Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Կոալիցիայի տարբերակը չներկայացվեց

Մարտ 29,2005 00:00

ԱԺ
Եվրոպական ինտեգրման հանձնաժողովը երեկ հազիվհազ կարողացավ ապահովել քվորում եւ
նիստ անցկացնել: Նիստի ընթացքում քննարկվեց «Սահմանադրական փոփոխությունների
դատական համակարգ» գլուխը։ Կոալիցիայի տարբերակը պետք է ներկայացներ ՀՀԿ խմբակցության
անդամ Արմեն Դանիելյանը, որը այդպես էլ չներկայացավ հանձնաժողովի նիստին, եւ որի
բացակայության պատճառը հայտնի չէ նույնիսկ հանձնաժողովի նախագահ Տիգրան Թորոսյանին։
ԱԺ փոխնախագահ Տիգրան Թորոսյանը, ներկայացնելով Սահմանադրության քննարկվելիք
գլուխը, ասաց, որ այն պետք է իրականացնի իշխանության տարբեր թեւերի միջեւ հակակշիռների
եւ զսպումների համակարգի ամրագրումը։ Արշակ Սադոյանը, քննադատելով կոալիցիայի պահվածքը
(նկատի ունենալով վերջինիս ներկայացուցչի բացակայությունը), ասաց, որ սա ցույց է
տալիս կոալիցիայի վերաբերմունքը սահմանադրական փոփոխություններին. «Կոալիցիան մատների
արանքով է նայում այս գործընթացին»։ Փաստորեն, երեկ քննարկվեցին ՄԱԿ-ի եւ Արշակ Սադոյանի
ներկայացրած տարբերակները։ ՄԱԿ-ը առաջարկում էր որոշակիորեն ընդլայնել ՍԴ-ի լիազորությունները,
ինչպես նաեւ ավելի հեշտացնել ՍԴ դիմելու կարգը։ Արշակ Սադոյանը այն կարծիքին է, որ
ՍԴ-ն՝ հաշվի առնելով ժողովրդի կամքը, պետք է իրավունք ունենա անմիջապես հանրաքվե
անցկացնել։ Արդարադատության խորհրդի ձեւավորման հարցում ՄԱԿ-ը եւ Արշակ Սադոյանը
լուրջ տարակարծություններ ունեին։ ՄԱԿ-ը առաջարկում էր խորհրդի 12 հոգանոց կազմ,
որոնցից 6-ը պետք է ընտրվեին դատարանների ընդհանուր խորհրդի կողմից, 4-ին նշանակելու
է խորհրդարանը, իսկ 2-ը՝ արդարադատության նախարարը եւ գլխավոր դատախազը, խորհրդի
կազմում պետք է լինեն ի պաշտոնե։ Վերջին երկուսի հարցում Վենետիկի հանձնաժողովը դրական
եզրակացություն չէր տվել։ Արշակ Սադոյանը եւս 12 հոգուց բաղկացած խորհուրդ
էր առաջարկում, որի կազմում պետք է ընդգրկված լինեն դատավորներ, որոնց պետք է նշանակի
խորհրդարանը։ Պրն Սադոյանն այն կարծիքին է, որ գործող իշխանությունը խորհրդի կազմի
ձեւավորման գործում մասնակցություն չպետք է ունենա։ Մ. Ե.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել