Լրահոս
Օրվա լրահոսը

Սադրվում ենք

Ապրիլ 01,2005 00:00

Սադրվում
ենք ՌԴ նախագահ Պուտինի երեւանյան ասուլիսին վերջինս մի ուշագրավ
արտահայտություն «թռցրեց»: Նշելով, թե ԱՊՀ-ն այլեւս մի ակումբ է, որտեղ անդամ երկրները
կարող են զրուցել փոխադարձաբար միմյանց հուզող հարցերի շուրջ, իբրեւ այդպիսի օրինակ,
վկայաբերեց փախստականների հարցը: Հետաքրքիրն այն է, որ ՌԴ նախագահը, շրջանցելով փախստականի
բոլոր հնարավոր ու հայտնի տիպերը, ընդգծեց հատկապես Վրաստանից սպասվող հայ փախստականների
հավանականությունը: Պարզվում է, որ ասվածը սոսկ օրինակ չէր, եւ, ցավոք, հերթական
անգամ գործ ունենք ռուսական ապակայունացնող գործոնի հետ: Թերեւս հենց այս տրամաբանության
մեջ պետք է դիտարկել վերջին շրջանում Ջավախքում տեղի ունեցող բավականաչափ տագնապալի
իրադարձությունները: Երեկ մոտ 3000 մարդ դարձյալ հանրահավաք են անցկացրել Ախալքալաքում:
Նրանք քննադատել են Վրաստանի կառավարությանը եւ, ի թիվս այլ հարցերի, պահանջել են
չհանել Ախալքալաքում տեղակայված ռուսական ռազմակայանը: Թվում էր, թե այս խնդիրը պետք
է վաղուց կարգավորված լիներ հայ-վրացական տարբեր մակարդակի պաշտոնական փոխշփումների
շրջանակներում: Խոսքը, բնականաբար, ռուսական ռազմակայանը Ջավախքում թողնելու երիցս
անհեթեթ պահանջի կամ ավելի ճիշտ՝ այդ պահանջը ժամանակ առ ժամանակ չբարձրացնելու անհրաժեշտության
մասին է: Այսինքն՝ ՀՀ իշխանությունները պետք է բավարար ողջամտություն ունենային՝
Ջավախքի վրա ունեցած իրենց ազդեցությունը ճիշտ հունով օգտագործելու եւ նման աբսուրդ
ու վտանգավոր պահանջները կանխելու համար: Մինչդեռ տեսնենք, թե ինչ է կատարվում:
Ախալքալաքից եւ առհասարակ ողջ Վրաստանից ռուսական ռազմակայանների դուրսբերման հեռանկարը
վաղուց կանխորոշված է ԵԱՀԿ ստամբուլյան գագաթաժողովի եզրափակիչ փաստաթղթերով, որոնց
տակ, ի դեպ, Վրաստանից բացի, ստորագրել են նաեւ Ռուսաստանն ու Հայաստանը: Այն, որ
ռուսական ռազմակայանները պետք է Վրաստանից դուրս բերվեն, չի վիճարկում անգամ Մոսկվան:
Վերջինս, սակայն, պաշտոնական Թբիլիսիի հետ անհամաձայնություններ ունի՝ կապված դուրսբերման
ժամկետների հետ: Եվ ահա, ռուս-վրացական անհամաձայնության ֆոնին հերթական անգամ խաղարկվում
է հայկական գործոնը, ինչը կողքից բավականաչափ տգեղ, եթե չասենք՝ անհեթեթ տեսք ունի:
Ստացվում է, որ ջավախահայերը Վրաստանի կառավարությունից պահանջում են մի բան, ինչի
դեմ Թբիլիսին վաղուց կատաղի պայքար է մղում, եւ ինչը, փաստորեն, նույնքան վաղուց
դուրս է Մոսկվայի իրավասության, իսկ հիմա արդեն՝ նաեւ հնարավորության շրջանակներից:
Մնում է միայն գուշակել, թե օրավուր բարդացող ղարաբաղյան խնդիր ունեցող Հայաստանի
համար ինչ հետեւանքներ կարող է ունենալ տարածաշրջանում լարվածության նոր օջախի ստեղծումը,
հատկապես հաշվի առնելով, որ այն ակնհայտորեն հրահրվում է Մոսկվայից եւ այն էլ՝ երեւանյան
ամբիոնի օգտագործմամբ: ՏԻԳՐԱՆ ԱՎԵՏԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել