Լրահոս
Օրվա լրահոսը

«ՀԱՐԿԱՅԻՆՆ ՈՒ ԾԱՌԻ ՀԵՏԵՎՈՒՄ ԹԱՔՆՎԱԾ «ԳԱԻՇՆԻԿԸ» ՆՈՒՅՆՆ ԵՆ»

Մարտ 31,2005 00:00

«ՀԱՐԿԱՅԻՆՆ ՈՒ ԾԱՌԻ ՀԵՏԵՎՈՒՄ ԹԱՔՆՎԱԾ «ԳԱԻՇՆԻԿԸ» ՆՈՒՅՆՆ ԵՆ» Այդպես են գնահատում հարկային տեսուչների գործելակերպը անհատ ձեռներեցները Նրանցից մեկը՝ Գեւորգ Գեւորգյանը, օրերս խմբագրություն էր եկել իր եւ մյուս ձեռներեցների անունից բողոքելու, որ, ի տարբերություն այլ երկրների, մեզ մոտ անհատ ձեռներեցներին աջակցող որեւէ կազմակերպություն չկա, թեկուզեւ՝ վճարովի: Նրան առանձնապես բարկացրել էր Փոքր եւ միջին ձեռնարկատիրության մասին օրենքի նախագծով սահմանված այն դրույթը, որով մանր գործարարը կարող է ազատազրկվել մինչեւ 7 տարով, եթե թղթարարության մեջ որեւէ բացթողում է թույլ տվել: «Ես ձեռներեցությամբ եմ զբաղվում նաեւ Ռուսաստանում: Ամսվա շրջանառության, եկամտի ու ծախսերի մասին հայտարարագրերս ներկայացնում եմ մի կոնկրետ կազմակերպության, նա կազմում է հաշվետվությունն ու հանձնում հարկային մարմնին: Հաշվետվության հետ կապված ողջ պատասխանատվությունն էլ կրում է այդ կազմակերպությունը: Այստեղ նման բան չկա: Անհատ ձեռներեցը կարող է ընդամենը հաշվապահ «վարձել», բայց թղթարարության հետ կապված եւ այլ սխալների համար վերջինս պատասխանատվություն չի կրում, մենք ենք կրում: Հարկային օրենքները շարադրված են խրթին ու անհասկանալի, հարկային տեսուչն ու հաշվետվություն ընդունողը որեւէ հարցի չեն պատասխանում: Միայն տուգանքներն են մեծ ուրախությամբ հայտնում: Հավելավճարներ են ուզում, հետո էլ տեսուչը գալիս է, թե՝ մի 100 հազար տուգանք գրեմ, էլի: Բայց ինչո՞ւ, եթե ես ժամանակին բոլոր վճարներս արել եմ, կանխավճարն էլ՝ հետը: Հաշվետվությունը ստորագրում-ընդունում են, մեկ էլ մի քանի ամիս անց տեսուչն ասում է՝ քեզ տուգանում եմ, որովհետեւ ամիսներ առաջ էսինչ թուղթը չես ներկայացրել: Էհ, ժամանակին ասեիր»: Գ. Գեւորգյանն անձամբ թղթարարության մեջ սխալ թույլ չի տվել, որովհետեւ իր «տուգանված» ծանոթներից հասցրել է տեղեկանալ «որոգայթի» մասին եւ լրացրել բացը: Ճիշտ այնպես, ինչպես ճանապարհի վրա վարորդներն են լույսերը թարթելով հասցնում զգուշացնել հանդիպակաց մեքենաների վարորդներին, որ շրջադարձի վրա կամ ծառերի հետեւում ավտոտեսուչ է կանգնած: Այն, որ հարկատուների եւ հարկահավաքների փոխադարձ շփումն ավելի շատ ծառայում է վերջիններիս պետական ու սեփական գրպաններն առավելագույնս լցնելուն, քան համագործակցված-գրագետ աշխատանքային հարաբերություններ ստեղծելուն՝ նորություն չէ: «Մենք բազմաթիվ ահազանգեր ենք ստանում հատկապես տուգանքների դեմ բողոքով»,-«Առավոտի» հետ զրույցում ասաց Հայաստանի վաճառականների միության նախագահ Ցոլվարդ Գեւորգյանը: Նա նույնպես գտնում է, որ անհատ ձեռներեցներին աջակցությունն այս հարցում իսպառ բացակայում է, որ դա «միանգամայն բաց դաշտ է եւ պետք է այդ հարցը բարձրացնել Փոքր եւ միջին ձեռնարկատիրության աջակցության խորհրդում, գուցե իրենց մասնաճյուղերում ստեղծեն իրավաբանական ու հաշվապահական օգնության կենտրոններ»: Տիկին Ցոլվարդն իր հերթին նշեց, որ ապրիլի մեկից, երբ տոնավաճառների աշխատողները ստիպված կլինեն պետական գրանցում տալ իրենց գործունեությանը, խնդիրն է՛լ ավելի կլրջանա. «Կարծում եմ, տոնավաճառների տերերը կստեղծեն հաշվետվություն կազմող կազմակերպություններ, թեկուզեւ՝ վճարովի, որ վաճառողները ստիպված չլինեն առեւտուրը թողած ամբողջ օրը վազել հարկային»: ՌՈՒԶԱՆ ԱՐՇԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել