Մենք
պետք է տեսնենք ապագայի առաջընթացի իրական հույսը Հայտնություն արած չեմ
լինի, եթե հայտարարեմ, որ Հայաստանում ազատ, արդար եւ թափանցիկ ընտրությունների անցկացման
հրամայականը դամոկլյան սրի պես կախված է մեր գլխին: Եվ ոչ թե սոսկ այն պատճառով,
որ դա պահանջում են միջազգային կառույցները, այլ դա անհրաժեշտ է հենց մեզ՝ մեր պետությանն
ու ժողովրդին: Տեղական ինքնակառավարման մարմինների առաջիկա ընտրությունները
կարեւորագույն նշանակություն ունեն մեզ համար՝ իբրեւ ժողովրդավարական Հայաստանի կայացման
գործում լավագույն ներդրում կատարելու իրական հնարավորություն: Զարգացումը ժողովրդավարության
ուղիով մեզ համար պետք է դառնա առաջնային նպատակ եւ առաջին անվիճարկելի անհրաժեշտություն:
Սա ոչ միայն քաղաքական, այլեւ բարոյական հարց է: Մենք պետք է այնպես անենք, որ մեր
երիտասարդները տեսնեն ապագայի եւ առաջընթացի իրական հույսը: Իսկ այդ հույսը ազատությունն
է, ազատ մտածելու, ազատ գործելու, ազատ ընտրություն կատարելու իրական հնարավորության
գիտակցումը ու առկայությունը: Արդյո՞ք մենք առաջ ենք ընթանում ազատ ընտրությունների
վերջնական հաղթանակի բացարձակ վստահությամբ: Վստահ եմ, որ ոչ: Ուստի անհրաժեշտ
է վերածնել հույսը: Անհրաժեշտ է վերածնել հավատը, քանի որ վախեցողները շատ են, անհրաժեշտ
է վերածնել հանդուրժողականությունը, քանի որ չարությունն իրական ուժ է դառնում ներքաղաքական
կյանքում, անհրաժեշտ է ուժեղացնել պայքարը ապօրինությունների եւ ստվերայնության դեմ,
որովհետեւ այսօր կոռուպցիան եւ ներկլանային խմբերը իրական ուժ են եւ խոչընդոտ մեր
ժողովրդավարական բարեփոխումների ճանապարհին: Ասելով, որ միեւնույն է՝ ոչինչ
չի փոխվելու, շատերը հրաժարվեցին քվեարկելուց, ասելով, որ միեւնույն է՝ ոչինչ չի
փոխվելու, շատերը զբաղված են ընտրական հանցագործություններով՝ չգիտակցելով, որ դա
ուղղված է իրենց իսկ զավակների եւ երկրի ապագայի դեմ: Մենք պետք է վերափոխվենք, որովհետեւ
վերափոխում են պահանջում մեր ժառանգները: Մենք պետք է ամբողջ ուժով պայքարենք ծայրահեղականության
դեմ եւ հանդուրժողականության համար, քանի որ, ցավոք, ոմանք ուրախանում են ոչ միայն
իրենց հաջողությունով, այլեւ դիմացինի անհաջողությունով, որի հետեւանքով Հայաստանում
հաստատուն դիրքերով ամրապնդվում է ներքաղաքական ատելությունը: Քաղաքական խաղաղության
եւ քաղաքական ազնիվ մրցակցության գաղափարներին հաջորդելու են գալիս քաղաքական առանց
կանոնների մղվող պատերազմն ու ատելությունը միմյանց նկատմամբ: Անհանդուրժողականությունը,
կրավորական արժեքներն ու գաղափարները թռիչքաձեւ զարգացում են ապրում: Խորանում է
ամեն ինչ ու ամենքին փչացնելու ու վարկաբեկելու գործընթաց՝ առանց հիշելու, որ այս
շղթայում հաղթողներ չեն կարող լինել ու չեն լինելու: Եվ դա հավասարապես վերաբերում
է այդ գործընթացները կազմակերպողներին: Առողջ քննադատությունը, այլընտրանքային
տեսակետների առաջադրումը, նորարարությունն ու ակտիվ աշխատանքը հաճախ սվիններով են
ընդունվում: Ինչո՞ւ: Որովհետեւ մարտնչող տգիտությունը հետեւողականորեն
նոր բարձունքների է ձգտում: Որովհետեւ առաջընթացի ու արեւմտյան արժեքների քաղաքակիրթ
ինտեգրացիայի իրական մղումները ոմանց սին պատրանքներ են թվում, ինչը եւ նրանց դարձնում
է իրենց ճահճացած արժեքային համակարգը քանդելու վճռական թշնամիներ: Արդեն
իսկ եկել է ժամանակը, որ մենք ունենանք ազատ ընտրության մի ծրագիր, որը վերստին վստահություն
կներշնչի թե ամբողջ հասարակությանը, թե քաղաքական դաշտին: Հենց այդ պատճառով կարեւոր
է հաղթահարել ազատ ընտրության խոչընդոտը համերաշխության եւ քաղաքական բոլոր ուժերի՝
այս գաղափարի պաշտպանությանը միտված համընդհանուր դաշինքի միջոցով: Կարծում
եմ, որ հենց այսպիսին պետք է լինի մեր միասնական հավակնությունը: Իշխանություն,
թե ընդդիմություն՝ բոլորս պետք է գիտակցենք այս ճանապարհի ընտրության կարեւորությունը:
Բոլորս պետք է աջակցենք, որ ժողովրդավարության զարգացման ընդհանրական աշխարհայացքը
դառնա մեր հրամայականը եւ արմատավորվի մեր գիտակցության ու գործելակերպի մեջ: Իրական
ժողովրդավարության դինամիզմը, հասարակության կառավարման՝ իր հավասարը չունեցող մոդելը
իրավացիորեն օրեցօր ավելի շատ հավատ ու հպարտություն են ներշնչում մեր երկրի ավելի
ու ավելի շատ քաղաքացիների: Նոր գաղափարներն ու նոր արժեքային համակարգը ազատ ընտրություններ
են ենթադրում: Այս իմաստով մենք պետք է դրսեւորենք նաեւ իդեալիզմ եւ խիզախություն.
իդեալիզմ, որովհետեւ շատերի համար ազատ ընտրությունը նման է քաղաքական բլեֆի, եւ
խիզախություն, որովհետեւ այն անհրաժեշտ է պոռթկում կատարելու դեպի վաղվա օրը: Մի
քիչ անցյալ… ապագայում Ի վերջո, մենք պետք է գիտակցենք, որ Հայաստանը չի
կարող հաջողության հասնել արդեն իրեն սպառած գաղափարներով: Եվ քանի որ շատերն են
խոսում այս մասին, «հայի վերջին խելքի» պատմության մեջ չընկնելու համար փորձենք կանխատեսել,
թե ինչ է մեզ սպասվում, եթե 2005 թ. տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները
կրկին արժանանան միջազգային դիտորդների քննադատությանը: Բնականաբար՝ 2006 թ. հունվարին
ԵԽ-ն կընդունի մի շատ կոշտ բանաձեւ՝ դրանից բխող բոլոր բացասական հետեւանքներով:
ԵԱՀԿ-ն կընդունի ընտրությունները դատապարտող հերթական հայտարարությունը: ԱՄՆ Պետդեպարտամենտը
հանդես կգա կոշտ գնահատականներով: Միջազգային իրավապաշտպան եւ այլ հասարակական կազմակերպությունները
Հայաստանում ժողովրդավարության զարգացման վիճակը եւ ընտրական համակարգը կհամարեն
անկատար: Ո՞ւմ է ձեռնտու այս զարգացումը: Առաջին հայացքից՝ ընդդիմությանը,
որը ձեռք կբերի իշխանությանը վերստին ու հիմնավորված քննադատելու՝ ոչ լեգիտիմ ընտրություններ
կազմակերպելու հերթական մեղադրանք ներկայացնելու հնարավորություն: Նրանք նաեւ կփորձեն
աշխարհին ապացուցել, որ այս իշխանությունները անընդունակ են նորմալ ընտրություններ
անցկացնել: Առաջին հայացքից ձեռնտու է նաեւ իշխանությանը, քանի որ համայնքներում
իշխանությունը կունենա համախոհ ու հնազանդ համայնքի ղեկավարներ, կպահպանի ամուր դիրքեր:
Ցավոք, այսօր Հայաստանում այս տեսակետը կիսողները քիչ չեն ոչ իշխանության, ոչ էլ
ընդդիմության դաշտում, քանի որ նրանցից ոմանք առաջնորդվում են ինչքան վատ՝ անքան
լավ սկզբունքով, մյուսներն էլ կենաց ու մահու կռիվ են տալիս իրենց դիրքերի ամրապնդման
կամ՝ գոնե պահպանման համար: Սակայն ավելի լուրջ մտորելու դեպքում պարզ է դառնում,
որ այս սցենարը չի կարող ձեռնտու լինել ոչ իշխանությանը, ոչ էլ ընդդիմությանը, որովհետեւ
խայտառակ են լինելու պետությունը, երկիրն ու ժողովուրդը: Եվ եթե բոլորս՝ մեր ողջ
հասարակական-քաղաքական դաշտն իրոք մտահոգ է հնարավոր այս ելքով, ապա պետք է ճիշտ
եզրահանգում անենք՝ առանցքում ունենալով մեր ժողովրդի հավաքական նկարագիրը: Հասարակական
համաձայնության հանգելու առաջարկ Իսկ ի՞նչ վիճակում է հայտնվում ժողովուրդը:
Ի վերջո՝ եւ իշխանությունը, եւ ընդդիմությունը կոչված են իրենց գաղափարների ու տեսակետների
շրջանակներում ժողովրդի շահերը պաշտպանել կամ գոնե ներկայացնել: Ցավոք, այս պայմաններում
ժողովուրդը հայտնվում է ոչ միայն խաղից դուրս, այլեւ մերժված ու անտեսված վիճակում:
Մինչդեռ ժողովրդի անունից խոսող ցանկացած ուժ նախ պետք է մտածի ազգի հավաքական նկարագրի
մասին: Ի վերջո՝ համաշխարհային հանրությանը մենք ներկայացնելու ենք ազատության եւ
իրական ժողովրդավարության ձգտող մի ժողովո՞ւրդ, թե՞ հատվածական ու անձնական շահեր
պաշտպանող կուսակցական ու հասարակական կառույցներ: Այս համապատկերում առավել քան
արժեւորվում է վաղվա մեր զարգացումները քաղաքակիրթ ճանապարհով տանելու անհրաժեշտությունը:
Այս ամենից ելնելով՝ որպես Ազգային ժողովի նախագահ կցանկանայի հանդես գալ
առաջիկա տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները ազատ, արդար ու թափանցիկ
անցկացնելուն միտված հասարակական համաձայնության մի յուրօրինակ պայմանագիր ստորագրելու
նախաձեռնությամբ, որը կարող է դառնալ հասարակական հաշտության հնարավորություն առաջիկա
ընտրությունները հիրավի ազնիվ մրցակցության պայմաններում անցկացնելու համար: Համոզված
եմ, որ ազատ ընտրության գաղափարը հանրային շարժման վերածելու անհրաժեշտությունը,
որն ամրապնդվում է քաղաքացիական հասարակության ինստիտուտների, ընտրապայքարին մասնակցող
քաղաքական ուժերի համաձայնությամբ, կարող է առանցքային նշանակություն ունենալ: Վստահեցնում
եմ, որ ես ոչ այնքան ռոմանտիկ եմ, որ տարվեմ անպտուղ երազանքներով, ոչ էլ այնքան
ուտոպիստ եմ, որ երազանքն ու իրականությունը չտարբերեմ: Խնդիրը մեկն է՝ ի՞նչ ճանապարհ
ենք մենք ընտրում: Ի՞նչ է մեզ պետք: Օրվա խնդիրների կիսատ-պռատ լուծո՞ւմ, որ վաղը
վերադառնալու է ավելի շատ հարցականներով, թե՞ սկզբունքային ու արմատական փոփոխություններ
մեր մտածելակերպում ու գործելակերպում: Համոզված եմ, որ անհրաժեշտ է իմաստավորել
մեր ապագայի ճանապարհը: Այդ իսկ պատճառով արդեն այսօր պետք է գիտակցենք, որ Հայաստանը
շատ փոքր երկիր է մեր անպարագիծ ամբիցիաների համար, բայց եւ շատ մեծ երկիր է, երբ
ուզում ենք աշխատել ու աշխատանքի արդյունքում երկրում կուտակված խնդիրները լուծել:
Մեզ օդ ու ջրի պես անհրաժեշտ է հասարակական համաձայնության մթնոլորտը, որպեսզի մեզ
ընտրողները իրական հնարավորություն ունենան իրենց խաբված ու անիրավված չզգալու: Ինչ-որ
բան չանելու համար կարելի է գտնել հազար պատճառաբանություն, բայց ոչ երբեք՝ արդարացում
Ես նաեւ վստահ եմ, որ այս նախաձեռնո ւթյունը արժանանալու է քննադատության:
Հերքումի ու մերժումի՝ նրանց կողմից, ում համար Հայաստանի իրական ժողովրդավարացման
գործընթացը կամ քաղաքական հանդուրժողականությունը որեւէ արժեք չունեն: Նախաձեռնությունը,
անշուշտ, կփնովեն տարաբնույթ «հիմնավորումներով» եւ, իհարկե, չեն հապաղի պեղել ու
պոպուլիզմ գտնել: Երբ չես ուզում գործ անել, հազարավոր պատճառաբանություններ կարող
ես հնարել, բայց՝ իրականում ոչ մի արդարացում: Համոզված եմ, սակայն, որ կգերակշռեն
այն քաղաքական ուժերը եւ հասարակական կազմակերպությունները, ովքեր կգիտակցեն հասարակական
համաձայնության անհրաժեշտությունը, որին կարող են միանալ եւ քաղաքական ուժերը, եւ
հասարակական կազմակերպությունները, եւ ԶԼՄ-ները, եւ անհատ քաղաքացիներ: Իմ համոզմամբ,
այդ պայմանագիրը կարող է լինել այն հիմքը, որի շուրջ տեղի կունենա հասարակության
համախմբումը ներազգային այնպիսի կարգ կազմավորելու նպատակով, որը թույլ կտա համատեղ
ուժերով պայմաններ ստեղծել քաղաքացու իրավունքների ազատ իրացման եւ ազատ կենսագործունեության
համար: Մանավանդ որ 1995-2003 թթ. տեղի ունեցած բոլոր ընտրություններն էլ
արժանացել են միջազգային, մեղմ ասած, ոչ բարեհաճ գնահատականների: Բոլոր նրանք, ովքեր
կատարվող առաջարկը դատափետելու նպատակով կհիշեն 2003-ի ընտրական խախտումների մասին,
թող հիշեն 1999 թ. ընտրությունները եւ միջազգային հանրության գնահատականները: Նրանք,
ովքեր կխոսեն 1999 թ. ընտրությունների մասին, թող հիշեն 1995 թ. ընտրությունների
միջազգային գնահատականները: Համոզված եմ, որ թեկուզեւ ուշացած, բայց եկել է կարեւոր
մի գիծ քաշելու ժամանակը: Երկիրը մեկն է, եւ մենք բոլորս պատասխանատու ենք
մեր երկրի համար. այլընտրանք չկա: Հազիվ թե այլընտրանք կարող է համարվել քննադատության
ու հերքում-մերժումի իրավունքը՝ գործ անելու ու իրավիճակ փոխելու հնարավորության
համեմատությամբ: Վերջապես՝ երբեք չպետք է մոռանալ նաեւ մեր արտաքին քաղաքական
հրամայականները: Մենք ունենք ոչ միայն ընտրությունների ազատ, արդար անցկացման անհրաժեշտություն,
այլեւ ի վերջո մեր երկրի արտաքին իմիջի, առկա արտաքին քաղաքական մարտահրավերներին
դիմակայելու խնդիրներ՝ Ղարաբաղի հարց, տարածաշրջանային զարգացումներ, որոնք եւս,
իմ կարծիքով, պետք է միտված լինեն դեպի մեր ապագան, այլ ոչ թե անցյալը: Եվ
վերջում՝ հեղինակելով այս հրապարակումը, ես հույս ունեմ ընթերցողների արձագանքը ստանալ՝
իրենց տեսակետների ներկայացմամբ: Քննարկումների, ինչու ոչ՝ նաեւ բանավեճերի, տեսակետների
հակադրման ու համադրման արդյունքում հիրավի կարող ենք ունենալ հասարակական համաձայնության
պայմանագիր՝ մենք մեզ համար ու մենք մեզ հետ, որի խնդիրն է ժողովրդավարական Հայաստանի
կառուցումը: Համոզված եմ նաեւ, որ իբրեւ չորրորդ իշխանություն ու հասարակական կարծիքի
ձեւավորման ամբիոն՝ զանգվածային լրատվամիջոցներն էլ իրենց հրապարակումներով մեծապես
կարող են նպաստել հասարակական համաձայնության պայմանագրի կայացմանը: ԱՐԹՈՒՐ
ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆՀՀ Ազգային ժողովի նախագահՀ. Գ. Հոդվածի հայերեն,
ռուսերեն, անգլերեն տարբերակներին կարող եք ծանոթանալ ՀՀ ԱԺ սայթում՝ www.parliament.am
հասցեով: