Լրահոս
Օրվա լրահոսը

«ՊԵՏՔ Է ՓՈԽՎԻ ՆԵՐՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ»

Մարտ 31,2005 00:00

«ՊԵՏՔ Է ՓՈԽՎԻ ՆԵՐՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ» Ըստ Ալբերտ Բաղդասարյանի, դա է ԼՂ հարցի հայանպաստ լուծման կարեւոր պայմաններից մեկը Արդյո՞ք ԱԺ-ում կազմակերպված ղարաբաղյան լսումները ներքին օգտագործման համար չէին, եւ արդյո՞ք դրանով իշխանությունները չեն փորձում ԼՂ հակամարտության կարգավորման՝ մեզ համար հնարավոր վտանգավոր շրջադարձի պատասխանատվությունից խուսափել եւ այդ պատասխանատվությունը տարրալուծել նաեւ լսումներին մասնակցած հասարակական տարբեր շերտերի մեջ ու բարդել նրանց ուսերին: Լսումներին ներկա «Ազգային պետություն» կուսակցության նախագահ Ալբերտ Բաղդասարյանը տեսականորեն չբացառեց դրա հնարավորությունը, եթե պարզվի, որ «այդ լսումներն ընդամենը արձանագրվեցին որպես կատարված աշխատանք, եւ շարունակվի մեր ճահճային «կայուն» կյանքը»: Միաժամանակ նա կարծիք հայտնեց, թե այսօր իշխանություններն ու պետական պաշտոնյաները, թերեւս, իսկապես եւ լրջորեն մտահոգված են ԼՂ հիմնախնդրի համատեքստում ընթացող պրոցեսներով: Եթե իշխանություններն իրոք մտադիր են հետեւություններ անել այդ լսումներից, ապա, ըստ Ա. Բաղդասարյանի, նրանք պետք է հասկանան, որ արտաքին քաղաքականությունը ներքին քաղաքականության շարունակությունն է, որ չի կարող լինել հակաժողովրդավարական, բռնապետական երկիր, որտեղ մարդու իրավունքները չեն հարգվում, բայց ԼՂ հարցը միջազգային ատյաններում ներկայացնել որպես մարդու իրավունքների խնդիր եւ ակնկալել հարցը լուծել այդ տեսանկյունից: Ըստ նրա, չի կարելի միջազգային հանրությունից եւ ԼՂ կարգավորման միջնորդի դեր ստանձնած ԵԱՀԿ-ից մեզ համար բարենպաստ լուծում ակնկալել, եթե քո երկրի բարձրագույն իշխանությունը ստորագրում է այդ կազմակերպության դիտորդական առաքելություններին ներկայացրած՝ ԱՊՀ երկրների ներքին գործերին միջամտելու մեջ մեղադրական փաստաթղթի տակ: «Այս լսումներից հետո իշխանությունները պետք է հասկանան, որ պետք է արմատապես եւ իրապես փոխվի իրենց վարած ներքին քաղաքականությունը, որի ցուցանիշներից մեկն ինձ համար այն է, թե, օրինակ, կբացվի՞ «Ա1+»-ը, թե՞ ոչ, կհարգվե՞ն մարդու իրավունքները, թե՞ ոչ, Սահմանադրությունն իրապես կբարեփոխվի՞, թե՞ նոր իշխանական բուրգի ձեւավորման հիմք կդառնա: Հակառակ դեպքում մնացածը ձեւական էր եւ ուղղված էր ներքին սպառմանը»,- նկատեց Ա. Բաղդասարյանը: Հայկական կողմի հնարավոր զիջումների մասին խոսելիս Ա. Բաղդասարյանն անընդունելի համարեց երկու ծայրահեղությունները՝ «հայրենասիրական»՝ ոչինչ չեմ զիջի» եւ «ի՞նչ ենք պատրաստ զիջել» հարցադրումները: Ըստ նրա, այս վերջինի մասին խոսելը մեր ներսում անիմաստ է: Դա պետք է ուղղված լինի հակամարտող կողմին՝ Ադրբեջանին, որպեսզի պարզ լինի, թե իրականում ով ինչ կարող է զիջել եւ ինչ՝ չէ, եւ որ զիջման դեպքում ինչ փոխզիջում կարելի է առաջարկել: «Մենք այսօր ասում ենք՝ գրավյալ տարածքները պատրաստ ենք զիջել ԼՂ կարգավիճակի հստակեցման դիմաց, մինչդեռ այսօր արդեն միջազգային հանրության կողմից ֆիքսված է, որ դրանք գրավյալ տարածքներ են, եւ դա հայկական կողմը ոչ թե զիջում է, այլ պարտավոր է վերադարձնել որպես ուրիշից գրավված տարածք: Ուրեմն հիմա պետք է մտածել, որ, ըստ միջազգային փաստաթղթերի, դու այդ տարածքը ստիպված ես տալ, ու հիմա բացի դրանից, ուրիշ ի՞նչ կարող ես զիջել՝ Լաչի՞ն, Քելբաջա՞ր, Շուշի՞, Բերդաձորի ենթաշրջա՞ն, ԼՂ մայրաքաղաք Ստեփանակե՞րտը, թե՞ Խանքենդի անվանել, ինքնավարության ինչպիսի՞ մակարդակ սահմանել եւ այլն»,- կարծիք հայտնեց կուսակցության նախագահը: Բայց լսումների ժամանակ եւս ՀՀ ԱԳ նախարար Վ. Օսկանյանն ասաց, թե հայկական կողմը խնդրահարույց տարածքները կազատի ԼՂ կարգավիճակի հարցը լուծելու դիմաց: «Աշխարհը շատ լավ գիտի, որ մենք տարածքներն արդեն զիջել ենք, եւ դա եղել է դեռ այն ժամանակ, երբ Օսկանյանը Հայաստանում բացատրում էր, թե ինքն ինչ է նկատի ունեցել «օկուպացված տարածքներ» արտահայտությունն անելիս: Աշխարհը գիտեր, թե Օսկանյանն ինչ էր ասում, այդ մենք դա չգիտեինք: Կարծում եմ, մեր հաջորդ զիջումը կարգավիճակի խնդիրն է լինելու: Միջազգային հանրությունը չի պատրաստվում զիջել իր սկզբունքները եւ ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ նկատի ունենալով ԼՂ-ն Ադրբեջանի կազմում, իսկ մենք ջայլամի քաղաքականություն ենք վարում եւ ուզում ենք դա չտեսնել: Այս դեպքում, երբ ԱԳ նախարարը նման հայտարարություն է անում, նշանակում է նա մերժում է բանակցելու, փոխզիջելու հնարավորությունը եւ ասում է՝ մենք էլ զիջելու, ուստիեւ՝ խոսելու բան էլ չունենք»: ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել