Երեւանցիներին «Արտավազդներ», մարզայիններին՝ միլիոններ Երեկ Գինու գործարանում արդեն 6-րդ անգամ բաշխվեցին թատերական մրցանակներ: Ըստ Թատերական գործիչների միության նախագահ Երվանդ Ղազանչյանի, չնայած բազում հիասթափություններին, «թատրոնի մարդկանցից ոչ մեկի մտքով չի անցել դառնալ ընդդիմություն»: Բեմարվեստին մատուցած անբասիր եւ արժանապատիվ ծառայության համար «Արտավազդ» մրցանակ հանձնվեց թատերագետ Վարսիկ Գրիգորյանին: 2004-2005թթ. լավագույն ներկայացում ճանաչվեց Հր. Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի «Մակբեթը» (ռեժիսոր՝ Արմեն Խանդիկյան): Տղամարդու լավագույն դերակատարման համար մրցանակ ստացավ Վլադիմիր Մսրյանը («Վերջին վալսը», «Ֆաուստ»), կնոջ լավագույն դերակատարման համար՝ Աննա Էլբակյանը: «Արտավազդի» արժանացավ նաեւ Բիատրե Էհլերսը՝ կրտսեր քրոջ դերակատարման համար («Երկրորդ կտակը»): Մրցանակ բաժին հասավ բեմանկարիչ Ռոբերտ Էլիբեկյանին: «Տարվա դեբյուտը» Արթուր Տեր-Դանիելյանի («Գոյ» թատրոն) «Իմ մահը» բեմադրությունն էր, իսկ Սուրեն Շահվերդյանի «Փսիխոզ 4:48»-ը առանձնացվեց որպես նորարար-փորձարարական ներկայացում: Հ. Մալյանի անվան թատրոնի տնօրեն Նարինե Մալյանին մրցանակ շնորհվեց («Ցեղի ֆիզիոլոգիան»)՝ ընտրած գեղագիտությանը հավատարիմ ծառայելու համար: Թատրոնի ստեղծման եւ պահպանման համար մրցանակը զարմացրեց Կամերային թատրոնի գեղարվեստական ղեկավար Արա Երնջակյանին. «Ես կարծես ընտելացել էի իմ կարգավիճակին՝ այն, որ մեզ մշակութային դաշտից դուրս են համարում…հուսանք՝ մի օր էլ մեր վիճակը իսկապես կփոխվի եւ երեւի մեր ձայնային ու լուսային տեխնիկայի հարցն էլ կլուծվի»: «Արտավազդ» շնորհվեց նաեւ Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար Ալեքսանդր Գրիգորյանին՝ Եղեռնի 90-ամյակին նվիրված պիեսը՝ «Լուսնահրեշը» Մոսկվայի գեղարվեստական ակադեմիական թատրոնում բեմադրելու համար: ԹԳՄ նախագահ Երվանդ Ղազանչյանն ասաց, որ մրցանակը բեմադրիչին կհանձնվի ապրիլի 7-ին, երբ նույն ներկայացումը MXAT-ը կխաղա Երեւանում: Ե. Ղազանչյանը նաեւ կարդաց նախագահի շնորհավորական ուղերձը, այնուհետեւ տեղեկացրեց, որ վարչապետն էլ մարզային 2՝ Կապանի եւ Գորիսի թատրոններին 1000000-ական դրամ է նվիրել: Ի դեպ, մի պատվոգիր էլ հանձնվեց միջոցառման հովանավոր Ռոզա Ծառուկյանին՝ թատերական աշխարհին ցուցաբերած բացառիկ ծառայության համար: Ու քանի որ թատերական ընտանիքում կան խնդիրներ ունեցող թատրոններ, զրուցեցինք նրանցից երկուսի հետ: Հիշեցնենք, որ մինչ այսօր էլ առկախ է ԿԳ նախարարության ենթակայությամբ գործող «Մետրո» թատրոնի կարգավիճակի հարցը: Թատրոնի տնօրեն Վիգեն Ստեփանյանը տեղեկացրեց. «Չնայած բոլոր դժվարություններին, անիմաստություններին ու անկապություններին, մենք պիտի աշխատենք: Գնալով ամեն ինչ վատթարանում է, բայց միեւնույն է՝ չենք հանձնվելու: Աշխատում ենք Լենա Ավագյանի «Տոհմածառ» պիեսի վրա, հուսամ՝ մայիսի կեսերին ներկայացումը կհանձնվի հանդիսատեսի դատին: Ես հասկացել եմ, որ խեղդվողի փրկությունը հենց իր ձեռքում է, ուստի այլեւս ոչ մեկի վրա հույս չեմ դնում, բացի իմ կոլեկտիվից»: Պակաս նախանձելի չէ Կամերային երաժշտական թատրոնի վիճակը. արագ փոփոխվող ու կոլեկտիվի կողմից չընդունվող տնօրենները խանգարում են թատրոնի ստեղծագործական ընթացքին: Կամերային երաժշտական թատրոնի գեղարվեստական ղեկավար Արմեն Մելիքսեթյանը ցանկացավ, որ բոլոր թատրոնները վերածնվեն: ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ