Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Մեր պետական լեզուն ժարգոնն է»

Մարտ 31,2005 00:00

Երեկ
գրերի գյուտի 1600-ամյակի առթիվ Երիտասարդ պահպանողականների միությունը կազմակերպել
էր սեմինար-քննարկում՝ մեր պետական լեզվի պաշտպանվածության խնդիրների մասին: Կազմակերպիչները
հրավիրել էին Լեզվի պետական տեսչության նախկին եւ ներկա պետերին՝ Վալերի եւ Լավրենտի
Միրզոյաններին: Վերջինս, սակայն, նախկին տեսչության պետի ներկայությունը հաշվի առնելով,
չի ընդունել հրավերը՝ պահանջելով, որ իր համար առանձին սեմինար անցկացնեն՝ բոլորովին
ուրիշ պայմաններով: Անձնական բախումները լեզվին առնչվող խնդիրներից վեր է դասում
նաեւ նախկին պետը՝ լեզվի ներկայիս «ողբալի վիճակը» կապելով տեսչության ներկա պետի
հետ: «Եթե այսօր ուրիշ պետ լինի, ուրիշ տեղակալ, եւ նրանք ճիշտ դիրքորոշում ունենան,
կարող են լավ աշխատեցնել մեխանիզմը: Կան կադրեր, կա բարենպաստ օրենսդրական հիմք:
Մեր ժամանակ էլ հակառակորդներ կային, բա մենք ո՞նց էինք աշխատում: Դե, տեսչության
պետը նորանշանակ է (պաշտոնավարում է 2004-ի մայիսից), թեեւ, մեկ ամիսն էլ բավական
է, որ մարդը սկսի աշխատել, սպասենք, տեսնենք»: Պրն Միրզոյանը նաեւ մանրամասն ներկայացրեց,
թե իր պաշտոնավարման ժամանակ ինչպե՞ս են պայքարել լեզվի անաղարտության համար. «Մենք
սկսեցինք պաշտոնատար անձանց հենց աշխատավայրում հայերեն սովորեցնել, հսկում էինք
բոլոր թերթերը, ուղղում նրանց թույլ տված սխալները, գրքույկներ էինք տպագրում, այնպես
որ, մենք ինչ-որ բաներ արել ենք»: Պարոն Միրզոյանի կարծիքով, մեր լեզուն միայն ձեւականորեն
է պաշտպանված՝ միայն Սահմանադրությամբ եւ օրենքով, որովհետեւ, սկսած ՀՀ նախագահից,
բոլորն էլ «մեղանչում» են: Մեր հարցին՝ եթե տեսչությունը ձեւական մարմին է, արդյո՞ք
իրենց կողմից հրատարակած այդ գրքույկներն էլ ձեւական չեն եղել, պրն Միրզոյանն ըստ
էության չպատասխանեց: Ինչ վերաբերում է ՀՀ նախագահին, Վ. Միրզոյանի խոսքերով, «1996-ին,
երբ Ռոբերտ Քոչարյանը Ղարաբաղի նախագահն էր, Լեզվի մասին օրենք էր ընդունվում, նա
հետ տվեց խորհրդարանի ընդունած այդ օրենքը եւ հանեց այն դրույթը, որը պահանջում էր
պաշտոնատար անձանցից լեզվի անաղարտության պահպանում: Եվ դա դարձավ բախտորոշ: Այսօր
էլ ինքը, լեզվական անփույթ վերաբերմունքով օրինակ է ծառայում, իսկ ժողովուրդը ընդօրինակում
է: Նախագահն այսօր հպարտանում է, որ ունի ռուսական կրթություն, մինչդեռ պետք է ամաչեր
իր՝ հայերենի չիմացության համար»: Մեր հարցին, թե հիմա ի վերջո ինչ դեր ունի Լեզվի
տեսչությունը, պրն Միրզոյանը պատասխանեց. «Երբ նոր էր ստեղծվել՝ նախատեսված էր, որ
տեսչությունը պիտի դառնար նախարարություն, բայց պետական հեղաշրջումը դուրս եկավ նաեւ
հեղաշրջում լեզվի դեմ: Միտումնավոր այդ մարմինը խցկեցին կրթության նախարարության
մեջ, որ ոչինչ չանի»: Հայոց լեզվի եւ գրականության մասնագետ, «Ղարաբաղ» կոմիտեի անդամ
Սամվել Գեւորգյանի կարծիքով, մեր պետական լեզուն այսօր ժարգոնն է: «Այսօր պատգամավորների,
իշխանավորների մեծ մասը ժարգոնով է խոսում: Եթե նրանք, օրինակ, լրջագույն օրենք քննելիս
միմյանց ասում են՝ «ապեր», «կայֆ բռնել», ի՞նչ կարող ես նրանցից պահանջել: Պետական
լեզու է Հայաստանում նաեւ Շիրակի բարբառը, կարծում են, որ մենակ դրանով կարելի է
հումոր անել»: ՀՌԻՓՍԻՄԵ ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել