Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«ԿՈՂՄԵՐԸ ՊԻՏԻ ՀԱՄՈԶՎԱԾ ԼԻՆԵՆ ԽԱՂԱՂ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ՇԱՀԱՎԵՏՈՒԹՅԱՆ ՄԵՋ»

Մարտ 30,2005 00:00

ԵԱՀԿ
գործող նախագահ Դիմիտրի Ռուպելի բացառիկ հարցազրույցը «Մեդիամաքս» գործակալությանը
– Տարեսկզբին Դուք բավականին լավատեսորեն արտահայտվեցիք Լեռնային Ղարաբաղի
հակամարտության կարգավորման Պրահայի գործընթացի մասին: Ո՞րն էր այդ լավատեսության
հիմքը: – Ես ուշադիր հետեւում եմ Պրահայի գործընթացի շրջանակներում տեղի ունեցող
զարգացումներին: Բոլորովին վերջերս ես քննարկել եմ այս թեման ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների
հետ: Ես հասկանում եմ, որ Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները ներգրավված
են կառուցողական երկխոսության մեջ, որը կարող է էական առաջընթաց ապահովել բանակցություններում:
– Լեռնային Ղարաբաղի իշխանությունները, որոնք ներկայացնում են մոտ 140 հազար
հայերի շահերը, պարբերաբար հայտարարում են բանակցություններին իրենց անմիջական մասնակցության
անհրաժեշտության մասին: Ադրբեջանը կտրականապես դեմ է: Ձեզ չի՞ թվում, որ առանց այս
ակնհայտ հակասության վերացման՝ խաղաղ գործընթացը իրական արդյունքներ չի տա: –
Հակամարտության կարգավորման հիմնական պատասխանատվությունը կրում են երկու կողմերը:
ԵԱՀԿ դերը կայանում է խաղաղ գործընթացի խթանման մեջ: Այսպիսով, ԵԱՀԿ-ն կաջակցի բանակցային
ցանկացած ձեւաչափին, որը կարող է ապահովել առաջընթաց եւ համաձայնեցված է երկու երկրների
միջեւ: – Ադրբեջանը պարբերաբար հանդես է գալի ս ԵԱՀԿ Մինսկի խմբի քննադատությամբ:
Ինչո՞ւ է ԵԱՀԿ-ն լուռ լսում այդ մեղադրանքները եւ չի պարտադրում Ադրբեջանին վերադառնալ
2001 թվականին Փարիզում եւ Քի Վեսթում ձեռքբերված համաձայնություններին: Տարածված
է մի կարծիք, որ այն ժամանակ կողմերին մնում էր կատարել ընդամենը մեկ քայլ եւ կնքել
խաղաղության համաձայնագիրը: – ԵԱՀԿ Մինսկի խմբի խնդիրն է ապահովել կողմերին
համապատասխան բանակցային ձեւաչափով: Իր ստեղծման պահից ԵԱՀԿ Մինսկի խումբը լարված
աշխատել է կողմերի հետ խաղաղ գործընթացի առաջխաղացմանը հասնելու համար: Միեւնույն
ժամանակ, Մինսկի խումբը կարող է ձգտել երկխոսության եւ խաղաղության միայն երկու կողմերի
հետ համատեղ: Հակամարտության լուծումը հնարավոր է միայն այն դեպքում, երբ երկու կողմերը
համոզված են խաղաղ համաձայնության շահավետության մեջ: – Չե՞ք կարծում, որ
Եվրոպական Միությունը բարոյական սխալ է գործում՝ Հայոց ցեղասպանության հարցն ուսումնասիրելով
բացառապես քաղաքական եւ ոչ թե մարդասիրական համատեքստում: 2002 թվականին Դուք այցելեցիք
Երեւանում Հայոց Մեծ Եղեռնի զոհերի հուշահամալիրը եւ ասացիք, որ կհանձնարարեք սլովենացի
փորձագետներին ուսումնասիրել 1915 թվականի Հայոց ցեղասպանության խնդիրը: Ի՞նչ եզրակացության
եկան փորձագետները: – Երբ ես 3 տարի առաջ Սլովենիայի արտաքին գործերի նախարարի
կարգավիճակով այցելեցի Հայաստան, նախագահ Քոչարյանն ասաց ինձ, որ Հայաստանը դեռ չլուծված
հարցեր ունի հարեւանների հետ: Հայ-թուրքական հարաբերությունները այդ հարցերի կարեւոր
մի մաս են հանդիսանում: Համաձայն եմ, որ յուրաքանչյուր երկրի պատմությունը շատ կարեւոր
է, յուրաքանչյուր երկիր պետք է ճանաչի եւ հարգի իր պատմությունը: Սակայն ցանկացած
երկիր երազում է նաեւ ավելի լավ ապագայի մասին: Այդ պատճառով մենք չպետք է մոռանանք
ԵՄ-ի հետ Թուրքիայի մերձեցման ավելի լայն համատեքստի մասին, ինչը դրական ազդեցություն
կունենա ինչպես հենց Թուրքիայի, այնպես էլ ողջ տարածաշրջանի վրա: Կարծում եմ, Թուրքիայի
հարաբերությունները Կովկասի երկրների, այդ թվում՝ Հայաստանի հետ կզարգանան նոր ձեւաչափով,
որն առավել բարենպաստ հնարավորություններ կստեղծի չլուծված պատմական խնդիրների հաղթահարման
համար: – Եթե հետեւենք միջազգային մամուլի հրապարակումներին, տպավորություն
է ստեղծվում, որ Վրաստանի եւ Ուկրաինայի իրադարձությունները դարձան այն «ջրբաժանը»,
որն ուժեղացրեց հակասությունները Ռուսաստանի եւ ԵԱՀԿ-ի միջեւ: – Ռուսաստանը
շատ կարեւոր դեր է խաղում Կովկասում եւ ակտիվորեն ներգրավված է վրաց-աբխազական, վրաց-օսական
եւ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունների կարգավորման գործընթացներում: Այդ պատճառով
ԵԱՀԿ սլովենական նախագահությունը անհրաժեշտ է համարում սերտ համագործակցել Մոսկվայի
հետ այս տարածաշրջանին վերաբերող հարցերում: – Դուք ներկայացնում եք մի երկիր,
որը հաջողությամբ հաղթահարել է անցումային շրջանը եւ այսօր հանդիսանում է ԵՄ եւ ՆԱՏՕ
անդամ: Հարավային Կովկասի երկրները սկսել են բարեփոխումներ անցկացնել 15 տարի առաջ,
սակայն դեռեւս շատ հեռու են «Նոր Եվրոպայից», չխոսելով Արեւմտյան Եվրոպայի զարգացած
ժողովրդավարությունների մասին: Ո՞րն է սրա հիմնական պատճառը: – Երեք երկրների
միջեւ կան էական տարբերություններ, սակայն ես կարող եմ ասել, որ մենք աջակցում ենք
Հարավային Կովկասի երկրների՝ ժողովրդավարական բարեփոխումների օգտին արված ռազմավարական
ընտրությանը: Մենք ուշադիր հետեւում ենք օրենսդրական ոլորտում ձեռնարկվող ջանքերին,
որոնք դինամիկ զարգացման հիմք են հանդիսանում: Սակայն նոր օրենքների կատարումը նույնչափ
կարեւոր է, եւ այստեղ կարելի է հասնել իրավիճակի բարելավման: Հարավային Կովկասում
չի լինի իրական բարեկեցություն, մինչեւ չկարգավորվեն հակամարտությունները: Քանի դեռ
այդ հակամարտությունները լուծված չեն, տարածաշրջանում չեն վերականգնվի ավանդական
տնտեսական կապերը, իսկ արտասահմանյան ներդրումների ներգրավումը կշարունակի դժվարին
խնդիր մնալ: Չի լուծվի նաեւ փախստականների խնդիրը, իսկ մենք գիտենք, թե դա ինչպիսի
ծանր բեռ է տարածաշրջանի տնտեսությունների համար: ՄԵԴԻԱՄԱՔՍ
գործակալություն՝ հատուկ ԱՌԱՎՈՏԻ համար

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել