Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԻՆՉՈ՞Ւ

Մարտ 30,2005 00:00

ԻՆՉՈ՞Ւ ԷՐ ԺԱՄԱՆԵԼ ՎԼԱԴԻՄԻՐ ՊՈՒՏԻՆԸ Հարցազրույց ԱԺ փոխնախագահ Վահան Հովհաննիսյանի հետ – Պարոն Հովհաննիսյան, ի՞նչ ազդեցություն պետք է ունենա ՌԴ նախագահ Վլ. Պուտինի այցը Հայաստանի համար, որովհետեւ կարծես անհասկանալի մնացին այդ այցի բուն նպատակը եւ ազդեցությունը երկկողմանի հարաբերությունների վրա: Արդյոք այդ այցը ինչ-որ պատմական նշանակություն կարո՞ղ է ունենալ մեր ժողովրդի համար: – Ընդհանրապես, այցերից պատմական նշանակություն սպասելը հայ ժողովրդի մտածելակերպի դրսեւորում է. այդ այցից որեւէ պատմական բան ակնկալելը ճիշտ չէ: Խնդիրն այն է, որ Հայաստանը շարունակում է իր հավասարակշռված քաղաքականությունը, եւ հենց այս համատեքստում պետք է դիտել Պուտինի այցը նույնպես: Կարծում եմ, որ քննարկված կարեւորագույն հարցերից է եղել լաստանավի գործարկման սկիզբը, եւ այս դեպքում երկու կողմերը պետք է կարողանան աշխատանք տանել նաեւ երրորդ կողմի՝ Վրաստանի հետ: Ամենակարեւորն այն է, որ Ռուսաստանը Հայաստանի շրջափակումը հաշվի առնելով՝ այդ լաստանավի աշխատանքային տարիֆ է նշանակել իր ներքին տարիֆը. այ, սա իսկապես արտառոց երեւույթ է, որովհետեւ նման դեպքերում կիրառվում են միջազգային տարիֆներ: – Ուզում եք ասել, որ մեզ դրանով լավությո՞ւն է արվել, այդ դեպքում թող Հայաստանի պարտքը ներվեր եւ ոչ թե ձեռնարկությունները վերցնեին եւ չաշխատեցնեին: – Ես մեր պարտքերի վերաբերյալ իմ տեսակետը հայտնել եմ ռուս-հայկական միջխորհրդարանական հանձնաժողովի նիստերի ժամանակ, եւ մեր ռուս գործընկերներից շատերն են գտնում, որ այդ լուծումը, թերեւս, ամենաճիշտ լուծումը չէր: Սա փաստ է, մյուս կողմից էլ՝ դրա պատճառով լաստանավի նշանակությունը թերագնահատելը նույնպես ճիշտ չէ: Խնդիրն այն է, որ Վրաստանը չբարձրացնի տարիֆը՝ օգտվելով հանգամանքից: Սա կախված կլինի Վրաստանի հետ երկու կողմերի աշխատանքից: Պատկերացնել, որ ցանկացած մեծ պետության այցը Հայաստան կտրականապես իրավիճակ է փոխելու դեպի բարելավում կամ դեպի վատացում, ճիշտ չէ, պետք է հանգիստ վերաբերվել այդ՝ ընդամենը աշխատանքային այցին: – Տպավորություն կար, որ ՌԴ նախագահը եկել էր ԱՊՀ իր վերջին եւ միակ տարածքը «նայելու»: – Կարծում եմ, որ Ռուսաստանի հետ հարաբերություններում Հայաստանը պետք է կարեւորի ոչ այնքան ԱՊՀ շրջանակը, որքան կոլեկտիվ անվտանգության պայմանագիրը: Պարոն Պուտինը չթաքցրեց, որ ԱՊՀ-ն ստեղծված է եղել քաղաքակիրթ ապահարզանի համար եւ նրանից մեծ ակնկալիքներ չպետք է ունենալ: Ցավոք, մեր հասարակության մեջ ԱՊՀ-ն դիտվել է որպես տնտեսական, քաղաքական եւ մշակութային այնպիսի տարածք, որում մենք կարող ենք մեզ հարմարավետ զգալ: Իրականության մեջ դա այդպես չէ: ԱՊՀ-ի նշանակությունը, ինչպես ասաց պարոն Պուտինը, կարեւոր է որպես ակումբ: Եվ այդ ակումբը իր օգտակարության լիմիտն ունի. որպեսզի այդ լիմիտն ընդարձակվի, պետք են որակական փոփոխություններ, որոնք դեռեւս չեն կատարվել: Գուցե պարոն Պուտինը ուսումնասիրում է դրանց կատարման հնարավորությունները: – Մենք Ռուսաստանի մասին սիրում ենք խոսել որպես ռազմավարական գործընկերոջ, բայց հաճախ ամենաշատ վնասները մեզ հասնում են հենց այդ գործընկերոջից: – Հիմա Ռուսաստանը, անկախ իր բոլոր հարաբերություններից, հստակ ուրվագծել է իր քաղաքական ճանապարհը՝ մերձեցումը ԵՄ-ի հետ: «Նոր հարեւաններ» ծրագիրը բավականին ամբիցիոզ ծրագիր է, որ տարածաշրջանի երկրներին, այդ թվում Հայաստանին հնարավորություն է տալիս բոլոր չափանիշներով լինել Եվրամիության անդամին հավասար երկիր՝ իր քաղաքական կառուցվածքով, իր բյուջեով, հասարակական-սոցիալական վիճակով եւ այլն: Խոսքը չի գնում անդամակցության մասին, բայց խոսքը նման կարգավիճակ ստանալու մասին է: Այս ճանապարհին կարող են շատ ու շատ խնդիրներ լուծվել, այդ թվում եւ՝ ղարաբաղյան խնդիրը: Մենք այս ճանապարհը ընտրել ենք: Բայց յուրաքանչյուր երկիր ունի իր առանձնահատկությունները: Լատվիան ԵՄ անդամ է՝ ունենալով ներքին խնդիրներ ազգային փոքրամասնությունների հետ, Կիպրոսը ԵՄ անդամ է՝ ունենալով մասնատված տարածք եւ լուրջ խնդիրներ հարեւան պետության հետ, Հայաստանը շատ լավ հարաբերություններ ունի Իրանի հետ: – Որը Ռուսաստանին դուր չի գալիս: – Որը շատերին դուր չի գալիս, բայց յուրաքանչյուր երկիր իր առանձնահատկություններն ունի, եւ ճկունությունը պահանջում է մեզնից գնալ այդ եվրոպական ճանապարհով՝ սեփական առանձնահատկություններից չհրաժարվելով, որոնք բխում են ազգային անվտանգության եւ ազգային շահերից: Այս առումով մեր հարաբերությունները Ռուսաստանի հետ պայմանավորված են մեր ազգային անվտանգությունն ապահովելու գրավականով: – Հնարավո՞ր է, որ վերանայվի «Գույք՝ պարտքի դիմաց» պայմանագիրը: – Մենք այսօր փաստորեն ազատ շուկայական երկիր ենք, այն, ինչ առաջ անվանվում էր կապիտալիստական: Ստրատեգիական կարեւորագույն նշանակություն ունեցող բրիտանական ընկերությունները շատ հաճախ գերմանացիների սեփականությունն են: Ակնհայտ է, որ Ռուսաստանն էլ այստեղ լուրջ սեփականություն ունենալը դիտում է որպես իր շահերից բխող երեւույթ: Մենք դրա դեմ չպիտի խոսենք, մենք պիտի խոսենք այն բանի դեմ, որ այդ գործարանները սեփականաշնորհելով՝ Ռուսաստանը դրանք չի աշխատեցնում: Երբ կաշխատեցնի, այնտեղ աշխատող մարդուն բացարձակապես չի հետաքրքրի՝ այն պատկանո՞ւմ է ինչ -որ հայ օլիգարխի, թե՞ Ռուսաստանին: Մենք պետք է հենց այս ուղղությամբ աշխատենք: Հատկապես «Մարս» գործարանի նկատմամբ մեր հանձնաժողովը առաջարկություններ է ներկայացրել, որոնք ռուսական կողմն ուսումնասիրում է: Հարցազրույցը՝ ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆԻ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել