Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Օրինակ կծառայե՞ն մշակույթի գործիչները

Մարտ 31,2005 00:00

«Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնի Ա. Միդոյանի անվան ուրոլոգիայի կլինիկան ապրիլի 8-ին մեկնարկում է ավանդական դարձած տղամարդու առողջության ծրագիր-ակցիան:

Կլինիկայի ղեկավար, ԵՊԲՀ-ի ուրոլոգիայի ամբիոնի վարիչ, դոցենտ Արմեն Մուրադյանի հետ զրույցից պարզեցինք, որ նույնիսկ բժշկական այս ակցիան առանց մշակույթի գործիչների օգնության առաջ չի գնա: Բանն այն է, որ պետության դեմքը մշակույթն է՝ հանձին գործիչների: Ըստ Ա. Մուրադյանի, հանրապետությունում գործում են կանանց հետազոտման մի շարք կենտրոններ՝ Մամոգրաֆիայի, Մոր եւ մանկան եւ այլն: Հայ տղամարդկանց շրջանում անցկացրած հարցումները ցույց են տվել, որ վերջիններս մատների արանքով են նայում իրենց առողջությանը. «Հրավիրել ենք մշակույթի անվանի մարդկանց, որպեսզի հետեւելով նրանց օրինակին, մյուսներն էլ հետազոտվեն: Այս ճանապարհով ուզում ենք իրազեկել հասարակությանը տղամարդկանց ուրոլոգիական խնդիրների մասին»: Բժշկից տեղեկացանք, որ վերջին 10 տարիների ընթացքում շագանակագեղձերի չարորակ գոյացությունները շատացել են, հիվանդների 70-80%-ը դիմում է բժշկի միայն այն դեպքում, երբ, ինչպես ասում են՝ բանը բանից անցնում է: «Մեր գերխնդիրն է հայտնաբերել դեռեւս առաջին փուլում գտնվող հիվանդությունները եւ փորձել արմատախիլ անել, բնականաբար, հիվանդներին վերցնելով հսկողության տակ»,- ասաց պրն Մուրադյանը:

«Առավոտի» հարցին, թե ինչքա՞ն կտեւի ակցիան եւ ի՞նչ արժե հետազոտությունը, նա պատասխանեց. «Ակցիան կտեւի մեկ ամիս եւ այդ ընթացքում անվճար կհետազոտվեն Հայրենական պատերազմի վետերանները, իսկ մյուսների համար անվճար է միայն առաջին շաբաթը»: Բժիշկը հայտնեց, որ 2004-ին հետազոտվել է 1080 քաղաքացի:

Մեր դիտարկմանը, թե զարգացած երկրներում յուրաքանչյուր քաղաքացի ունի էլեկտրոնային բժշկական անձնագիր, Եվրախորհուրդ ոտք դրած մեր երկիրը չի՞ ուշանում այդ հարցում, մեր զրուցակիցն ասաց. «Անշուշտ, հնարավոր չէ, որ յուրաքանչյուր ոք իր հետ մշտապես կրի հիվանդության պատմությունը՝ անկետան: Ակցիայի արդյունքում, այո, մեր նպատակն է նաեւ անցնել էլեկտրոնային անձնագրի: Ինչ խոսք, սա ժամանակի հարց է: Ասեմ ավելին, ԱՄՆ-ում կան նահանգներ, որտեղ անձանց, որոնք սահմանված ժամկետում չեն հետազոտվել եւ, ասենք, իրենց էլեկտրոնային անձնագրում չունեն արյան հետազոտության արդյունքներ, այդպիսի մարդկանց նույնիսկ վարկ չի տրվում»:

Մեր հետաքրքրությանը, թե մշակույթի ճանաչված մարդկանց քանի՞ տոկոսն է անցյալ տարի հետազոտվել, պարոն Մուրադյանը գոհունակությամբ ասաց, որ հետազոտվողների մեծամասնության համար օրինակ են ծառայել Երեւանի պետկոնսերվատորիայի, Գեղարվեստի պետական ակադեմիայի ռեկտորները, ջութակահար Էդուարդ Թադեւոսյանը եւ այլք:

Մշակույթի հայտնի գործիչներից էլ հետաքրքրվեցինք, թե այս տարի նրանք պատրաստվո՞ւմ են հետազոտվել կենտրոնում: Պարզեցինք, որ տարեց արվեստագետները կազմ-պատրաստ են անվճար հետազոտվելու, իսկ երիտասարդները նրանցից ետ են մնում իրենց պատրաստակամությամբ: Վերջիններիս խոսքերով՝ կյանքի թոհուբոհում պարզապես ժամանակ չունեն, ոմանք էլ կեսկատակ-կեսլուրջ ասացին. «Մահը մերն է, մենք՝ մահինը»:

Ս. ԴԱՆԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել