Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Խաչիկյանը դեմ է սոցքարտերին

Մարտ 29,2005 00:00

Չնայած մի քանի ամիս առաջ քարոզում էր այն

Երեկ Սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի նախագահ Վազգեն Խաչիկյանը սենսացիոն հայտարարություններ արեց: Ընդ որում, պարոն Խաչիկյանը դա արեց պաշտոնավարության դեռ 100 օրը չբոլորած: Հիմնադրամի նախագահը, որը մինչեւ այս պաշտոնում նշանակվելը քարոզում էր սոցիալական քարտերի անհրաժեշտությունը եւ այդ գործընթացի կողմնակիցն էր, երեկվա իր ասուլիսում հայտարարեց. «Ես, որպես ՀՀ քաղաքացի, այսօր քարտի անհրաժեշտությունը եւ կարիքը չեմ զգում: Այն ժամանակ, երբ մենք օրենքն ընդունում էինք, նկատի ունեինք միջազգային փորձը, որտեղ սոցքարտը ծառայում է քաղաքացուն, այլ ոչ թե հակառակը»: Պարոն Խաչիկյանը, որն, ըստ էության, մի կառավարության անդամն է, որը սոցքարտերի ներդրման իմպերատիվ (պարտադիր) քաղաքականություն է իրականացնում, այժմ գտնում է, որ սոցքարտերի ներդրումն ամենեւին էլ նպատակահարմար չէ: Ավելին, նա գտնում է, որ սոցքարտերը շմոլ գազի նման մի բան են. «Այն չունի գույն, չունի հոտ, բայց դրա ազդեցությունը կործանարար է լինում մարդկանց համար»: Վազգեն Խաչիկյանը պարզաբանեց. «Քարտի ընտրությունը քարոզելիս՝ հասկացել եմ բոլորովին էլ ոչ այս համակարգը, այլ՝ միջազգային փորձը: Դրա մեջ ոչ մի անհարմար բան չկա, եթե սխալ ենք կիրառում, պետք է ընդունենք այն ու ետ կանգնենք այդ ճանապարհից»:

Իսկ հիմնադրամի նախագահն անկեղծացավ հետեւյալ հարցին ի պատասխան. սոցիալական քարտի առկայության պայմաններում տեղեկանք պահանջելն ի՞նչ բացատրություն ունի, մանավանդ, որ մեր պետական այրերը պնդում էին, որ դա ծառայելու է երբեմն անձնագրերի ու ընդհանրապես մի շարք փաստաթղթերի փոխարեն: Նա շեշտեց, որ քարտի մշակման եւ կիրառման գործընթացն առայժմ կապված չէ հիմնադրամի հետ. «Ես կարող եմ վկայակոչել միջազգային փորձը: Քարտի կիրառման այս համակարգը գործում է միայն Ուկրաինայում, այն էլ ներդրվել է կրկին նույն կազմակերպության միջոցներով: ԱՄՆ-ի պես երկիրը 1991-ից առ այսօր այդ խնդիրը չի լուծել, իսկ Գերմանիայում եւ Ֆրանսիայում համակարգը հաջողությամբ գործում է, բայց՝ որպես էլեկտրոնային դրամապանակ՝ դժբախտ պատահարների, ապահովագրական ռիսկ առաջանալու դեպքերում»:

Սոցիալական քարտ չունենալը նաեւ խոչընդոտում է թոշակառուներին ստանալ իրենց հասանելիք կենսաթոշակը, ինչը, պրն Խաչիկյանի խոսքերով, սահմանադրական իրավունքի խախտում է: Մայրաքաղաքում, մարտի 23-ի դրությամբ, սոցիալական քարտ չունի մոտ 11 հազար թոշակառու: Նրանցից 2780-ը կենսաթոշակ չի ստացել հին անձնագրեր ունենալու պատճառով, մոտ 3800-ն ընդհանրապես չի դիմել, իսկ 535-ն էլ բացակայում է՝ կա՛մ հասցեն է փոխվել, կա՛մ մահացել: Իսկ մոտ 1500 թոշակառու կտրականապես հրաժարվել է քարտից: «Բայց ես, որպես պետական հիմնադրամի նախագահ, իրավունք չունեմ կատարել այնպիսի գործողություններ, որոնք օրենքով նախատեսված չեն: Եվ քանի դեռ Հայաստանում ներդրված չէ կենսաթոշակային ռեալ ապահովագրության համակարգը, հնարավոր չէ միայն ադմինիստրատիվ ճանապարհով լուծել այս խնդիրները: Իմ խնդիրն է այստեղ նորմալ աշխատել եւ նորմալ հիմքեր ստեղծել: Ես Լյուդովիկոս 14-ը չեմ, որ ասեմ՝ ինձնից հետո՝ թեկուզ ջրհեղեղ, պարզապես մի քաղաքացի եմ, որն ուզում է իրեն վստահված գործը ճիշտ կատարել»,- նշեց Վ. Խաչիկյանը:

Հիմնադրամի նախագահը երեկ ասուլիս էր հրավիրել ՌԴ եւ ՀՀ ապահովագրության համակարգի օրենսդրությունների ներդաշնակեցման ուղղությամբ կատարված քայլերի առիթով: Հայաստանի շատ քաղաքացիներ, որոնք ժամանակավորապես ապրում են Ռուսաստանում, աշխատում եւ այնտեղ վճարում են միասնական սոցիալական ապահովության հարկ, հետագայում վերադառնում են հայրենիք ու, չնայած բոլոր վճարումներին, չեն կարողանում իրենց կողմից այնտեղ կատարած կուտակային եւ ապահովագրական վճարումների հաշվից համապատասխան աշխատանքային կենսաթոշակ ստանալ:

Ի տարբերություն հարկերի, սոցիալական ապահովագրության վճարը վերադարձվող գումար է կամ պետք է լինի այդպիսին: ՀՀ-ում այն դիտվում է որպես հարկ ու չի վերադարձվում՝ ի տարբերություն Ռուսաստանի: Պարոն Խաչիկյանն իր ռուս գործընկերների հետ քննարկել է այս խնդիրները եւ ձեռք բերել պայմանավորվածություն՝ այս տարի երկու կողմերի միջեւ ստորագրելու շրջանակային պայմանագիր, որը հնարավորություն կտա բացառել կենսաթոշակների կրկնակի վճարումը:

ՀՌԻՓՍԻՄԵ ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել