալալյանը, Գայանե Զաքարյանը, Ցոլակ Մարգարյանը, Վազգեն Նիկոլյանը, Սուսաննա Ներսիսյանը,
ըստ հայցվորի, փաստաբան են դարձել առանց որակավորման հանձնաժողովի, քանի որ, նրա
տեղեկություններով, որակավորման հանձնաժողովի վերջին նիստը տեղի է ունեցել 2001-ին:
Դատարանը հետաձգեց քննությունը՝ նրանց ներկայությունը ապահովելու համար: ՌՈՒԶԱՆ
ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել