Այսօր ժամը 22:30-ին ՀՖՖ մամուլի քարտուղար Արայիկ Մանուկյանը
երեկ Հոլանդիայից հաղորդել է. «Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը Ամստերդամ
ժամանեց մարտի 27-ին, տեղական ժամանակով ժամը 10-ին: Եղանակը Հոլանդիայում 12-13
աստիճան է եւ ժամանակ առ ժամանակ անձրեւում է: Հայաստանի պատվիրակությունը եւ երկու
հավաքականներն օդանավակայանից անմիջապես մեկնեցին Էյնդհովեն, որտեղ մարտի 30-ին տեղի
է ունենալու ազգային հավաքականի պաշտոնական հանդիպումը եւ հանգրվանեցին Վելդհովեն
անտառային քաղաքի «Կոնինգշոֆ» բարձրակարգ հյուրանոցում… Հոլանդիայում բավականին
մեծ հետաքրքրություն կա Հայաստանի հետ խաղի նկատմամբ, որը մասամբ պայմանավորված է
այստեղ բնակվող հայության գործոնով, մասամբ՝ Անդորրայի նկատմամբ տարած հաղթանակով:
Մեր պատվիրակության եւ ֆուտբոլիստների՝ հյուրանոցում տեղավորվելուց անմիջապես հետո
տեղի ունեցավ այդ երկրի ֆուտբոլային ֆեդերացիայի ներկայացուցիչների հանդիպումը Հայաստանի
հավաքականների բժիշկների, 2-րդ մարզիչների, ադմինիստրատորների եւ հավաքականների տեխնիկական
տնօրենի հետ՝ որոշելու հավաքականների սննդակարգը, մարզումների ժամերը, դաշտերը, վերականգնողական
նախապատրաստությունները: Ի դեպ, ինչպես Վելդհովենում, այնպես էլ Հոլանդիայի գրեթե
բոլոր քաղաքներում, գյուղերում, փոքրիկ ավաններում կան բազմաթիվ ֆուտբոլային խաղադաշտեր,
որոնք համապատասխանում են միջազգային որոշակի չափանիշների: Մարտի 27-ի երեկոյան
ազգային հավաքականի այն անդամները, ովքեր մասնակցել էին Անդորրայի հետ հանդիպմանը,
վերականգնողական փուլ անցան, իսկ մյուսները մարզիչներ Կազոնիի եւ Պարդոյի ղեկավարությամբ
անցկացրին առաջին նախապատրաստական մարզումը Վելդհովենի Ռոտ-Ուիթ ակումբի խաղադաշտում:
Մարզմանը, բացի մեր պատվիրակության անդամներից, հետեւում էին տեղացի բազմաթիվ լրագրողներ:
Ազգայինին հաջորդեց երիտասարդականի մարզումը Սամվել Պետրոսյանի եւ Աշոտ Բարսեղյանի
գլխավորությամբ: Հաջորդ օրը ազգային հավաքականը մարզվեց ամբողջ կազմով, իսկ
երիտասարդականը նախախաղային պարապմունք անցկացրեց Թիլբուրգում, որտեղ «Վիլլեմ //»
ստադիոնում երեկ մրցեց Հոլանդիայի իր հասակակիցների հետ: Նախորդ օրը երիտասարդների
ավագ մարզիչ Սամվել Պետրոսյանը մեզ տեղեկացրեց, որ Ապուլա Էդիմա Բետեն եւ Վալերի
Ալեքսանյանն ընդգրկվելու են երիտասարդական հավաքականի կազմում, ապա մարտի 30-ին կտեղափոխվեն
ազգային հավաքականի կազմ: Հոլանդիա-Հայաստան ազգային հավաքականների
հանդիպումը Հանրային հեռուստատեսությունն ուղիղ հեռարձակմամբ Էյնդհովենից ներկայացնելու
է հայ ֆուտբոլասերներին»: