Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՀՅԴ-Ն

Մարտ 31,2005 00:00

ՀՅԴ-Ն ՄԵՆԱՇՆՈՐՀԱՅԻՆ ԴԻՐՔԵՐՈՒՄ Է ԼՂՀ-ՈՒՄ ԼՂՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Վահրամ Աթանեսյանն արձագանքում է ՀՅԴ Արցախի կենտրոնական կոմիտեի եւ «Շարժում-88» կուսակցության վարչության համատեղ հայտարարությանը: – Ինչպե՞ս եք մեկնաբանում մարտի 28-ին հրապարակված այդ հայտարարության գնահատականները, թե ԼՂՀ իշխանությունները միշտ չէ, որ իշխանական, ստվերային շահերը ստորադասում են պետական գերխնդիրներին. «Հակառակ տնտեսության ազատականացման, մենաշնորհների վերացման, փոքր եւ միջին բիզնեսի խթանման, սոցիալական ուղղվածության տնտեսական հարաբերությունների մասին երկրի ղեկավարության հավաստիացումների՝ ԼՂՀ-ում տնտեսական էական զարգացում չի արձանագրվում, առկա են նյութական հարստությունների գերկուտակումներ մի խումբ մարդկանց ձեռքում»: – Բնականաբար, չեմ կիսում այդ գնահատականները: Անցած տարիներին Դաշնակցության Արցախի կառույցը ներկայացնող կուսակցական ֆունկցիոներները՝ գործադիր իշխանության հետ համաձայնության պայմաններում, իրե՛նք են տիրացել տնտեսական որոշ մենաշնորհների: Եվ ՀՅԴ-ն ներկայացնող անհատներն Ստեփանակերտում այսօր ունեն մենաշնորհ մասնավորապես հացի, ալյուրի արտադրության ոլորտում, ինչպես նաեւ՝ ուղեւորների փոխադրման մրցույթներին մասնակցության հարցում են կարողացել գործադիր իշխանության որոշ օղակների հետ գալ համաձայնության: Դաշնակցությունը 2000-ի խորհրդարանական ընտրություններից հետո եւ առ այս պահը ներկայացված է եղել գործադիր իշխանության օղակներում, պատասխանատվություն է կրել նրանց գործունեության համար: Սակայն երբ ՀՅԴ-ն ներկայացնող նախարարն իր գործունեության մեջ տեղ գտած թերությունների համար նախագահի հրամանագրով պաշտոնանկ արվեց, չգիտես ինչու, Դաշնակցությունը սկսեց իրեն ներկայացնել իբրեւ Արցախում գործադիր իշխանության եւ առհասարակ՝ սոցիալական, տնտեսական իրավիճակի հետ կապ չունեցող կուսակցություն: Մինչդեռ իրականում, կրկնում եմ, ՀՅԴ-ն ե՛ւ մաս է կազմել իշխանությանը, ե՛ւ մասնակցել պետական գույքի մասնավորեցմանը՝ ինչպես հայեցակարգային քաղաքականություն մշակելու առումով, այնպես էլ՝ անհատապես: – Անդրադարձեք նաեւ հայտարարության այն գնահատականին, թե «բացակայում են տնտեսական զարգացման թափանցիկ ու ընկալելի եւ, ընդհանրապես, ԼՂՀ զարգացման հատուկ ռազմավարական ծրագրերը»: – Դաշնակցությունն Արցախի խորհրդարանում 2000-ից ի վեր ունի 9 անդամից բաղկացած խմբակցություն: Սա լուրջ թիվ է, եթե նկատի ունենանք, որ ԼՂՀ խորհրդարանում կան 33 պատգամավորներ: Եվ ՀՅԴ-ն կարող էր անցած բոլոր տարիներին իր խորհրդարանական խմբակցության միջոցով բացահայտել «թափանցիկ եւ ընկալելի» ծրագրերի բացակայությունը կամ նման թերությունները, եթե դրանք իրոք եղել են: Եթե նրանք նկատել են ու չեն խոսել այդ մասին, ապա հակված եմ ենթադրել, որ Դաշնակցությունը մաս է կազմել ստվերային տնտեսությանը եւ մնացածին: Իսկ եթե միայն այսօր են այդ մասին հրապարակավ խոսում, ապա՝ էլ ո՞ւր մնաց նրանց քաղաքական դիրքորոշումը եւ այն պատասխանատվությունը, որ կրում են երկրի եւ ժողովրդի առջեւ: – Վստահ եք, որ նրանք պատասխանատվությո՞ւն են կրում նաեւ նշված մեկ այլ թերության համար, թե «խորհրդարանն ի զորու չէ վերահսկելու կառավարության գործունեությունը, ընդհանրապես, բացակայում են իշխանությունների նկատմամբ հասարակական վերահսկողության իրական մեխանիզմները»։ – Այո՛, անպայմա՛ն: Կրկնում եմ՝ Արցախի խորհրդարանում ՀՅԴ-ն ունի լուրջ խմբակցություն, որի նախաձեռնությամբ է ընդունվել օրենք «Ազգային ժողովի վերահսկիչ պալատի մասին»: Խմբակցությունը նաեւ մասնակցել է ԱԺ Վերահսկիչ պալատի ձեւավորմանը եւ իր անդամին լիազորել ՎՊ նախագահի տեղակալի պաշտոնում: Եվ նա այսօր աշխատում է, ստանում աշխատավարձ պետությունից: Ուստի՝ բոլոր հնարավորություններն ունեին բացահայտել ու վերահսկել կառավարության գործունեությունը: – Եվ մի վերջին մեջբերում այս հայտարարությունից, ըստ որի՝ ԼՂՀ «քաղաքական ղեկավարն իր պաշտոնավարության 7 տարիների ընթացքում այդպես էլ չի կարողացել դառնալ ամբողջ հանրության առաջնորդը, որի ողջ գործունեությունը ուղղված լիներ Ղարաբաղի ժողովրդավարական հասարակության ձեւավորմանը»: – Որքան գիտեմ՝ Ղարաբաղի Դաշնակցության կառույցը եւ «Շարժում-88» կուսակցությունը համատեղ 500 եւ ավելի անդամ չունեն: Եվ եթե ԼՂՀ նախագահը չի դարձել իրենց առաջնորդը ու դրանից իրենք բխեցնում են, թե նա հանրության առաջնորդն էլ չի, ապա սխալվում են: Արկադի Ղուկասյանը 2002-ի ընտրություններում (որի ժամանակ, ի դեպ՝ ՀՅԴ-ն հանդես էր գալիս ի պաշտպանություն նրա) ստացել է ընտրողների ձայների 80%-ից ավելին, եւ դա՛ է որոշում՝ նա ամբո՞ղջ հասարակության առաջնորդն է, թե՞ ոչ: Հարցազրույցը վարեց ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել