«Երեք տարի առաջ՝ ապրիլի 2-ին, ՀՌԱՀ-ն իր կամայական որոշմամբ կապուղի չտրամադրեց հանրաճանաչ «Ա1+» հեռուստաընկերությանը: Այդ օրը շրջադարձային էր մեր երկրի զարգացման համար»,- երեկ ասուլիսի ժամանակ հայտարարեց ԵՄԱ նախագահ Բորիս Նավասարդյանը:
Միջոցառումներ
Երեկ կայացած ասուլիսով մեկնարկեց «Ա1+» հեռուստաընկերության եթերազրկման եռամյա տարելիցին նվիրված միջոցառումների շարքը: Մի շարք հասարակական եւ լրագրողական կազմակերպություններ որոշել են այս տարի իրենց ձեռքն առնել «Ա1+»-ին նվիրված միջոցառումների կազմակերպման գործը: Ապրիլի 2-ին Գրիգոր Լուսավորիչ 15 հասցեից, որտեղ դեռեւս տեղակայված է «Ա1+»-ը, կսկսվի երթ՝ դեպի տրանսպորտի եւ կապի նախարարություն, որտեղ ցուցարարները կպահանջեն ազնիվ եւ անկողմնակալ մրցույթ անցկացնել ազատ հաճախությունների համար, ապա երթը կշարունակվի դեպի Կոմիտասի արձանի մերձակայքը, որտեղ կկայանա հանրահավաք, ապա՝ ստորագրահավաք: Ստորագրահավաքը կտեւի 10 օր: Այդ օրերի ընթացքում ամեն երեկո ժամը 18-20-ը Կոմիտասի արձանի մոտ ցանկացողները կկարողանան իրենց ստորագրությամբ հաստատել կրկին «Ա1+»-ին եթերում տեսնելու իրենց ցանկությունը:
Պայքար
Ինչպես երեկ ասուլիսի ժամանակ հայտարարեցին ԵՄԱ նախագահ Բորիս Նավասարդյանը, ապա՝ իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը, ամեն տարի հավաքվելով եւ նշելով այս տխուր տարելիցը՝ իրենք ոչ միայն ցավում են ժողովրդի կողմից շատ սիրված հեռուստաալիքի փակման կապակցությամբ, այլեւ ցանկանում են ցույց տալ իշխանություններին, չինովնիկներին, որ մեր հասարակությունը չի դադարում պայքարը հեռուստաալիքների կամայական փակման դեմ, եւ այդ պայքարը միտված է նրան, որ անկախ եւ իշխանության վերահսկողությունից դուրս հեռուստաընկերությունները տեղ ունենան Հայաստանում:
Փաստաբան Տիգրան Տեր-Եսայանը, ով արդեն 3 տարի տարբեր դատական ատյաններում ներկայացնում է «Ա1+»-ի շահերը, տեղեկացրեց, որ ամենայն հավանականությամբ մայիս ամսին Եվրոդատարանից, որտեղ գտնվում է «Ա1+»-ի գործը, նորություններ կլինեն: Առայժմ իրենք ստացել են ԵԴ հարցումը՝ ինչպե՞ս են պատկերացնում իրենց մասնակցությունը դատալսմանը՝ անմիջական ներկայությա՞մբ, թե՞ նամակագրության ձեւով: «Ա1+»-ը ցանկացել է անմիջականորեն մասնակցել դատալսմանը:
Վտանգ
Պարոն Տեր-Եսայանը, այնուհետեւ «Ա1+»-ի սեփականատեր Մեսրոպ Մովսիսյանը ներկայացրեցին հեռուստաընկերության առաջ կանգնած վտանգի մանրամասները: Ինչպես հայտնի է, Սայաթ-Նովա պողոտայում գտնվող Լեզվի ինստիտուտի շենքից կառավարության որոշմամբ տեղահանվում են բոլոր հիմնարկները, քանի որ այդ տարածքը տրամադրվել է Հայ առաքելական եկեղեցուն: Գիտությունների ազգային ակադեմիան, ում պատկանում էր այդ շենքը, Լեզվի ինստիտուտը մտադիր է տեղափոխել իր հաշվեկշռում գտնվող մեկ այլ շենք՝ Գրիգոր Լուսավորիչ 15: Սակայն այդտեղ տարիներ շարունակ պայմանագրով տեղակայված են, աշխատում են եւ այդ ընթացքում նաեւ ֆինանսական ու այլ կարգի ներդրումներ են արել մի շարք հիմնարկություններ: Այդ թվում՝ «Ա1+»-ը: Այժմ ԳԱԱ-ն դիմել է դատարան՝ «Ա1+»-ին վտարելու պահանջով: Դատական առաջին նիստը նախատեսված է ապրիլի 5-ին: Ի դեպ, նույն շենքում են տեղակայված նաեւ արդարադատության նախարարության որոշ վարչություններ, սակայն նրանց որեւէ անգամ ԳԱԱ-ն չի անհանգստացրել: Ելնելով մեր դատական մարմինների ծառայամտությունից, եւ հաշվի առնելով, որ իր դատական հայցում ԳԱԱ-ն անընդհատ հիմնվում է կառավարության որոշման եւ նախագահի հրամանագրի վրա, գրեթե տարակույս չկա, թե ինչպես կլուծվի այս հարցը: Մեսրոպ Մովսիսյանը նույնպես չի բացառում հարցի բացասական լուծումը՝ «Ա1+»-ի համար: Հայաստանյան դատական ատյաններում բավականաչափ թրծված պարոն Մովսիսյանը նկատեց, որ եթե դատարանը որոշի վտարել իրենց, եւ հարկադիր կատարողները գան եւ «Ա1+»-ը հայտնվի փողոցում, դա ամոթալի կլինի ոչ թե «Ա1+»-ի, այլ մեր երկրի նախագահի եւ իշխանությունների համար:
Հաճախություններ
«Ա1+»-ը վստահ է, որ կապի նախարարի հավաստիացումները, թե ՀՀ-ում այլեւս չկան հեռուստաալիքներին տրամադրվելիք հաճախություններ՝ չի համապատասխանում իրականությանը: Երեկ Մ. Մովսիսյանը հայտարարեց, որ ներկայումս ՀՀ-ն տիրապետում է ամենաքիչը 9 ազատ հաճախությունների, որոնց համար ՀՌԱՀ-ը պարտավոր է մրցույթ հայտարարել:
ՄԵԼԱՆՅԱ ԲԱՐՍԵՂՅԱՆ