Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՎԱՃԱՌՎՈՒՄ Է ԲԺՇԿԱԿԱՆԻ ԴԻՊԼՈՄ

Մարտ 29,2005 00:00

Մեր
տեղեկություններով, վերջերս Սիրիայի մամուլը մի քանի անգամ անդրադարձել է Հայաստանում
գործող ոչ պետական բժշկական բուհերի գործունեությանը, կրթական որակին եւ հրապարակել
փաստեր այն մասին, որ այդ բուհերը դիպլոմների վաճառքով են զբաղված: Սիրիական
մամուլի հրապարակումները հայտնի էին մեր հարցմանը ենթարկված մասնավոր բուհերից մեծ
մասին: Սակայն նրանց մեծ մասը խուսափում է անուններ տալ: Մենք ունենք խմբագրությանը
հասցեագրված մի պաշտոնական գրություն՝ Հավատարմագրված բուհերի միության կողմից, որտեղ,
ի թիվս այլ մտահոգությունների, նշվում է նաեւ հետեւյալը. «Դատարանների վճռով 2 տասնյակ
բուհեր են հավատարմագրվել եւ այս քանակի բուհերի դիպլոմների բաշխման վերահսկման խնդիրն
է՛լ ավելի է դժվարացել: Մենք համոզված ենք, որ ցանկության դեպքում հեշտությամբ կարելի
է կարգավորել այս դաշտը եւ ձերբազատվել կրթության ոլորտի վաշխառուներից, որոնք մեզանում
անպատիժ գործելուց հետո իրենց «բիզնեսը» արդեն տեղափոխել են միջազգային ասպարեզ՝
վարկաբեկելով տասնամյակների ընթացքում բարի համբավ վաստակած մեր ազգային կրթությունը»:
Նամակի հեղինակները խուսափում են կոնկրետ անուններ նշել, սակայն նրանք մեզ հետ զրույցում
ակնարկում էին նորից Սիրիայի մամուլում հրապարակված նյութերը: Մենք այս մասին պարզաբանում
խնդրեցինք նաեւ Հայաստանում Սիրիայի դեսպանատնից: Դեսպանի օգնականը մեզ փոխանցեց
արդեն նախկին դեսպանի պատասխանը, թե իրենք տեղյակ չեն նման հրապարակումից: Մեր տեղեկություններով,
Սիրիան սկսել է լրջորեն զբաղվել այս գործով, քանի որ այն նաեւ երկրի անվտանգությանն
է առնչվում. չէ՞ որ ուսուցանվողը բժշկություն է (ճիշտ է՝ շառից հեռու մնալու համար
«աշխատում» են հիմնականում դեղագործական ֆակուլտետի վրա): Առաջիկայում հնարավոր է
Սիրիայի կրթության ոլորտի պատասխանատուների այցը՝ Հայաստան՝ որոշակի ուսումնասիրությունների
առիթով: ԿԳ նախարարը եւս հայտնեց իր անտեղյակությունը, թեեւ հավաստի աղբյուրներից
տեղեկացանք, որ նախարարի հետ քննարկվել է այդ հարցը, ինչն էլ որոշ ոչ պետական բուհերում
ստուգումներ սկսելու առիթ է հանդիսացել: ԿԳ նախարար Սերգո Երիցյանը հաստատեց մեր
տեղեկությունը ստուգումների մասին՝ ասելով, որ իրենք սկսել են ուսումնասիրությունները,
ստացել են արտասահմանցի ուսանողների ցուցակները, արդեն բուհերում բավական թվով ուսանողների
կրճատումներ են արվել, իսկ բողոքներ՝ բուհերի կրթական որակի մասին, նախարարին հայտնի
չէին: Ըստ նրա, ուսումնասիրությունների առիթ եղել է միայն արտասահմանցիների՝ չափազանց
մեծ թիվը: Իսկ մեկ ամսից ուսումնասիրությունների արդյունքերը նախարարը խոստացավ կիսել
նաեւ մեզ հետ: Մինչ մեր ձեռքի տակ կհայտնվեն փաստացի ապացույցներ, այդ բուհերում
որոշակի ուսումնասիրություններ սկսեցինք մենք՝ իբրեւ որակի չափորոշիչ ընտրելով ուսուցման
լեզվի իմացությունը: Եվ սկսեցինք «Հայբուսակից», որովհետեւ այստեղ արաբ ուսանողների
թիվն ամենամեծն է: Բուհի ռեկտոր Անահիտ Հարությունյանը տեղյակ էր Սիրիայի մամուլի
հրապարակումներին՝ կապված բժշկական ոչ պետական բուհերում դիպլոմների վաճառքի հետ,
սակայն կտրականապես հերքեց, որ իր բուհի անունը կարող է եղած լինել հոդվածաշարերում:
Նա համոզված մատնանշեց մեկ այլ բուհի անուն, ինչը մենք դեռեւս ձեռնպահ ենք մնում
հրապարակել: Այս բուհում ուսուցման լեզու կարող է լինել կամ անգլերենը, կամ
ռուսերենը: Մեր հավաստի տվյալներով, արտասահմանցի ուսանողների թիվն այստեղ մինչեւ
վերջերս հասել է 2000-ի, իսկ ռեկտորի տվյալներով՝ 1300-ի, սակայն վերջին ամիսներին
թիվը կրճատվել է 300-ով, ըստ ռեկտորի՝ «չսովորելու եւ չհաճախելու համար: Որովհետեւ
շատերին թվում է, թե իրենք եկել են ժամանակ անցկացնելու, ման գալու: Երիտասարդների
մեծ մասը լավ չի պատկերացրել: Ու շատ անակնկալի եկան, որ հեռացրինք, կարծես ինչ-որ
մեկն էր մեղավոր, ոչ թե իրենք: Ընդհանրապես արտասահմանցի ուսանողների 5-7 տոկոսը
անընդհատ փնտրտուքի մեջ է»: Թե ով է մեղավոր թյուրիմացությունների համար, փորձեցինք
ճշտել հենց ուսանողներից: Միդիանը սովորում է բուժական ֆակուլտետի 2-րդ կուրսում:
Որոշել է գալ Հայաստան, որովհետեւ «մեզ մոտ շատ դժվար է սովորել բժշկական համալսարանում,
շատ խիստ է»: Նա խոսում է հայերեն, սակայն սովորում է անգլերենով, թեպետ «այստեղ
շատ լավ չգիտեն անգլերեն, եւ ես գրավոր եմ հանձնում քննություններս, հարցեր չեն տալիս»:
Մեդիանին, ինչպես եւ բոլոր սիրիացիներին, ովքեր ցանկանում են սովորել արտասահմանում,
այստեղ են ուղղորդել բրոքերները: Սիրիայում կան գրասենյակներ, ովքեր զբաղվում են
այդ գործով: «Այնտեղ ասում են՝ կա պետական բժշկական համալսարան եւ «Հայբուսակ» համալսարան:
Երբ հարցնում ես՝ որն է լավը, ասում են՝ նույնն է, միայն թե այնտեղ (պետականում-Հ.
Բ.) պետք է անպայման գնաս դասի, իսկ այստեղ՝ («Հայբուսակում»- Հ. Բ.) ոչինչ, եթե
մի բան կլինի ու չես գա: Երբ ուզենք՝ կգանք»: Եզամը սովորում է «Հայբուսակի»
3-րդ կուրսում, թեպետ բացի իր մայրենի լեզվից, ոչ մի ուրիշ լեզվի չի տիրապետում:
Ընկերների թարգմանությամբ հասկացանք, որ նա 2 տարի Սիրիայում սովորելուց հետո եկել
է «Հայբուսակ» ու միանգամից նստել 3-րդ կուրս՝ տարի չկորցնելու համար: Նա ասում է,
որ բժշկությունն ուսումնասիրում է Սիրիայից բերած արաբերեն դասագրքերով: Սալանը
եկել է Մոլդովայից, որովհետեւ «Մոլդովայում արաբներին չէին սիրում, այստեղ ավելի
հանգիստ է»: Մեկ ուրիշն ասում է. «Երբ եկանք, մեզ ասացին, որ ծրագիրն այնպես
է, որ նախապատրաստական եւ 1-ին կուրսը պետք է համատեղեն, եւ մենք նստեցինք փաստորեն
1-ին կուրս՝ չիմանալով ռուսերեն ոչ մի բառ: Նրանք ասացին, որ լեզվի չիմացությունը
ձեր պրոբլեմը չէ: 1-ին կիսամյակում ոչինչ չանցանք՝ բացի ռուսերենից, մյուս կիսամյակում՝
քիմիա եւ էլի մի քանի առարկա: Հիմա մեր կուրսում շատերը չեն տիրապետում ռուսերենին:
Երբ եկանք, մենք չգիտեինք՝ սա պետակա՞ն բուհ է, թե՞ մասնավոր: Գրասենյակում
ասում են՝ պետական նմուշի դիպլոմ են տալիս եւ ոչինչ ավելին»: Ի դեպ, գրասենյակներում
բրոքերների հետ պայմանավորվածությունները բանավոր են, եւ նրանք որեւէ պատասխանատվություն
չեն կրում կրթության որակի հարցում: Նրանք, այսպես ասած, միայն իրենց փողի տերն են:
«Եթե իրենք ասում են, որ տիրապետում են լեզվին, մենք քննություն չենք վերցնում,
եթե նա բերում է 2-րդ կուրս ավարտածի փաստաթղթեր, իրավունք չունես դրանից ցածր կուրսում
տեղավորել: Մնում է ուսուցման լեզվի հետ կապված հարցը, եւ փորձնական նստեցնում ենք,
եթե քննությունները հանձնեց՝ ուրեմն լեզվի խնդիր չկա, եթե չհանձնի՝ մնում է նույն
կուրսում եւ զուգահեռ լեզու է սովորում»,- պարզաբանում է Անահիտ Հարությունյանը:
Այսինքն՝ փոխանակ սկզբում գոնե միայն լեզվի իմացությունը ստուգելու, բուհը համաձայնում
է ուսանողին ընդունել. եթե դասերը չի էլ հասցնի, հոգ չէ, փոխարենը վարձը կմուծի:
Ինչ վերաբերում է անգլերենով քննություն վերցնելուն. «Մենք անգլերենով քննություն
վերցնելու համար մարդիկ ենք ճարում, բերում գիտահետազոտական ինստիտուտից, իհարկե
մեր դասախոսների մեջ էլ կան 2-3 հոգի»: Ի դեպ, գործից անտեղյակ մարդն էլ կհասկանա,
որ 2-3 հոգին չափազանց քիչ են, որպեսզի 20-25 եւ ավելի առարկա դասավանդեն: Տիկին
Հարությունյանը տեղեկություն ուներ, որ իրենց հեռացրած ուսանողներից շատերը, մոտ
50 մարդ, արդեն պայմանավորվել են՝ եւ պետական, եւ ոչ պետական բուհերում ուսումը շարունակելու
համար: Երեւանի բժշկական համալսարանի՝ արտասահմանցի ուսանողների դեկան Սամվել
Ավետիսյանից տեղեկացանք, սակայն, որ իրենք երբեք ոչ պետական բուհից ուսանող չեն ընդունել:
«Ամռանը 6-7 հոգի մեզ դիմել են այդ հարցով, առաջարկել ենք գալ եւ նստել 1-ին կուրսում,
եթե նրանք հանձնեն ֆիզիկա, քիմիա, կենսաբանություն եւ ռուսերեն: Նրանցից միայն մեկն
է ներկայացել քննության, այն էլ չի կարողացել հանձնել»: Մեր ուսումնասիրությունների
արդյունքները կշարունակենք ներկայացնել վաղը: ՀԱՍՄԻԿ ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել