«ԿՈՂՄԵՐԸ ՊԻՏԻ ՀԱՄՈԶՎԱԾ ԼԻՆԵՆ ԽԱՂԱՂ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ՇԱՀԱՎԵՏՈՒԹՅԱՆ ՄԵՋ» ԵԱՀԿ գործող նախագահ Դիմիտրի Ռուպելի բացառիկ հարցազրույցը «Մեդիամաքս» գործակալությանը – Տարեսկզբին Դուք բավականին լավատեսորեն արտահայտվեցիք Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման Պրահայի գործընթացի մասին: Ո՞րն էր այդ լավատեսության հիմքը: – Ես ուշադիր հետեւում եմ Պրահայի գործընթացի շրջանակներում տեղի ունեցող զարգացումներին: Բոլորովին վերջերս ես քննարկել եմ այս թեման ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ: Ես հասկանում եմ, որ Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները ներգրավված են կառուցողական երկխոսության մեջ, որը կարող է էական առաջընթաց ապահովել բանակցություններում: – Լեռնային Ղարաբաղի իշխանությունները, որոնք ներկայացնում են մոտ 140 հազար հայերի շահերը, պարբերաբար հայտարարում են բանակցություններին իրենց անմիջական մասնակցության անհրաժեշտության մասին: Ադրբեջանը կտրականապես դեմ է: Ձեզ չի՞ թվում, որ առանց այս ակնհայտ հակասության վերացման՝ խաղաղ գործընթացը իրական արդյունքներ չի տա: – Հակամարտության կարգավորման հիմնական պատասխանատվությունը կրում են երկու կողմերը: ԵԱՀԿ դերը կայանում է խաղաղ գործընթացի խթանման մեջ: Այսպիսով, ԵԱՀԿ-ն կաջակցի բանակցային ցանկացած ձեւաչափին, որը կարող է ապահովել առաջընթաց եւ համաձայնեցված է երկու երկրների միջեւ: – Ադրբեջանը պարբերաբար հանդես է գալի ս ԵԱՀԿ Մինսկի խմբի քննադատությամբ: Ինչո՞ւ է ԵԱՀԿ-ն լուռ լսում այդ մեղադրանքները եւ չի պարտադրում Ադրբեջանին վերադառնալ 2001 թվականին Փարիզում եւ Քի Վեսթում ձեռքբերված համաձայնություններին: Տարածված է մի կարծիք, որ այն ժամանակ կողմերին մնում էր կատարել ընդամենը մեկ քայլ եւ կնքել խաղաղության համաձայնագիրը: – ԵԱՀԿ Մինսկի խմբի խնդիրն է ապահովել կողմերին համապատասխան բանակցային ձեւաչափով: Իր ստեղծման պահից ԵԱՀԿ Մինսկի խումբը լարված աշխատել է կողմերի հետ խաղաղ գործընթացի առաջխաղացմանը հասնելու համար: Միեւնույն ժամանակ, Մինսկի խումբը կարող է ձգտել երկխոսության եւ խաղաղության միայն երկու կողմերի հետ համատեղ: Հակամարտության լուծումը հնարավոր է միայն այն դեպքում, երբ երկու կողմերը համոզված են խաղաղ համաձայնության շահավետության մեջ: – Չե՞ք կարծում, որ Եվրոպական Միությունը բարոյական սխալ է գործում՝ Հայոց ցեղասպանության հարցն ուսումնասիրելով բացառապես քաղաքական եւ ոչ թե մարդասիրական համատեքստում: 2002 թվականին Դուք այցելեցիք Երեւանում Հայոց Մեծ Եղեռնի զոհերի հուշահամալիրը եւ ասացիք, որ կհանձնարարեք սլովենացի փորձագետներին ուսումնասիրել 1915 թվականի Հայոց ցեղասպանության խնդիրը: Ի՞նչ եզրակացության եկան փորձագետները: – Երբ ես 3 տարի առաջ Սլովենիայի արտաքին գործերի նախարարի կարգավիճակով այցելեցի Հայաստան, նախագահ Քոչարյանն ասաց ինձ, որ Հայաստանը դեռ չլուծված հարցեր ունի հարեւանների հետ: Հայ-թուրքական հարաբերությունները այդ հարցերի կարեւոր մի մաս են հանդիսանում: Համաձայն եմ, որ յուրաքանչյուր երկրի պատմությունը շատ կարեւոր է, յուրաքանչյուր երկիր պետք է ճանաչի եւ հարգի իր պատմությունը: Սակայն ցանկացած երկիր երազում է նաեւ ավելի լավ ապագայի մասին: Այդ պատճառով մենք չպետք է մոռանանք ԵՄ-ի հետ Թուրքիայի մերձեցման ավելի լայն համատեքստի մասին, ինչը դրական ազդեցություն կունենա ինչպես հենց Թուրքիայի, այնպես էլ ողջ տարածաշրջանի վրա: Կարծում եմ, Թուրքիայի հարաբերությունները Կովկասի երկրների, այդ թվում՝ Հայաստանի հետ կզարգանան նոր ձեւաչափով, որն առավել բարենպաստ հնարավորություններ կստեղծի չլուծված պատմական խնդիրների հաղթահարման համար: – Եթե հետեւենք միջազգային մամուլի հրապարակումներին, տպավորություն է ստեղծվում, որ Վրաստանի եւ Ուկրաինայի իրադարձությունները դարձան այն «ջրբաժանը», որն ուժեղացրեց հակասությունները Ռուսաստանի եւ ԵԱՀԿ-ի միջեւ: – Ռուսաստանը շատ կարեւոր դեր է խաղում Կովկասում եւ ակտիվորեն ներգրավված է վրաց-աբխազական, վրաց-օսական եւ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունների կարգավորման գործընթացներում: Այդ պատճառով ԵԱՀԿ սլովենական նախագահությունը անհրաժեշտ է համարում սերտ համագործակցել Մոսկվայի հետ այս տարածաշրջանին վերաբերող հարցերում: – Դուք ներկայացնում եք մի երկիր, որը հաջողությամբ հաղթահարել է անցումային շրջանը եւ այսօր հանդիսանում է ԵՄ եւ ՆԱՏՕ անդամ: Հարավային Կովկասի երկրները սկսել են բարեփոխումներ անցկացնել 15 տարի առաջ, սակայն դեռեւս շատ հեռու են «Նոր Եվրոպայից», չխոսելով Արեւմտյան Եվրոպայի զարգացած ժողովրդավարությունների մասին: Ո՞րն է սրա հիմնական պատճառը: – Երեք երկրների միջեւ կան էական տարբերություններ, սակայն ես կարող եմ ասել, որ մենք աջակցում ենք Հարավային Կովկասի երկրների՝ ժողովրդավարական բարեփոխումների օգտին արված ռազմավարական ընտրությանը: Մենք ուշադիր հետեւում ենք օրենսդրական ոլորտում ձեռնարկվող ջանքերին, որոնք դինամիկ զարգացման հիմք են հանդիսանում: Սակայն նոր օրենքների կատարումը նույնչափ կարեւոր է, եւ այստեղ կարելի է հասնել իրավիճակի բարելավման: Հարավային Կովկասում չի լինի իրական բարեկեցություն, մինչեւ չկարգավորվեն հակամարտությունները: Քանի դեռ այդ հակամարտությունները լուծված չեն, տարածաշրջանում չեն վերականգնվի ավանդական տնտեսական կապերը, իսկ արտասահմանյան ներդրումների ներգրավումը կշարունակի դժվարին խնդիր մնալ: Չի լուծվի նաեւ փախստականների խնդիրը, իսկ մենք գիտենք, թե դա ինչպիսի ծանր բեռ է տարածաշրջանի տնտեսությունների համար: ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալություն՝ հատուկ ԱՌԱՎՈՏԻ համար