ՇՈՒՐՋՊԱՐԸ՝ ԸՍՏ ՊԱՐՈՂՆԵՐԻ ԵՎ ՉՊԱՐՈՂՆԵՐԻ Նիգ-Ապարան հայրենակցական միության մայիսի 28-ին կազմակերպելիք շուրջպարը՝ Արագած լեռան շուրջ, տարաբնույթ մեկնաբանությունների տեղիք է տվել։ Մշակույթի գործիչներից ոմանք հիացած են նախաձեռնության հեղինակների երեւակայությամբ, մյուսները կարծում են, որ դեռեւս պատրաստ չենք համազգային շուրջպարի: Հիշեցնենք, որ շուրջպարն ունենալու է 164 կմ երկարություն, մասնակցելու է 60000 մարդ: Երվանդ Ղազանչյան, Թատերական գործիչների միության նախագահ- Չգիտեմ, էլ, թե շուրջպարն ո՞ւմ մտահղացումն է…կարծում եմ՝ խելոք բան են մտածել: Ենթագիտակցորեն զգում եմ, որ շատ լավ բան է լինելու: Թեեւ պարել չգիտեմ, բայց կգնամ-կմիանամ պարողներին, մեր թատրոնում էլ կոչ կանեմ, որ անպայման մասնակցեն: Շուրջպարը լավ առիթ է, որ մարդիկ մոտենան իրար, միգուցե մի օր էլ ուրիշ տեղ էդպես պարեն: Ռուբեն Ալթունյան, կոմպոզիտոր- Ես դեմ եմ այդ միջոցառմանը, որովհետեւ երեւույթը նույնիսկ քաղաքական է եւ արձագանքն անպայման Թուրքիայում ունենալու է: Ծախսերը, որ արվում են այդ նպատակով, կարելի էր բաժանել ժողովրդին, այն մարդկանց, ովքեր հաց են հավաքում աղբամաններից: Շուրջպարի գաղափարը, իհարկե, լավն է, բայց այսօր դրա ժամանակը չէ: Վիգեն Ստեփանյան, «Մետրո» թատրոնի տնօրեն- Ես պարել եմ «Հայաստան» հիմնադրամի մարաթոններից մեկի ժամանակ, այնպես որ, նման փորձ ունեմ (ժպտում է-Գ.Հ.): Կարծում եմ, որ այս շուրջպարն էլ կարեւոր նշանակություն կունենա: Մեր թատրոնի երիտասարդներին անպայման կոչ կանեմ միանալու ակցիային: Նիկա Բաբայան, պրոդյուսեր- Ես պարային որեւէ միջոցառման դեմ ոչինչ չունեմ, պարզապես ինձ խորթ են պիոներական միջոցառումներն ու համերգները, որոնք այնպես են կազմակերպված, որ ասես աջաբսանդալ լինեն: Չգիտեմ՝ ուրիշներն ինչ են մտածում, ինձ համար անընդունելի են նմանօրինակ մեծամասշտաբ միջոցառումները: Աշոտ Տիգրանյան, Թաթուլ Ալթունյանի անվան երգի-պարի անսամբլի տնօրեն- Վանուշ Խանամիրյանը մեր անսամբլի գլխավոր կոնսուլտանտն է, ինքն առաջարկեց միանալ շուրջպարին, մենք էլ սիրով համաձայնեցինք: Դեռ չգիտենք՝ ինչ ենք պարելու, բայց հագնելու ենք ազգային տարազ: Տեղյակ եմ, որ 60000 մարդ է մասնակցելու շուրջպարին, այդ թվում՝ բազմաթիվ պարային կոլեկտիվներ: Ի դեպ, մեր երգչախումբն ու նվագախումբը եւս պատրաստակամ են մասնակցել միջոցառմանը: Գեւորգ Գեւորգյան, «Հայֆիլմ» կինոստուդիայի տնօրեն- Ես գաղափար անգամ չունեմ այդ շուրջպարի մասին, ընդամենը օդից որոշ բաներ եմ լսել: Չեմ էլ պատկերացնում, թե էդ 60000-ը ինչպես պիտի իրար ձեռք բռնեն ու պարեն: Ախր 100 մետր այն կողմ իրար չեն տեսնելու, երեւի քաոսային վիճակ է ստեղծվելու: Մեզ ոչ ոք ոչինչ չի ասել, չի հրավիրել, չգիտեմ էլ մասնակցության կարգն ինչպես է՝ ամեն ցանկացող կարո՞ղ է պարել, թե ոչ: Նման միջոցառումները պիտի բեմադրվեն, պիտի լավ կազմակերպվեն: Անչափ հարգում եմ Վանուշ Խանամիրյանին՝ մեր վարպետն է, բայց ինքը հո ռեժիսոր չէ, այդ ամենը ինչպե՞ս է կազմակերպելու: Գուցե էդ շուրջպարը հրաշք է, ե՞ս չեմ հասկանում: Լեւոն Անանյան, Հայաստանի գրողների միության նախագահ- Մի հայրենակցական միության (Նոյեմբերյան) նախագահ էլ ես եմ, եւ հասկանում եմ, թե ինչքան դժվար է միությունների համար զուտ ներքին ռեսուրսների հաշվին ինչ-որ բան անելը: Ողջունում եմ ամեն նախաձեռնություն, որը հայտ է տվյալ հայրենակցական միության գոյության համար: Այս նախաձեռնությունն էլ ողջունելի է, պարզապես այնքա՜ն մեծ է շրջագիծը, որ Նիգ-Ապարանը վերցրել է…Այդքան միջոցները, ջանքերն ու ճիգերը կարելի էր ոչ նման գլոբալ միջոցառման ծառայեցնել… բայց որ ձեռնարկել են, պիտի խրախուսել: Ի վերջո, դա ավելի լավ է, քան համատարած ոչինչ չանելը: ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ