Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Հաջորդը

Մարտ 30,2005 00:00

Հաջորդը ղազախնե՞րն են Ղրղըզական հեղափոխությունից հետո ողջ հետխորհրդային տարածքում արմատապես փոխվեցին ներքաղաքական կայունության մասին մինչ այդ եղած պատկերացումները: Իրենց ծավալով եւ ուժգնությամբ աննախադեպ հզոր հակակառավարական ցույցեր անցկացվեցին անգամ աննկուն Բելառուսում: Իսկ ավանդաբար կայուն համարվող կենտրոնասիական տարածաշրջանն այսօր ԱՊՀ-ի, թերեւս, ամենաանկանխատեսելի հատվածն է: Չնայած արտաքին հանդարտությանը, վերահաս հեղափոխության վտանգի առումով ամենախոցելի հետխորհրդային երկիրն այսօր, ըստ մի շարք դիտորդների, Ղրղըզստանի հյուսիսային հարեւան Ղազախստանն է: Թեեւ նախագահ Նուրսուլթան Նազարբաեւի իշխանությունն այստեղ անհամեմատ ուժեղ է, իսկ բնակչության սոցիալական վիճակը, համեմատած Ղրղըզստանի հետ, զգալիորեն բարվոք, կոռուպցիայի խիստ բարձր ցուցանիշով աչքի ընկնող Ղազախստանի ներքաղաքական ճամբարի բոլոր թեւերի ներկայացուցիչներն իրենց ներկայիս վարքագծով միայն հաստատում են հեղափոխության մեծ հավանականությունը: Ավելին, Նազարբաեւի հիմնական քաղաքական հենարան հանդիսացող երկու՝ Ագրարային եւ Քաղաքացիական կուսակցությունների գործողությունները վկայում են, որ Աստանայի ներկայիս վարչակազմն ուղղակի խուճապի մեջ է: Հիշյալ կուսակցությունների ղեկավար մարմիններն օրերս հայտարարել են, այսպես կոչված՝ Ժողովրդա-դեմոկրատական միասնական ճակատի ստեղծման մասին, որի նպատակն է «երկրում հնարավոր հեղափոխության կանխումը»: Ուշագրավ է նորաստեղծ ճակատի տարածած ուղերձի հետեւյալ հատվածը. «Մեր հանրապետությունը տնտեսական, սոցիալական, քաղաքական եւ մարդկային մեծ ներուժ ունի եւ, իհարկե, հեղափոխական նախագծերի հեղինակների տեսանկյունից մեծ հետաքրքրություն է ներկայացնում»: Ղազախական իշխանամետներն անգամ իրենց վճռականությունն են հայտնել հարկ եղած դեպքում «ձեռքները զենք վերցնել եւ պաշտպանել երկրի ինքնիշխանությունն ու քաղաքացիների ազատ ընտրության իրավունքը»: Այս հուզիչ հայտարարությունը, տեղի վերլուծաբանների համոզմամբ, անպայմանորեն համաձայնեցված է նախագահի վարչակազմի հետ, ինչն այլ բան չէ, քան իշխանությունների կողմից առաջին անգամ հեղաշրջման հնարավորության խոստովանում: Ղազախական ընդդիմությունն առայժմ որեւէ կերպ չի արձագանքել նախագահամետ ճակատի ստեղծման փաստին, սակայն իր միանշանակ վերաբերմունքն է արտահայտել Ղրղըզստանում տեղի ունեցած հեղափոխության նկատմամբ: «Մենք հպարտանում ենք ձեր հաղթանակով եւ նոր հաղթանակներ ենք մաղթում ձեզ»,- ասված է «Հանուն արդար Ղազախստանի» կոչվող ընդդիմադիր դաշինքի՝ ղրղզ գործընկերներին ուղղված հայտարարության մեջ: Շատ վերլուծաբաններ հակված են ենթադրելու, որ հերթական՝ ղազախական հեղափոխությունը կարող է պայթել արդեն ընթացիկ տարվա դեկտեմբերին, երբ տեղի կունենան նախագահական ընտրությունները: ՏԻԳՐԱՆ ԱՎԵՏԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել