Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՕՐԵՆՔԻՆ ՀԱԿԱՌԱԿ

Մարտ 30,2005 00:00

Անտեսելով
օրենքի պահանջները, դատարանի որոշումները եւ նույնիսկ ՀՀ նախագահի հորդորը, Երեւանի
քաղաքապետարանը շարունակում է թաքցնել իր որոշումները: Քաղաքապետարանից
ամենաշատն են բողոքում, որ դիմումներին պատասխան չի տրվում, խախտվում են հրապարակայնության
ապահովման մասին հնարավոր բոլոր օրենքները, անգամ դատարանի վճիռները: Եթե Հայաստանում
օրենքներ խախտելը նույնիսկ պոպուլյար վարքագիծ է, ապա հանրապետության նախագահի հանձնարարականները
կատարելը մեր բարձրաստիճան պաշտոնյաների համար սուրբ գործի պես մի բան է: Քաղաքապետարանի
համար նույնիսկ Ռոբերտ Քոչարյանի ասածն օրենք չէ: Դեռեւս հունվարին հանրապետության
նախագահը խորհրդակցությունից հետո իր դժգոհությունը հայտնեց այս գերատեսչության գործունեության
թափանցիկության վերաբերյալ: Եվ հորդորեց չթաքցնել որոշումները, բաց աշխատել, առանց
պատասխանի ակնկալիքի հարց ուղղելով՝ թե ձեզանից ի՞նչ է գնում: Բայց քաղաքապետարանը
այս առումով, միեւնույն է, աշխատում է ոչ թե ժողովրդավարության չափանիշներին ընդառաջ,
այլ՝ իր ավանդույթներին համապատասխան: Ընդամենը մեկ կոնկրետ օրինակով կարելի
է այս գերատեսչության գործունեության թափանցիկության վերաբերյալ բոլոր նշված խախտումները
գտնել: Քաղաքապետարանի վարչություններից մեկը, որ զբաղվում է ապօրինի շինությունների
եւ ինքնակամ զբաղեցված հողամասերի օրինականացման խնդիրներով, մարդկանց շրջանում առանձնապես
վստահություն ու հարգանք չի վայելում: Եվ արտառոց ոչինչ չկա, որ «Եվրոլուրեր» քիչ
հայտնի լրատվամիջոցներից մեկը հետաքրքրվել է այս հանձնաժողովի գործունեությամբ, քաղաքապետին
գրավոր դիմելով հավատարմագրման խնդրանքով: Դիմումին որեւէ ձեւով չեն պատասխանել:
Իսկ գործակալությունը միանգամայն հրապարակային տեղեկատվությամբ է հետաքրքրված եղել.
հանձնաժողովի կանոնադրությամբ, գործունեության մասին տվյալներով: Այնուհետեւ իրադարձությունների
կարճ բովանդակությունը հետեւյալն է. մեկ ամսից լրատվական գործակալությունը դարձյալ
դիմել է քաղաքապետին՝ խնդրելով կարգադրել իր դիմումին պատասխան տալ: Հետո դատարան
է դիմել, դատարանը քաղաքապետարանին պարտավորեցրել է հնգօրյա ժամկետում հավատարմագրել
լրագրողին: Դարձյալ անօգուտ: Հարուցվել է կատարողական վարույթ՝ հարկադիր միջոցներով
հավատարմագրելու մասին: Նույնպես՝ ապարդյուն: Այս ընթացքում գործակալությունը շարունակել
է նույն խնդրանքով դիմել քաղաքապետին, դատարանի վճիռը կատարելու մասին դիմումներ
հղել: Այս մասին դիմումներ են ուղղվել նաեւ վարչապետին, արդարադատության նախարարին:
Իսկ գլխավոր դատախազին գործակալությունը դիմել է քրեական գործ հարուցելու խնդրանքով,
քանի որ դատարանի օրինական ուժի մեջ մտած վճռի չկատարումը քրեական պատասխանատվություն
է ենթադրում (Քրեական օրենսգրքի 353-րդ հոդված): Բնականաբար, լրագրողը դիմել է նաեւ
Ոստիկանություն՝ քրեական գործի հարուցման համար: Բաժնի պետ Հ. Թամամյանը գտել է,
որ հանցակազմ չկա եւ մերժել է գործի հարուցումը: Սակայն Քրեական եւ զինվորական գործերով
վերաքննիչ դատարանը միանգամայն այլ կարծիքի է՝ եւ կարծում է, որ քրեական գործ, այնուամենայնիվ,
պետք է հարուցվի: Եվ հիմա քաղաքապետարանը պետք է քրեական գործի շրջանակներում պատասխանի,
թե ինչու չի կատարում դատարանի վճիռները: Ավելորդ է նշել, որ բոլոր փաստաթղթերը խմբագրությունում
են: Երեկ, մինչ նյութը պատրաստվում էր տպագրության, խմբագրությունը քաղաքապետարանի
դեմ ստացավ եւս երկու բողոք, որոնցից մեկը՝ դարձյալ դատարանի վճռի չկատարման մասին:
Սակայն բողոքի ուսումնասիրության ընթացքում ուշագրավ հանգամանքներ ի հայտ եկան, որոնց
կանդրադառնանք օրերս: ԼԻԼԻԹ ԳԵՎՈՐԳՅԱՆՀ.
Գ. Իմիջիայլոց, հենց երեկ երկու գործընկերներս իրենց նյութերի վերաբերյալ պարզաբանումներ
ստանալու համար աշխատանքային օրվա տարբեր ժամերի քաղաքապետարանի 4-5 հեռախոսահամարներով
բազմիցս պարզաբանումներ ստանալու ապարդյուն փորձեր էին անում: Հեռախոսներին արձագանքող
չկար: Քաղաքապետարանի մի շարք պատասխանատուներ անգամ բջջային հեռախոսներին չեն պատասխանում:
Այս նյութի վերաբերյալ եւս նույն պատճառով մեկնաբանություններ ստանալ չհաջողվեց:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել