Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՀԱՋՈՐԴԸ ՄԵ՞ՆՔ ԵՆՔ, ԹԵ՞ ԱԴՐԲԵՋԱՆԸ

Մարտ 29,2005 00:00

«Հանրապետություն» կուսակցության առաջնորդի կարծիքով, եթե իշխանափոխությունը Ադրբեջանում տեղի ունենա ավելի շուտ, քան Հայաստանում, դա վտանգավոր կլինի Ղարաբաղի համար:

Մինչեւ 2005թ. մարտի 24-ը որեւէ քաղաքագետի կամ փորձագետի մտքով դժվար թե անցներ, որ ԵԽ-ին չանդամակցող եւ միջազգային հանրության առաջ առանձին պարտավորություններ չստանձնած Ղրղըզստանը հայտնվելու է հետխորհրդային այն հանրապետությունների շարքում, որոնք միայն վերջին 1-2 տարում դեպի ժողովրդավարություն կարեւոր քայլ կատարեցին: Ու հերթական անգամ հայ հասարակությունն ինքն իրեն սկսեց հարցնել՝ լավ, բա մենք իսկի ղրղըզների չափ չկա՞նք: Կանք, պարզապես այդ երկրում եւ Հայաստանում ստեղծված իրավիճակներն են տարբեր: Այսպիսի կարծիք հայտնեց մասնավորապես «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը: Նա շնորհավորեց ղրղըզ ժողովրդին՝ հանուն ժողովրդավարության տարած հաղթանակի համար, ապա հավելեց. «Ղրղըզստանում իշխանափոխության հիմքում արտաքին քաղաքականության ուղղվածության հարց չկար. եւ հեղափոխությունն իրականացվեց առանց դրսի լուրջ աջակցության: Այնտեղ խնդիրը զուտ սոցիալական էր, եւ այդ երկրի ժողովուրդը ոտքի կանգնեց, այդ հարցը լուծեց: Այլ է Հայաստանում, որտեղ կան բազմաթիվ հիմնախնդիրներ, այդ թվում՝ ԼՂ հակամարտությունը, որի պատճառով ՀՀ-ում արդեն մեկ անգամ արտահերթ իշխանափոխություն է եղել: ՀՀ-ում եղել են «Հոկտեմբերի 27», չբացահայտված այլ սպանությունների եւ դատավարությունների շարք, որոնց առնչությամբ հասարակության մեծ մասը իր հստակ եւ հայտնի դիրքորոշումն ունի: Հայաստանում իշխանության կոռումպացվածությունն ու տնտեսության կլանայնությունը ահռելի չափերի են հասնում: Հստակ է, որ այս ամենը իշխանություններին թույլ չի տալիս այլ կերպ վարվել, քան՝ ամուր կառչել աթոռից, որովհետեւ նրանք գիտակցում են պատասխանատվության այն վտանգը, որն իրենց սպառնում է իշխանափոխությունից հետո, եւ ավելի կոշտ են գործում: Բայց ես վստահ եմ, որ Հայաստանում էլ իշխանափոխություն տեղի է ունենալու եւ շուտով»:

Արեւմուտքը հիմա լրջորեն զբաղված է նախկին խորհրդային երկրների ժողովրդավարացման խնդրով եւ անգամ անթաքույց հայտարարում է այդ երկրների ժողովրդավարական ուժերին որոշակի բարոյական, տեխնոլոգիական աջակցություն ցուցաբերելու մասին: Այս առնչությամբ Ա. Սարգսյանը հիշեցրեց, որ ԽՍՀՄ փլուզումից հետո նախկին խորհրդային պետություններն անկախանալով հանդերձ՝ անցած 13-14 տարիների ընթացքում մնացել էին ՌԴ-ից կախված. «Ու մինչ Արեւմուտքն այդ երկրներին առաջարկում էր ժողովրդավարական համակարգ կառուցել, հարգել մարդու իրավունքները, ՌԴ-ն ասում էր՝ ուզում եք, թե չէ՝ հայտնվելու է մի Յարով, որը հայտարարելու է, թե ձեր երկրներում ընտրություններն անցել են ժողովրդավարական սկզբունքներին համապատասխան, որովհետեւ մենք ուզում ենք, որ ձեր երկիրը կառավարի, ասենք՝ Յանուկովիչը կամ՝ Քոչարյանը: Պարզ էր, որ այդ մոտեցումը տապալվելու էր»:

Այլեւս օրինաչափություն է, որ ԱՊՀ տարածքում իշխանափոխությունները պայմանավորվում են այդ երկրներում տեղի ունեցող ընտրություններով: Հաջորդ այդպիսի ընտրությունները սպասվում են Ադրբեջանում: «Ես համոզված եմ, որ Հայաստանում իշխանափոխությունը Ադրբեջանից շուտ է լինելու, որովհետեւ Հայաստանն անկանխատեսելի երկիր է դարձել, եւ այստեղ իշխանափոխության համար պարտադիր չէ, որ ընտրություններ լինեն»,- ասաց Ա. Սարգսյանը՝ թվարկելով հնարավոր այլ պատճառներ. «Ես չեմ կարող ասել, թե ինչ լուծում կստանա ԱՄՆ-ում ՀՀ քաղաքացու կողմից զենքի առեւտրի ձախողված փորձը կամ էլ Իսրայելի փակված բանկի հետ կապված պատմությունը: ԶԼՄ-ները հայտարարում են, որ այնտեղ փողեր է լվացել նաեւ ԱՊՀ երկրներից մեկի գործող նախագահը: Ո՞վ կարող է լինել այդ նախագահը: Ես կարծում եմ, որ դժվար թե դա վերաբերի իսլամական երկրների նախագահներից որեւէ մեկին: Նրանք դժվար թե Իսրայելի բանկում փողեր պահեին: Սահակաշվիլուն, Յուշչենկոյին էլ եթե բացառենք՝ տակը քիչ մարդ է մնում: Աստված գիտի, թե դա ով է եւ ինչ արդյունքի կհանգեցնի: Կան այլ մեխանիզմներ, որոնք օգտագործվեցին Ուկրաինայում, եւ չի բացառվում, որ կիրառվեն նաեւ Հայաստանի դեպքում: Ուկրաինայում տեղական իշխանություններից պահանջեցին հրապարակել ընտրակեղծիքների հեղինակների ցուցակն ու պատժել նրանց: Նույնն էին պահանջել նաեւ մեր իշխանություններից 2003-ի նախագահական ընտրությունների առնչությամբ: Հիմա խոսակցություններ են շրջանառվում, թե Արեւմուտքը պատրաստվում է հրապարակել այդ ու նաեւ՝ ՀՀ ամենակոռումպացված չինովնիկների ցուցակները: Կան բազմաթիվ պատճառներ, որոնք կտանեն ժողովրդավարացման, որովհետեւ մեր երկրում առավել, քան որեւէ այլ ԱՊՀ երկրում, հասարակությունը դրան պատրաստ է: ՀՀ-ում այդ պրոցեսները կարող են հասունանալ ընդամենը 2-10 օրում, ընդամենը մի փոքր առիթ է հարկավոր: Հիմա, առավել եւս՝ Վրաստանից, Ուկրաինայից, Մոլդովայից եւ Ղրղըզստանից հետո, այլ իրավիճակ է, եւ դա գիտակցում են նաեւ իշխանությունները, կոալիցիայի անդամ կուսակցությունները»:

Եթե, այնուամենայնիվ, Ադրբեջանում իշխանափոխությունն ավելի շուտ լինի, քան Հայաստանում, Ա. Սարգսյանի դիտարկմամբ, դա միանշանակորեն վտանգավոր հետեւանքներ կունենա ՀՀ-ի եւ ԼՂՀ-ի համար: «Ես այդպիսի տեսակետ հայտնել եմ դեռեւս վրացական հեղափոխության առնչությամբ՝ ասելով, որ մեր բախտը բերեց, որ ժողովրդավարությունը հաղթանակել է Վրաստանում եւ ոչ թե Ադրբեջանում, որովհետեւ այդ դեպքում Ղարաբաղի հարցը միանշանակ կլուծվեր հօգուտ Ադրբեջանի»,- հայտարարեց «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Ա. Սարգսյանը:

ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել