Լրահոս
Օրվա լրահոսը

«Զանգ կախելու ժամանակը»

Մարտ 31,2005 00:00

Երեկ
տեղի ունեցավ «Նոր ժամանակներ» կուսակցության երկրորդ՝ արտահերթ համագումարը Համագումարում
քննադատության խոսքեր չհնչեցին. ինչպես արտահայտվեց Արամ Կարապետյանը՝ եկել է «զանգ
կախելու ժամանակը»: Ի դեպ, նա տեղեկացրեց, որ դիմել էին մշակույթի նախարարությանը՝
մարզահամերգային համալիրի փոքր դահլիճը վարձակալելու խնդրանքով, սակայն վերջին պահին
նրանց մերժել էին: Ուստի մասնակիցների եւ հյուրերի մի հատվածը ստիպված եղավ հոտնկայս
ունկնդրել հեղափոխության ծրագիրը: Արամ Կարապետյանը երկու ճանապարհ է առաջարկում՝
համախմբվում են իշխանական եւ ընդդիմադիր ուժերը ու քաղաքական կոնսուլտացիաներ են
սկսում իշխանությունն ընդդիմությանը փոխանցելու տարբերակների մասին: Կամ՝ «Արվում
է այն, ինչ արվեց Ղրղըզստանում: Ժողովուրդը ոտքի է կանգնում եւ, առանց հաշվի առնելու
կա քաղաքական մոմենտ, թե՝ ոչ, ներքեւից սրբում է ամեն ինչ: ԱՊՀ բոլոր երկրների զարգացումների
տրամաբանությունը սա է լինելու»,- ասում է նա: Ուստի նոր ժամանակաբերն առաջարկում
է իշխանությանը անհապաղ սկսել իշխանությունը փոխանցելու շուրջ խոսակցությունը: «Տեսնո՞ւմ
եք Ֆելիքս Կուլովին, որին նստեցրին: Այժմ նա Ղրղըզստանի բոլոր ուժային կառույցների
պատասխանատուն է: Մարդը բանտից գնաց ամենաբարձր պաշտոնին»,- ի հեճուկս իրեն նստեցնել
ցանկացողների՝ ասաց Ա. Կարապետյանը: Հիշեց նաեւ Ասկար Ակաեւի մեկ տարի առաջ ասած
խոսքերը, որ իր երկրում հեղափոխության նախադրյալներ չկան եւ ամեն ինչ վարդագույն
է: «Հիմա ո՞ւր է նա»,- հռետորական հարց հնչեցրեց բանախոսը: «Ես ինձ շատ վատ կզգամ,
որ վաղը ՀՀ նախագահը ժողովրդի այդպիսի ցասումի տակ ստիպված լինի երկիրը լքել»,- խոստովանեց
նա: Իրավական դաշտում ՆԺ-ն հարցի հետեւյալ լուծումն է առաջարկում. «Մինչեւ
ալիքը կհասնի նախագահի նստավայր՝ ցրել ԱԺ-ն, նշանակել նոր ընտրություններ եւ դառնալ
դրանց երաշխավորը, լուծարել կառավարությունը եւ մասնագիտական կառավարություն ստեղծել:
Այս ամենից հետո դրվելու է նախագահի կամովին հրաժարականի խնդիրը»: Միայն այս պարագայում
է Ա. Կարապետյանը Ռ. Քոչարյանին երաշխավորում Հայաստանում ապրելու հեռանկարը: Ինչ
վերաբերում է արտաքին գործոնին՝ «Մենք ոչ մեկի ընկերը չենք: Մենք հայ ենք՝ գեոքաղաքական
դաշտում ունեցած շատ լավ հնարավորություններով: Մենք որեւէ մեկից սպասելիք չունենք,
որպեսզի հետո ասեն, թե խոստացան ու խաբեցին: Մեզ ոչ ոք ոչինչ չի խոստացել, դրա կարիքը
չունենք: Եթե ես այս ծրագիրն առաջարկեի, ասենք, գալով ոչ թե ՌԴ-ից, այլ Չեխիայից,
ի՞նչ է, պետք է ասեին, որ Չեխիայի իշխանություննե՞րն էին ինձ ստիպել դա ասել: Ես
երբեւէ որեւէ ատյանում չեմ վարել ու չեմ վարելու այնպիսի խոսակցություն, որպեսզի
որեւէ մեկը ինձ կամ մեզ օգնի հեղափոխություն անելու»: ՆԵԼԼԻ
ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել