Լրահոս
Օրվա լրահոսը

ԳՐԱԴԱՐԱՆԱՎԱՐՆԵՐԸ

Մարտ 31,2005 00:00

ԳՐԱԴԱՐԱՆԱՎԱՐՆԵՐԸ ԽԱՐԱԶԱՆԵՑԻՆ ԻՐԵՆՑ Երեկ Հայաստանի ազգային գրադարանում կազմակերպվել էր քննարկում՝ «Հանրային բնույթի գրադարաններն անկախության տարիներին» թեմայով: Ավելի շատ նման էր ինքնաքննադատող հաշվետվության: Թվերով ներկայացվեց, թե 1991-2003-ը քանի գրադարան է մնացել: Պարզվում է՝ այդ ժամանակաընթացքում գրադարանների թիվը նվազել է 236 ով՝ դա բավականին վատ ցուցանիշ է: Ելույթ ունեցավ Ազգային գրադարանի տնօրեն Դավիթ Սարգսյանը, որն անդրադառնալով գրադարաններին սպասվող օպտիմալացմանը, հայտարարեց. «Ես չեմ սարսափում խելամիտ օպտիմալացումից»: Նա նշեց, որ շատ ավելի լավ կլինի, օրինակ, 1000 գրադարանից թողնել 700-ը: Քանի որ 1000-ը այդ վիճակով թողնելու դեպքում եղածն էլ կկորցնենք: Օպտիմալացման դեմ պայքարելը Դ. Սարգսյանը համարեց դոնքիշոտյան միամտություն: Նա դժգոհեց, թե բազում գրադարաններ ֆիքսված են միայն թղթի վրա եւ փոշիացնում են պետության գումարները: Ըստ նրա, կան մարզային, գյուղական գրադարաններ, որտեղ կատարյալ անտարբերություն է տիրում գրքի հանդեպ: Պատճառը գորշ աշխատաոճն է: Հենց այդ տեղերում էլ տեղական ինքնակառավարման «իշխանիկները» ուշադրություն չեն դարձնում ոչ գրադարանին, ոչ էլ շենքային պայմաններին: «Գյուղապետերը պատրաստ են փակել գրադարանը, փոշիացնել գրքերը, փոխարենը՝ խանութ սարքել: Միեւնույն է՝ չեն պատժվելու: Որովհետեւ գյուղապետերին, թաղապետերին պատժող միջոց չկա»,- դժգոհեց Ազգային գրադարանի տնօրենը: Դահլիճից էլ կարծիքներ հնչեցին, թե որոշ գյուղերում գյուղապետերը գրքերն իրենց տուն են տանում: Դ. Սարգսյանը կոնկրետ չնշեց, թե հատկապես որ համայնքի գրադարանից է դժգոհ, սակայն ասաց, որ որոշ վայրերում գյուղական գրադարանները չեն ենթարկվում մարզայինին, անում են «կապրիզներ», հրաժարվում են հաշվետվություն ներկայացնել: Պարոն Սարգսյանը նշեց, որ գրադարաններում քիչ են գիտակ գրադարանավարները: Չկա մեկը, որ կարողանա ընթերցողի հարցին պատասխանել: Քննարկումը բոյկոտել եւ չէին ներկայացել բոլոր գյուղական համայնքների գրադարանների ներկայացուցիչները: Մարզայիններից էլ ներկա էին մի քանիսը: Մարզերի գրադարանների նկատմամբ եղած ուշադրությունից նրանք գոհ էին, սակայն լուրջ խնդիր ունեն՝ կապված շենքային պայմանների հետ: Օրինակ՝ Լոռու մարզային գրադարանում տարվա կեսը ցուրտ է. «Մարդիկ սրթսրթալով են գալիս: Մենք էլ ստիպված գիրքը տալիս ենք, որ տուն տանեն: Տանում ու չեն բերում: Դե, ընկիր հետեւներից ու գրքի եռապատիկը գանձիր: Դրա համար էլ կորուստներ ենք ունենում»,- նեղսրտեց Լոռու մարզային գրադարանի փոխտնօրեն Ֆրուսիա Ջանջուղազյանը: ՀՐԱՉՈՒՀԻ ԵՐԱՆՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել