Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Գործարարներից խորհուրդ չեն հարցնում

Մարտ 31,2005 00:00

Հարկային
օրենսդրության պարբերական փոփոխությունները չեն նպաստում ազատ շուկային Երեկ
Գ. Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոնի դահլիճում տեղի ունեցավ Հայաստանի արդյունաբերողների
եւ գործարարների միության հերթական 4-րդ համագումարը: Միջոցառմանը ներկա հայաստանցի
գործարարները գրեթե միաբերան դժգոհեցին, որ իրենք ներգրավված չեն հարկային օրենսդրության
բարեփոխումների գործընթացին եւ ողջունեցին, որ հարկերը չվճարելու համար քրեական պատասխանատվության
ենթարկելու մասին օրինագիծը խորհրդարանը հետ է ուղարկել: Ինչին վարչապետ Անդրանիկ
Մարգարյանն այսպես արձագանքեց. «Այս անգամ գործարարների հետ կքննարկենք եւ նոր միայն
կուղարկենք Ազգային ժողով: Եթե այսօր կառավարությունն ունի ՀՆԱ-ի աճ, գործարարին
է պարտավոր»: Վարչապետը խիստ լավատես էր եւ համաձայն չէր այն մտքին, որ բիզնեսի ներկայացուցիչները
բյուջեի նկատմամբ իրենց պարտավորությունները չեն կատարում. «Գործարարների հիմնական
մասը կատարում է, իսկ մեր խնդիրն այն է, որպեսզի բոլորի համար հավասար օրենսդրական
դաշտ ստեղծենք»: Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների միության նախագահ Արսեն
Ղազարյանը համամիտ էր, որ «Հարկային պարտավորություն չկատարողը հանցագործ է եւ պետք
է պատասխանատվության ենթարկվի: Բայց ոչ այսօր, այս ռեժիմում»: Նա միջոցառմանը ներկա
Հարկային ծառայության պետի տեղակալ Արմեն Ալավերդյանին խորհուրդ տվեց «օրենսդրական
փոփոխություն անելիս նախեւառաջ հանրային լայն քննարկման դնել»: Իսկ վարչապետին առաջարկեց
տեղական արտադրության հովանավորության, աջակցության ծրագիր մշակել: Պարոն Ղազարյանը
կարեւորեց նաեւ մաքսային օրենսդրության բարելավումը. «Մաքսային օրենսգրքի ընդունմամբ
վարչարարությունը չկատարելագործվեց: Հենց մաքսատնից սկսած, մենք կարող ենք ուղղակի
հարվածել հավասար մրցակցությանը, եւ ուղղակիորեն նպաստել ստվերային տնտեսությանը,
իսկ դա առաջին մեծ հարվածն է տեղական արդյունաբերության զարգացմանը»: Միության նախագահի
կարծիքով, չնայած այն բանին, որ վերջին տարիներին ոչ մեծ թվով ներդրողներ են եկել
մեր երկիր, սակայն ներդրումային ծավալներն է՛լ ավելի մեծացնելու բավարար հիմքեր,
այնուամենայնիվ, չկան. «Տնտեսական խաղում աշխարհի մեծերի համար Հայաստանն այդքան
էլ գրավիչ չէ: Օրենսդրության կատարելագործմամբ հարկավոր է ապահովել ազատական շուկայական
տնտեսություն»: Համագումարին մասնակցում էին նաեւ արցախցի գործարարներ: ԼՂՀ
վարչապետ Անուշավան Դանիելյանի կարծիքով՝ անհրաժետ է գործարարին ոչ թե քրեական պատասխանատվության
ենթարկելու վրա դնել շեշտը, այլ ուժեղացնել հարկային վարչարարությունը: Պրն Դանիելյանը
նաեւ տեղեկացրեց. «Մենք հարկային բարեփոխումները կատարել ենք գործարարների մասնակցությամբ
եւ համաձայնությամբ: 4-5 անգամ իջեցնելով շահութահարկը եւ եկամտահարկը՝ նույնչափ
ավելացրել ենք պատժամիջոցները»: ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել