Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Հարավային Կովկասը՝ միասնական միավոր

Մարտ 30,2005 00:00

Հարավային Կովկասը՝ միասնական միավոր Այսպես են պատկերացնում հայ, վրացի եւ ադրբեջանցի երիտասարդները վաղվա օրը «Ֆրիդրիխ Նաումանի» հիմնադրամի նախաձեռնությամբ եւ Վրաստանի նոր տնտեսական դպրոցի աջակցությամբ մարտի 23-27-ը Բաթումում տեղի ունեցավ միջազգային սեմինար՝ «Ազատություն եւ պատասխանատվություն. Հարավային Կովկասի ապագայի կոնցեպցիաները» թեմայով: Սեմինարին մասնակցում էին ուսանողներ, կուսակցությունների երիտասարդական թեւերի, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, լրագրողներ՝ Վրաստանից, Ադրբեջանից եւ Հայաստանից: Ըստ աշխատանքային խմբերի զեկույցների, երեք երկրներում էլ առկա են համանման խնդիրներ: Դրանք են՝ Ռուսաստանի հետ հարաբերությունները, այդ կոնտեքստում ռուսական ռազմաբազաների գոյությունը, ազատ ժողովրդավարական հասարակության զարգացման դանդաղ տեմպերը, ազատ լրատվամիջոցների գրեթե բացակայությունը եւ այլն: Վրացիներն ու ադրբեջանցիներն իրենց երկրների համար առանձնացրել էին նաեւ տարածքային ամբողջականության խնդիրները: Ի տարբերություն նախորդ սեմինարի՝ այս անգամ ադրբեջանական պատվիրակությունը խոսեց նաեւ «20 տոկոս օկուպացված» տարածքների մասին: Այդ կոնտեքստում շոշափելով նաեւ ղարաբաղյան թեման՝ ադրբեջանական պատվիրակության տեսակետը ներկայացնող Իլհամ Մուստաֆաեւը համոզմունք հայտնեց, որ այդ հարցի լուծումը պետք չէ թողնել եկող սերնդին: Այս թեմայի շուրջ պարոն Մուստաֆաեւի հետ զրույցի մանրամասները կներկայացնենք վաղվա համարում: Նրա խորին համոզմամբ, այդ խնդիրը կլանում է Ադրբեջանի ֆինանսական ռեսուրսների հիմնական մասը՝ քաղաքական եւ տնտեսական առումով թուլացնելով երկիրը: Ի հեճուկս նավթային ռեսուրսների մասին ադրբեջանական պաշտոնական քարոզչության կողմից տարածվող սարսռազդու տեղեկությունների՝ ադրբեջանցի երիտասարդներն ընդգծում են, որ նավթային սեկտորում բնակչության զբաղվածությունը մեծ չէ եւ գործազրկությունը լուրջ վտանգ է ներկայացնում: Չհամաձայնելով պարոն Մուստաֆաեւի տեսակետին, որ սերնդափոխությունն ավելի կբարդացնի ղարաբաղյան խնդրի լուծումները, հայկական պատվիրակությունը ներկայացնող «Հանուն գիտության զարգացման» խմբի անդամ Միքայել Հովհաննիսյանը կարծիք հայտնեց, որ սերնդափոխությունը հնարավորություն կտա խնդրի լուծման նոր ուղիներ գտնել: Հայ երիտասարդները ոչ միայն ղարաբաղյան, այլեւ Հարավային Կովկասում գոյություն ունեցող խնդիրների լուծումը տեսնում են կովկասյան ինտեգրացիայի մեջ: Նախ՝ հասարակական, ապա՝ տնտեսական եւ քաղաքական: Արդյունքում երեք հանրապետությունների ներկայացուցիչներն էլ համակարծիք էին, որ իրենց երկրների փրկությունը կովկասյան ինտեգրացիան է: Տարբեր էին ինտեգրվելու՝ առաջարկվող միջոցները: Ադրբեջանցիները, օրինակ, բացառում էին ինտեգրացիան առանց ԼՂՀ հարցի լուծման: Իսկ վրաց երիտասարդների մեծամասնությունը կարծում էր, որ տնտեսական ինտեգրացիայի արդյունքում կարելի է հասնել նաեւ այլ վիճելի հարցերի լուծման: Վրաստանի նոր տնտեսական դպրոցի տնօրեն Պաատա Շեշելիձեի կարծիքով, երեք երկրների միջեւ պետք է նախ զարգանան ազատ առեւտրատնտեսական հարաբերություններ: Դրա հետեւանքով կարող են լուրջ ներդրումներ լինել կրթության ոլորտում, ինչը, բնականաբար, կնպաստի զարգացմանը: Նման հարաբերությունների բացակայությունը նա համարում է իշխանությունների վարած հիմար քաղաքականության արդյունք, որը միայն իրենց քաղաքական ամբիցիաները բավարարելու համար է: Ի դեպ, իբրեւ ինտեգրմանը խանգարող հատուկ հանգամանք, երեք երկրների ներկայացուցիչներն էլ ընդգծում էին ՌԴ-ի բացասական ազդեցությունը, մասնավորապես՝ Հայաստանի եւ Ադրբեջանի իշխանությունների, հետեւաբար նաեւ այդ երկրների վրա: Խանգարող որեւէ տնտեսական գործոն չմատնանշվեց: ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել