Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԻԴԵԱԼԱԿԱՆ

Մարտ 30,2005 00:00

ԻԴԵԱԼԱԿԱՆ ԿԼԻՆԻ, ԵԹԵ ԼՂ-Ն ՄԻԱՆԱ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ Հայտարարեց «Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիր: Կարգավորման ուղիներ» թեմայով խորհրդարանական լսումների ընթացքում արտգործնախարար Վարդան Օսկանյանը: Ելույթի սկզբում արտգործնախարարը խոստացավ, թե փորձելու է հնարավորինս բաց խոսել, սակայն անմիջապես էլ հիշեցրեց, թե իր հնարավորությունները սահմանափակ են: Հետադարձ հայացք նետելով բանակցությունների պատմությանը՝ Վարդան Օսկանյանը մասնավորապես բացահայտեց, թե 2001-ի ապրիլին Քի Վեսթի փաստաթուղթը «հստակորեն ամրագրում էր Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման փաստը»: Նա պնդեց, որ Լիսաբոնից Քի Վեսթ 6 տարիների ընթացքում խնդրի առնչությամբ տեղի ունեցան մտածողության հիմնային ու վճռորոշ փոփոխություններ: Սակայն Ադրբեջանի նոր ղեկավարության իշխանության գալով՝ սկսվել է բավական բարդ փուլ. «Ակնհայտորեն փորձում են ետ պտտել պատմության անիվը: Այո՛, այսօր 2 հանրապետությունների նախագահները հանդիպում են, թեեւ ոչ նույն հաճախականությամբ, ինչ նախկինում: Այսօր նախարարների բանակցային գործընթաց էլ կա, որի օրակարգում դրվել են հարցի կարգավորման անխտիր բոլոր տարրերը»: Վարդան Օսկանյանը նաեւ հիշեցրեց, թե ադրբեջանցիները զուգահեռաբար փորձում են Լեռնային Ղարաբաղի հարցը փոխադրել այնպիսի միջազգային ատյաններ, որտեղ գերիշխող են տարածքային ամբողջականության ու ինքնորոշման խնդիրների հանդեպ ավանդական մոտեցումները, եւ «ի պատասխան ինքնորոշման կոչերի՝ առաջարկվում է սոսկ մարդու իրավունքների ընդլայնում ու որոշ տնտեսական արտոնություններ»: Սակայն Հայաստանի ԱԳ նախարարը հայտարարեց, թե ԼՂ հակամարտությունը տարբերվում է համանման այլ խնդիրներից. «Լեռնային Ղարաբաղի ժողովուրդն արդեն ինքնորոշվել է՝ նրանք ընտրություններ են անցկացրել, ապացուցել աշխարհին, որ ի վիճակի են լինելու առանձին պետություն: Հիմա այս ժողովրդին փորձել համոզել, հրապուրել մարդու իրավունքների լայն հնարավորություններով եւ տնտեսական ինչ-որ առավելությունների խայծով եւ ետ բերել նրանց Ադրբեջանի գերիշխանության ներքո՝ գտնում ենք, որ ուղղակի անիմաստ զբաղմունք է»: Նա պնդեց, թե միջազգային միտումները զարգանում են ինքնորոշման իրավունքի ամրապնդման ուղղությամբ. «Ինչքան երկար տեւի եւ ամրագրվի Լեռնային Ղարաբաղի դե-ֆակտո անկախությունը, այնքան դժվար է լինելու ետ շրջել պատմության անիվը»: Սակայն եզրափակելով խոսքը՝ պրն Օսկանյանը նաեւ ասաց, թե լուծումը «միջազգային ատյաններում փաստաթղթեր ու բանաձեւեր ստեղծելու միջոցով չի գտնվելու: Մենք համոզված ենք, որ որեւէ այլ՝ 3-րդ կողմ այս հարցը չի կարող լուծել մեզ համար: Եվ մենք նաեւ համոզված ենք, թե որեւէ մեկը որեւէ մեկին չի կարող պարտադրել որեւէ լուծում: Միակ լուծումը հնարավոր է բանակցությունների սեղանի շուրջ՝ 3 կողմերի փոխզիջմամբ»: Արտգործնախարարը նաեւ պատասխանեց լսումների մասնակիցների հարցերին: Ասենք, անդրադառնալով այն հարցին, թե ինչպես է պատկերացնում ԼՂ կարգավիճակը՝ պրն Օսկանյանն ասաց, որ եթե Հայաստանը պաշտոնապես հայտնի այս առնչությամբ իր դիրքորոշումը՝ «մեզ կմեղադրեն, թե կանխորոշում ենք բանակցային արդյունքները»: Սակայն նաեւ հավելեց, որ եթե այդ մասին իրեն հարցնեն իբրեւ Հայաստանի քաղաքացու՝ «Կասեի, թե իդեալական տարբերակն այն է, որ ԼՂ-ն միանար Հայաստանի Հանրապետությանը եւ որպես մի պետություն՝ այս տարածաշրջանում կարողանայինք զարգանալ ու բարգավաճել»: Լենսեր Աղալովյանը հարց էր ուղղել, թե Հայաստանի ԱԳ նախարարն ի՞նչ է հասկանում՝ ասելով Լեռնային Ղարաբաղ, արդյոք միայն ԼՂԻ՞Մ-ը: Ի պատասխան՝ Վարդան Օսկանյանը հիշեցրեց, որ երբ ԼՂՀ-ն ինքնորոշվեց հանրաքվեի միջոցով՝ այդ տարածքի մեջ մտնում էր նաեւ Շահումյանի շրջանը. «Այսօր միջազգային հանրության ընկալումն այն է, որ երբ բանակցությունների ընթացքում ասում ենք Լեռնային Ղարաբաղ՝ բոլորը հասկանում են ԼՂԻՄ տարածքը: Բայց դա չի նշանակում, որ մենք հաշտվում ենք այդ մտքի հետ»: Ըստ նրա՝ այսօր բանակցային սեղանին է ե՛ւ Շահումյանի, ե՛ւ հյուսիսային ու արեւելյան Մարտակերտի խնդիրը. «Տարածքներ, որոնք մեր ձեւակերպմամբ՝ գտնվում են Ադրբեջանի օկուպացիայի տակ»: Ռաֆիկ Պետրոսյանը հետաքրքրվել էր, թե արդյոք հնարավո՞ր է, որ հակամարտության կարգավորումը ԵԱՀԿ Մինսկի խմբից տեղափոխվի Եվրախորհուրդ: Եվ ի պատասխան Վարդան Օսկանյանը նշեց. «Չեմ կարող մարգարեանալ եւ միանշանակ ասել, թե ուղղակի բացառվում է: Իհարկե՝ հնարավոր է: Հնարավորությունը քիչ է, բայց պետք չէ բացառել»: Ի դեպ, արձագանքելով Կարինե Դանիելյանի նկատառմանը, թե բանակցային գործընթացին մի քանի հոգի են տիրապետում՝ ԱԳ նախարարն ասաց. «Ուղղակի չեմ պատկերացնում, թե ինչպես կարող ենք ողջ ազգով բանակցել եւ ողջ ազգին տեղյակ պահել բանակցությունների մանրամասների մասին, երբ չենք մտել մի փուլ, երբ իսկապես արդեն կարեւոր է ժողովրդի կարծիքը»: ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել